Քննարկվել են ՀՀ-ի և Թուրքմենստանի միջև գազի և էներգետիկայի ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 7-8-ը տարածաշրջանային և երկկողմ տնտեսական համագործակցության ծրագրերի քննարկման նպատակով Աշգաբադ են ժամանել ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։

«Այցի շրջանակներում պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել Թուրքմենստանի նավթագազային ոլորտը համակարգող փոխվարչապետ, ՀՀ և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Շահըմ Աբդռահմանովի և արդյունաբերական և էներգետիկ համալիրների հարցերով փոխվարչապետ Չառըմըրատ Պուրչեկովի հետ։

Հանդիպումների ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել գազի, էներգետիկայի ոլորտներում համագործակցությանը, ինչպես նաև ՀՀ և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցերին»,- նշված է Թուրքմենստանում ՀՀ դեսպանության գրառման մեջ։




Լրահոս