ՀՀ ոստիկանապետը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ շնորհավորում եմ ողջ անձնակազմին մեր մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առթիվ:

Ոստիկանությունը պետության հիմնասյուներից է և ամենօրյա ծառայությամբ է հաստատում հավատարմությունը իրավակարգի պահպանման և քաղաքացու իրավունքների պաշտպանության իր առաքելությանը:

Մեր հարյուրավոր ծառայակիցներ անձնազոհությամբ են հավաստել այդ հավատարմությունը, և մենք միշտ պիտի արժանի լինենք նրանց սխրանքին, ովքեր պետության ու քաղաքացու պաշտպանության զոհասեղանին դրեցին իրենց կյանքը:

Հավերժ փառք և խորին խոնարհում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված մեր գործընկերների անմար հիշատակին:

Ոստիկանությունը բազմիցս է առերեսվել բարդագույն իրավիճակների, ունեցել ծանր կորուստներ, բայց միշտ կարողացել է դիմակայել մարտահրավերներին և բարձրանալ պրոֆեսիոնալիզմի նոր մակարդակի: Եվ այսօր էլ վերջին տարիների ծանրագույն իրադարձությունների միջով անցած ոստիկանությունն առավել կոփված է, կարողունակ, պատասխանատու:

Մենք շարունակում ենք բարեփոխումների ընթացքը, որի ձեռքբերումներից է իր աշխատանքային դաշտն ընդլայնող պարեկային ծառայությունը:

Մենք արդիականացնում ենք համակարգի կառույցները, կատարելագործում հանցավորության դեմ պայքարի մեթոդները, պատրաստում այն նոր սերունդը, որը շարունակելու է ծառայությունը պետությանն ու ժողովրդին:
Հայաստանի ոստիկանության շարունակականությունն ու կատարելագործումը խորհրդանշող այս օրը կրկին շնորհավորում եմ մեր բոլոր գործընկերներին:
Շնորհավորում ու շնորհակալությունս եմ հայտնում ոստիկանական ընտանիքներին՝ մեր ծառայակիցներին ամուր թիկունք լինելու համար:

Խորին խոնարհումս ու երախտագիտությունս մեր զոհված զինակիցների ծնողներին՝ այդպիսի զավակներ դաստիարակելու համար:

Շնորհավորում եմ մեր վետերաններին, որ ոստիկանական բազում սերունդներ են կրթել և այսօր էլ շարքում են:

Շնորհավորում եմ բոլորին ու բոլորիս և մաղթում ուժ, կամք, զորություն՝ մեր ծառայությունն անմնացորդ կատարելու գործում:

Բարի ծառայություն բոլորին:




Լրահոս