ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնապես Հայաստանում նվազել են բեռնափոխադրումների ծավալները 27 տոկոսով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, երկաթուղային բեռնափոխադրումներն են բավականին նվազել՝ 25.5 տոկոսով: Նշված ժամանակահատվածում պակասել են նաեւ երկաթուղով ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալները` 19.9 տոկոսով: Ի դեպ, ավտոմոբիլային բեռնափոխադրումների ոլորտում է զգալի անկում գրանցվել՝ 35.8 տոկոսով:

 

Ավելին՝ ավտոտրանսպորտով բեռնափոխադրումների դեպքում արտահանումը նվազել է 31.6 տոկոսով, ներմուծումը` 27.1 տոկոսով, իսկ ավտոտրանսպորտով ներհանրապետական բեռնափոխադրումները նվազել են, այն էլ` 40.1 տոկոսով: Ի դեպ, հենց այս նվազման հաշվին է, որ ավտոտրանսպորտով ընդհանուր բեռնափոխադրումների ծավալը պակասել է: Օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն ընդհանուրի մեջ շատ փոքր թիվ է կազմում, բայց նույնիսկ այդ փոքր ծավալների դեպքում էլ անկում է արձանագրվել` արտահանման դեպքում` 63.6 տոկոս, իսկ ներմուծումը` 45.5 տոկոս:

Հատուկ ուշադրության են արժանի «մայրուղային խողովակաշարային» բեռնափոխադրումների ծավալները. այս դեպքում աճը կազմել է 6.3 տոկոս: Ավելին` բեռնափոխադրումների այս տեսակի դեպքում պաշտոնական վիճակագրությունը արտահանման եւ ներկրման տարանջատում չի անում, քանի որ ընդհանուր խոսքը գնում է միայն ներկրման մասին, եւ այն էլ կոնկրետ մեկ տեսակի ապրանք` գազ: Այսինքն` կարող ենք արձանագրել, որ գազի ներկրումը Հայաստան այս տարվա հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, թեկուզ չնչին, բայց ավելացել է:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, ՀՀ-ում ուղեւորափոխադրումները նվազել են 10.1 տոկոսով: Այս հունվարին պակասել են նաեւ ավտոմոբիլային փոխադրումների ծավալները 7.3 տոկոսով: Ի դեպ, ավտոմոբիլային տրանսպորտի մեջ են մտնում նաեւ տաքսիները, որոնց միջոցով իրականացված ուղեւորափոխադրումների ծավալները այս տարվա հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, զգալի նվազել են` 21 տոկոսով, այսինքն` այս հունվարին տաքսիներից օգտվել է 127 հազար 100 մարդ: Մյուս կողմից՝ նկատենք, որ 3.2 տոկոսով պակասել են ինքնաթիռով ուղեւորափոխադրումների ծավալները: ArmLur.am-ը պարզեց, որ էլեկտրատրանսպորտով ուղեւորափոխադրումների ծավալները նվազել են 21.1 տոկոսով: Խոսքը Երեւանի մետրոյի մասին է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԹՈՒՐՔԻԱՆ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ

Թուրքիան հույս ունի, որ Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը Ստամբուլում օգտակար կլինի բանակցային գործընթացի համար, եւ պատրաստ է կազմակերպել երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ «Դոլմաբահչեի» իր աշխատասենյակում դիմելով պատվիրակությունների մասնակիցներին: «Բարի գալուստ Թուրքիա եւ մեր Ստամբուլ։ Մենք ուրախ ենք դիմավորել ձեզ այս կրիտիկական պահին, դուք մեծ ջանքեր եք գործադրել ձեր երկրների անունից։ Հակամարտությունը [Ուկրաինայում] խիստ մահոգում է մեզ՝ որպես ձեր բարեկամի եւ հարեւանի։ Ճգնաժամի ամենասկզբից մենք անկեղծ ջանքեր ենք գործադրել բոլոր մակարդակներում եւ ջանացել ենք կատարել բարեկամության, բարիդրացիության եւ օրենքների պահանջները։ Մենք ցուցադրել ենք արդարացի մոտեցում, որը պաշտպանում է երկու կողմերի իրավունքները այն բոլոր պլատֆորմներում, որտեղ մենք ձայնի իրավունք ունենք»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը հույս է հայտնել, որ Ստամբուլում հանդիպման ժամանակ առաջընթաց գրանցելու դեպքում ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունները կարող են անցնել հաջորդ փուլին։ «Առաջընթացը, որին դուք կհասնեք բանակցություններում, թույլ կտա նաեւ հաջորդ՝ առաջնորդների մակարդակով շփման փուլ անցնել։ Մենք նաեւ պատրաստ ենք այդպիսի հանդիպում կազմակերպել»,- հույս է հայտնել Թուրքիայի նախագահը։ Էրդողանն ասել է, որ իրավիճակն Ուկրաինայում խորապես վշտացնում է Թուրքիային, որը Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարեւանն ու բարեկամն է։ Դիմելով Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի պատվիրակություններին՝ Էրդողանը հրադադարի կոչ է արել։

 

 

ԿԱՎԱՐՏՎԻ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲ

Ռուսաստանը հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը կավարտվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրով, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին հայտարարել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: «Մենք մեծ հույս ունենք, որ այս իրավիճակը կավարտվի խաղաղության պայմանագրով, մենք անկեղծորեն ցանկանում ենք դա»,- ասել է Մատվիենկոն՝ մեկնաբանելով Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի եւ ՀՀ Ազգային Ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հնարավոր խաղաղության պայմանագրի վերաբերյալ:

 

 

 

ՄԵԾ ՄԱՍԸ ՓՈԽՎԵԼ Է

Նոյեմբերյան  քաղաքն ու տարածաշրջանի 18 գյուղերը ներառող Նոյեմբերյան խոշոր համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի կողմից փոխվել են համայնքի մաս կազմող բնակավայրերի վարչական ղեկավարների մեծ մասը։  Փոխվել են Բարեկամավանի, Ոսկեվանի, Ոսկեպարի, Բաղանիսի, Ջուջեւանի, Դովեղի, Կողբի, Բերդավանի,  Լճկաձորի, Արճիսի, Այրումի, Պտղավանի, Բագրատաշենի, Դեբեդավանի վարչական ղեկավարները։ Իրենց պաշտոններում մնացել, նախկինի նման պաշտոնավարում են Հաղթանակ, Զորական եւ Դեղձավան գյուղերի  վարչական ղեկավարները։

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

ԴՊՐՈՑԻ ՎԻՃԱԿԸ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՈԹՆ Է

2019թ. օգոստոսի 4-ին Տավուշի մարզի Բերդ համայնքի  Նավուր  գյուղում  մեծ  շուքով  նշվեց Նավուրի հիմնադրման 200-ամյակը։ 1999թ. Նավուր համայնքի ղեկավար, 2017թ. Նավուրի վարչական ղեկավար Արամ  Նիգոյանը,  հանդիսության ժամանակ իր ելույթում նշելով վերջին 20 տարում  գյուղում կատարված գործերի  մասին, հայտարարեց, որ  Նավուրի  միջնակարգ դպրոցի շենքը հիմնանորոգման խիստ կարիք ունի։ Հանդիսությանը ներկա Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, որը ծագումով Բերդի տարածաշրջանի Տավուշ գյուղից է,  հայտարարեց, որ դպրոցի շենքի վիճակը  վերջին 30 տարվա իշխանությունների ամոթն է, եւ  այդ իշխանությունների  կողմից  ինքը ներողություն է խնդրում   շենքի  անմխիթար դրության  համար։

Մարզպետ Չոբանյանը  խոստացավ, որ առաջիկայում  կլուծվի Նավուրի հանրակրթական դպրոցի շենքի հիմնանորոգման հարցը՝ հույս հայտնելով, որ Նավուր գյուղի հաջորդ տարեդարձի տոնակատարության ժամանակ գյուղի կրթօջախի շենքն արդեն նորոգված կլինի։ Նավուրի վարչական ղեկավար  Ա. Նիգոյանը հայտնեց, որ գյուղի միջնակարգ դպրոցն  ունի շուրջ 150 աշակերտ, այնտեղ սովորում են  ոչ  միայն Նավուրի դպրոցականները, այլեւ  հարեւան Իծաքար գյուղի 9-12-րդ դասարանցիները։ Նավուրի  դպրոցի շենքը կառուցվել է 1971թ., 1988թ. երկրաշարժից հետո այն թեթեւակի  նորոգվել է, երկրաշարժի հետեւանքները վերացվել են, նաեւ  տանիքն է փոխվել։

Վարչական ղեկավարի խոսքով՝ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից իրականացված ծրագրով դպրոցի մարզադահլիճն է նորոգվել։ Նա  ասաց, որ Հայկ Չոբանյանի՝ որպես մարզպետի պաշտոնավարման ժամանակ դպրոցի տանիքն է փոխվել, նաեւ՝ պատուհանները, սակայն դպրոցի շենքի վիճակը վատթար է։ Դասասենյակների եւ միջանցքների  պատերի  գաջը թափած է, դասասենյակների միջնորմ  պատերը  խարխուլ են, դրանք տեղաշարժվում են, մի դասասենյակից հնարավոր է մյուսի ներսը տեսել, դասասենյակների հատակը վատթար վիճակում է։ Դպրոցը  ջեռուցվում  է  փայտ վառող վառարաններով, ինչը խնդիրներ է ստեղծում։ Ա. Նիգոյանի խոսքով՝ ինքը դեռեւս Նավուր համայնքի ղեկավար եղած ժամանակ դպրոցի  հիմնանորոգման խնդրով դիմել է ԱԺ-ի բոլոր խմբակցություններին։

Դպրոցի շենքը հիմնանորոգելու համար առաջարկել են կազմել նախագիծ-նախահաշիվ, որի համար Նավուր  համայնքի բյուջեից 10 միլիոն դրամ է ծախսվել։ Ա. Նիգոյանը առաջարկել է  հիմնանորոգում կատարել դպրոցի մեկ մասնաշենքում, որպեսզի նորոգման ծախսը քիչ լինի, սակայն նախագծող կազմակերպությունը  չի համաձայնել։  5 տարի առաջ կազմված, 10 միլիոն արժողությամբ  նախագիծ- նախահաշիվն այժմ անպետք փաստաթուղթ է, քանզի աճել  են  բոլոր շինանյութերի գները։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս