ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2022/2023 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Ըստ մասնագիտությունների անվճար ուսուցման ընդունելության տեղերի հատկացման նպատակն է խրախուսել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին, ապահովել պարտադիր միջնակարգ կրթություն, ինչպես նաեւ պատրաստել մասնագետներ` ՀՀ աշխատաշուկայի պահանջներով պայմանավորված:

 

Անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը միջին մասնագիտական կրթական ծրագրով 2022 թվականին ավելացել են՝ հաշվի առնելով դիմորդների մեծ հոսքը, նոր մասնագիտությունների ներդրումը եւ նրանց հետագա շարունակականության ապահովումը: Այսպիսով, միջին մասնագիտական կրթական ծրագրով առաջարկվել է հատկացնել 6114 տեղ, իսկ նախնական մասնագիտական կրթական ծրագրով պահպանել նախորդ տարվա թիվը` 3312: Որոշման նախագծով նախնական մասնագիտական կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը կհատկացվեն 55 ուսումնական հաստատության` 40 մասնագիտությամբ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով` 76 ուսումնական հաստատության` 75 մասնագիտությամբ: Ընդունելության տեղերը հաստատվում են` ըստ պետական կառավարման լիազորված մարմինների, որոնց ենթակայությամբ գործում են նախնական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները: Պետական կառավարման լիազորված մարմինը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության որոշումը, անվճար ուսուցման ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների հատկացնում է իր ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններին:

Փաստաթղթի մշակման գործընթացում ներգրավված են եղել ՀՀ շահագրգիռ գերատեսչությունները, գործատուներին ներկայացնող կազմակերպությունները, քաղաքապետարանը, մարզպետարանները եւ պետական ուսումնական հաստատությունները, որոնց հայտերի հիման վրա մշակվել է ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագիծը մշակելիս հաշվի են առնվել նաեւ ուսումնական հաստատությունների՝ աշխատաշուկայի պահանջարկներով պայմանավորված մասնագետների պատրաստման հնարավորությունները, ինչպես նաեւ հաստատություններին հատկացվելիք տեղերի նվազագույն քանակի ապահովումը՝ ըստ մասնագիտությունների: Հաշվի առնելով վերոգրյալը եւ այն հանգամանքը, որ ՀՀ մարզերում սոցիալական խնդիրներն առավել ակնհայտ են, անվճար ուսուցման տեղերն առաջնահերթ կհատկացվեն մարզերում գործող նախնական մասնագիտական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին: Նշենք, որ ներկայում մարզերի ուսանողների շուրջ 90%-ը սովորում է անվճար ուսուցման համակարգում: Հավելենք, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություն ունեցող դիմորդները միջին մասնագիտական կրթական ծրագրով քննությունները դրական հանձնելու, ինչպես նաեւ ընդունելության կարգով առնվազն վճարովի համակարգի համար անցումային միավոր հավաքելու դեպքում առնվազն ընդունվում են մրցույթից դուրս պահուստային տեղերի հաշվին, որի նպատակով 2022/2023 ուսումնական տարվա համար նախատեսվել է 277 պահուստային տեղ:

Գործերի ընդունելության ավարտից հետո այն կհատկացվի ուսումնական հաստատություններին՝ ըստ մասնագիտությունների եւ արտոնություն ունեցող դիմորդների:

Ն. Պ.

 

 

 

ՊՆ-Ն ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է

Լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունը, թե «ադրբեջանական ստորաբաժանումները կրկին առաջ են եկել ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի դիմաց գտնվող լեռնային տեղանքում», չի համապատասխանում իրականությանը։ Ինչպես արդեն ներկայացվել է ս. թ. մարտի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տարածված պարզաբանման մեջ, սահմանի նշված հատվածում ադրբեջանական ստորաբաժանումների տեղակայումն արձանագրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո՝ հետպատերազմյան շրջանում։ Ընդ որում, տեղակայման փաստն արձանագրելուց անմիջապես հետո ՀՀ ԶՈՒ կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր՝ ադրբեջանական դիրքերը վերահսկողության տակ վերցնելու ուղղությամբ, ինչի արդյունքում նշված տարածքում ադրբեջանական զինծառայողների շարժը լիարժեք վերահսկելի է, իսկ առաջխաղացման որեւէ փորձ կհանգեցնի պատասխան գործողությունների։

 

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԸՆԴԼԱՅՆՎԵԼ

Ադրբեջանը մտադիր է ընդլայնել իր ներկայությունը եվրոպական գազի շուկայում։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվի էներգետիկ շաբաթվա եւ Կասպյան նավթի եւ գազի 27-րդ միջազգային ցուցահանդեսի բացման ժամանակ։ «Օրակարգում է եվրոպական շուկայում մեր ներկայության ընդլայնման հարցը»,- ասել է Ալիեւը։ Նրա խոսքով՝ անցյալ տարի ադրբեջանական գազի արտահանման ծավալը կազմել է 22 մլրդ խմ, այս տարի նախատեսվում է արտահանել 24 մլրդ խմ, հաջորդ տարի նախատեսվում է ավելացնել ծավալները։ «Դա կախված կլինի նոր հանքավայրերի շահագործման հանձնելուց, քանի որ մեր գազային ներուժը չի սահմանափակվում միայն «Շահ Դենիզ» հանքավայրով»,- ընդգծել է պետության ղեկավարը։ Ալիեւը նշել է, որ Եվրոպան ադրբեջանական նավթագազային ռեսուրսների մեծ կարիք ունի, եւ Ադրբեջանը դա հաշվի է առնում։ Նրա խոսքով՝ այժմ պետք է մտածել նոր հանգույցների ու փոխկապակցիչների կառուցման մասին։ Միաժամանակ Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ արտահանումն ավելացնելու համար ժամանակ է պետք։

«Պոտենցիալ սպառողները պետք է հասկանան, որ տարվա ընթացքում մենք չենք կարող ավելացնել արտադրությունը: Մեզ պետք են նոր պայմանագրեր, մեզ նոր ենթակառուցվածքներ են անհրաժեշտ, հետեւաբար մենք այժմ մտածում ենք գոյություն ունեցող խողովակաշարերի թողունակության ընդլայնման մասին, այդ թվում՝ Անդրանատոլիական եւ Հարավային Կովկասի»,- ասել է Ալիեւը:

 

 

 

ԱՆՁՐԵՎ ԿԼԻՆԻ

Հանրապետության տարածքում hունիսի 2-6-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ:  ՀՀ շրջակա միջավայրի նախարարության hիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ առանձին հատվածներում սպասվում է նաեւ կարկուտ: Օդի ջերմաստիճանը հունիսի 2-5-ը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Երեւանում հունիսի 1-5-ը՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ, հունիսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

 

ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 31-ին Հասրաթյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել եւ բաժին բերման է ենթարկվել 43-ամյա Թերեզա Հ.-ն: Ոստիկանության փոխանցմամբ՝ նա 2021թ. նոյեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

 

«ԼԵՔՍՈՒՍ»

ՄԵՔԵՆԱՆԵՐԸ՝ ԹԻՐԱԽՈՒՄ

«Լեքսուս» մակնիշի մեքենաներից կողային հայելիների գողության վերաբերյալ ահազանգերը սկսվեցին մայիսի 30-ի առավոտից: Մինչեւ ժամը 12:45-ը ստացվեց չորս ահազանգ, որոնք փոխանցվեցին ոստիկանության Կենտրոնական բաժին: Քաղաքացիները հայտնում էին, որ գիշերվա ընթացքում հանել-տարել էին իրենց մեքենաների կողային հայելիները: Կենտրոնականի ոստիկաններն արձագանքեցին բոլոր ահազանգերին, բոլոր դեպքերով ընդունեցին հաղորդումներ եւ բացահայտման ուղղությամբ կշարունակեին ձեռնարկել տարաբնույթ գործողություններ, եթե մինչ այդ տեղեկություններ չստանային գործընկերներից:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որն իրացրին՝ համագործակցելով այլ ծառայությունների աշխատակիցների հետ: Առավոտյան ժամը վեցին մոտ Գրիգոր Լուսավորչի փողոցում նրանք կանգնեցրին «Մազդա» մակնիշի մի մեքենա եւ, մեքենայով հանդերձ, Նոր Նորքի բաժին բերման ենթարկեցին Արարատի մարզի երեք բնակչի՝ 42, 34 եւ 35 տարեկան: 35-ամյա տղամարդը, որը մեքենան վարողն էր, «Մազդայի» սրահից ներկայացրեց «Լեքսուսի» չորս զույգ կողային հայելի: Հայտնաբերվեցին նաեւ գործիքներ, որոնք, ըստ նախնական վարկածի, օգտագործվել էին հայելիները պոկել-հանելիս: Տղամարդիկ ներկայացվել են ոստիկանության Կենտրոնական բաժին:

 




Լրահոս