ՊԱՏԵՐԱԶՄՆ ԻՄ ԿՅԱՆՔՈՒՄ ՉԱՎԱՐՏՎԱԾ ԷՋ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան Վահե Հակոբյանը մի քանի ամիս առաջ է վերադարձել բանակից: Երկու տարի Արցախում է ծառայել: Ծառայության մեկ տարին նոր էր լրացել, երբ սկսվեց պատերազմը: Կրտսեր սերժանտ Հակոբյանն էլ իր ծառայակից ընկերների հետ, որոնք անմիջապես դարձան մարտական ընկերներ, միանգամից անցավ իր առջեւ դրված խնդիրների կատարմանը:

 

«Հիմա ինչի մասին էլ խոսենք, պաթետիկ է հնչելու, իսկ ես պաթետիկ, վերամբարձ խոսքեր չեմ սիրում: Չեմ սիրում խոսել այն մասին, թե ինչ ենք արել ու ինչ գնով: Արել ենք, որովհետեւ պարտավոր էինք, այլ տարբերակ չէր էլ կարող լինել: Այո՛, հայրենիքը բոլորիս կարիքն ուներ, ու մի վայրկյան անգամ չենք մտածել, թե ինչ կարող էր պատահել մեզ հետ, որովհետեւ թե՛ ես, թե՛ ընկերներս մի բան գիտեինք՝ թիկունքում մեր ծնողներն են, հարազատները, ընկերները: Թիկունքում Մարտունին էր, Մոնթեի Մարտունին, որը պետք էր պաշտպանել անգամ կյանքի գնով»,- ասում է Վահեն ու խնդրում, որ պատերազմից չխոսենք: Ասում է՝ պատերազմը իր կյանքում մի չավարտված էջ է, որը կիսատ է թողել, բայց վստահ է՝ օրերից մի օր վերջակետ դնելու հնարավորություն ունենալու է էլի իր մարտական ընկերների հետ: Ընդառաջում ենք խնդրանքին ու սկսում ստեղծագործական կյանքից խոսել: Մինչեւ բանակ գնալը նկարահանվել է մի քանի հեռուստասերիալներում, զուգահեռ փաստավավերագրական ֆիլմում է խաղացել: Նկարահանվել է «Ծղրիդի երգը», «Տիեզերք տիեզերքում. Վիկտոր Համբարձումյան» ֆիլմերում:

Դժվար չէր արդյոք թողնել դերասանի մասնագիտությունը, կտրվել բեմից, եթերից ու գնալ բանակ՝ հարցնում ենք՝ նկատելով Վահեի ժպիտը:

«Իհարկե դժվար էր: Երբ սիրում ես մասնագիտությունդ, որը ժամանակի ընթացքում պարզապես վերածվում է ապրելակերպի, կտրվելը, այն էլ՝ միանգամից, շատ բարդ է: Գիտեք, այդ դժվարությունն էլ հեշտ հաղթահարվեց: Երբ գիտակցում ես, որ այն, ինչի համար թողնում ես այդ ամենը, ավելի կարեւոր է ու անհրաժեշտ, համակերպվում ես՝ մտածելով՝ դե, թատրոնին, ֆիլմերին դեռ կվերադառնամ, հերթը ծառայելունն է, որին ոչ մի աշխատանք իր կարեւորությամբ ու արժեքով չի կարող գերազանցել»,- պատասխանում է դերասանը:

Վահեն հիմա արդեն «Շանթ» ՀԸ հեռարձակվող «Հատուկ դասարան» սերիալում է նկարահանվում: Մարմնավորում է ընկեր Սարգսյանին: «Շնորհակալ եմ «Շանթ»-ին ինձ այս հնարավորությունը ընձեռելու համար: Բանակից զորակոչվելուց հետո դժվար ժամանակաշրջան էր, բայց հնարավորություն տրվեց կրկին դրսեւորելու ինձ, կրկին վայելելու ամեն նկարահանում, իսկապես շնորհակալ եմ»,- ասում է Վահեն, իսկ մենք միանգամից հետաքրքրվում ենք՝ դժվար չէ արդյոք ծառայությունից հետո վերադառնալ նկարահանման հրապարակ. «Ես էլ ունեի այդ մտավախությունը, ժամանակ, սակայն, չունեի: Քասթինգ էր հայտարարվել, որոշեցի մասնակցել: Երբ տեղեկացա, որ հաղթահարել եմ այդ փուլը, ուրախացա, բայց էլի սկսեցի երկմտել՝ տեսնես կկարողանամ ինձ ազատ զգալ այնպես, ինչպես նախկինում: Պատկերացրեք, որ ստացվեց: Իսկ դա ստացվեց՝ շնորհիվ, մեղմ ասած, լավ ու ընկերական ստեղծագործական անձնակազմի, որին համախմբել է «Հատուկ դասարան»-ը»:

Հիշեցնենք, որ ֆիլմի սցենարի հեղինակը Անի Մաղաքյանն է, ռեժիսորը՝ Հովհաննես Ղազարյանը: Դերասանը պատմում է, որ իր մարմնավորած Սարգսյանի կերպարը դրական, ընկերասեր կերպար է, սիրում է աշակերտներին, անգամ՝ «հատուկ դասարանի», եւ փորձում է հարթել կոնֆլիկտները:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԿԲԱՑՎԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, 10:30-18.00 Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանում կբացվի «Մեկ ցուցանմուշի պատմություն» խորագրով ժամանակավոր ցուցադրություն: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է թանգարանի տարածած հաղորդագրությունից, կներկայացվեն երկու յուրահատուկ ցուցանմուշ՝ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանի շենքի մանրակերտը՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն աուդիո ուղեցույցով, եւ Ալեքսանդր 2-րդ կայսեր հրովարտակը՝ «Սպենդիարովները՝ Ռուսական Կայսրության տոհմիկ պատվավոր քաղաքացիներ» խորագրով երկլեզու տեսանյութի ցուցադրությամբ:

 

Նշվում է, որ առաջնորդարանի շենքում Ալեքսանդր Թամանյանի նախաձեռնությամբ կոմպոզիտորին հատկացվել է աշխատասենյակ, որտեղ նա գրել է իր առաջին հայաստանյան ստեղծագործությունը՝ նշանավոր «Երեւանյան էտյուդներ» սիմֆոնիկ սյուիտը: Մանրակերտի ուղեցույցի օգնությամբ այցելուները կծանոթանան այդ պատմությանը:

Համայն Ռուսիո կայսեր հրովարտակը՝ Սպենդիարովների ընտանիքին տոհմիկ պատվավոր քաղաքացիների կոչում շնորհելու վերաբերյալ, տրվել է կոմպոզիտորի հորական պապի՝ առաջին գիլդիայի վաճառական Ավքսենտի Սպենդիարովի այրուն՝ Ելիզավետա Սպենդիարովային, Ռուսական Կայսրության սենատի կողմից 1878 թ.: Հրովարտակը պահվում է Երեւանի Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի՝ Սպենդիարյանի ֆոնդում: Այցելուներին կներկայացվի հրովարտակի կրկնօրինակը եւ Սպենդիարյանի տուն-թանգարանի կողմից պատրաստված փաստագրական տեսանյութ՝ Սպենդիարովների տոհմի ուշագրավ ձեռքբերումների պատմությամբ:  Թանգարանային գիշերը՝ մայիս 21-ին, տուն-թանգարանը նախապատրաստել է երկու նախագիծ:

«Հանդիպում կոմպոզիտորի պատշգամբում» նախագծի շրջանակում 16:00-ին թանգարանի պատշգամբում տարբեր երաժշտական կրթօջախների տաղանդաշատ պատանիների հետ իրենց փորձով եւ մասնագիտական խորհուրդներով կկիսվեն դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը եւ նրա պրոդյուսեր Ալեքսանդր Պլատո Հակոբյանը: 18:00-ից մինչեւ ուշ երեկո տուն-թանգարանի բակում կկայանա բացօթյա համերգ: Մասնակիցներն են Երեւանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի, Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի, Շառլ Ազնավուրի անվան պետական արվեստի քոլեջի սաները եւ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազային ամբիոնի սաները՝ մեներգիչներն ու ժողովրդական անսամբլները: Համերգը նվիրվում է թավջութակահար, հայկական ջազային երաժշտության հիմնադիր, Ալեքսանդր Սպենդիարյանի սան Արտեմի Այվազյանի ծննդյան 120-ամյա հոբելյանին: Ծրագրում ընդգրկված են հայկական ժողովրդական կատարումներ, ինչպես նաեւ հայ կոմպոզիտորների սիրված ջազային-էստրադային ստեղծագործություններ:

Չխախտելով թանգարանային գիշերվա ավանդույթը՝ այցելուները կճաշակեն «Կակաո՝ Սպենդիարյանի բաղադրատոմսով»:

 

 

 

ԵՎՐՈՊԱՅԻ 24-ՐԴ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացել է հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի 24-րդ առաջնությունը, որին մասնակցել են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանի բազկամարտի հավաքականի մարզիկները 11 ոսկե, 5 արծաթե եւ 6 բրոնզե մեդալ են նվաճել: Հայաստանի բազկամարտի հավաքականի կազմում ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մարզիկները թիմային հաշվարկով զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը` առաջ անցնելով Թուրքիայի հավաքականից։ Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի խոսքով՝ արդյունքներն առավել քան գոհացնող են: «Բավականին լուրջ արդյունքներ ենք գրանցել: Մեր մարզիկները մասնակցել են գրեթե բոլոր դասակարգումներում, տարբեր քաշային կարգերում` աջ եւ ձախ ձեռքով»,- ասում է Սարգիս Ստեփանյանը եւ ընդգծում՝ առաջնության մասնակիցներից 6-ը հաշմանդամություն են ձեռք բերել արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում: Ֆեդերացիայի նախագահը փաստում է, որ հատկապես ուրախացրել է Սարգիս Հարությունյանի գրանցած արդյունքը:

 

 

 

ԿԼՈՊԸ ԽՈՍԵԼ Է

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է ֆրանսիական ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեին ձեռք բերելու ցանկության մասին։ «Իհարկե, մենք հետաքրքրված ենք Մբապեի ծառայություններով, մենք կույր չենք։ Մենք հավանում ենք նրա խաղը, իսկ ո՞վ չի հավանում։ Սակայն մենք չենք կարող մասնակցել այդ մրցավազքին։ Այլ ակումբներ են դրան մասնակցում։ Նա գերազանց խաղացող է»,- Կլոպի խոսքը մեջբերում է Sky-ը։ Սպասվում է, որ Մբապեն առաջիկա օրերին 5 տարվա պայմանագիր կկնքի Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» հետ։

 

 

ՈՒՂԵԳԻՐ ԱՊԱՀՈՎԵՑ

Հռոմի «Լացիոն» իտալացի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի ղեկավարությամբ առաջին մրցաշրջանում ապահովեց Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր։ Իտալիայի առաջնության նախավերջին տուրում «Լացիոն» Թուրինում 2։2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Յուվենտուսի» հետ եւ 63 միավորով 5-րդն է՝ 3 միավոր գերազանցելով 6-րդ տեղում գտնվող «Ռոմային» եւ 4 միավոր՝ 7-րդ տեղում ընթացող «Ֆիորենտինային»։ Անցած տարի եւս «Լացիոն» նվաճել էր Եվրոպայի լիգայի ուղեգիր՝ գրավելով 6-րդ տեղը։ Վերջին տուրում «Լացիոն» կընդունի «Վերոնային», «Ռոման» կհյուրընկալվի «Տորինոյին»։

 

 




Լրահոս