ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԼՈՒՐՋ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ հայրենի քաղաքական դաշտը զբաղված է ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերությունների ինտրիգների մեկնաբանություններով ու փոփոխվող քամու ուղղությունը որսալով, Հայաստանից դուրս զարգանում են գործընթացներ, որոնք շատ լուրջ նշանակություն են ունենալու մեզ համար: Խոսքը Վրաստանով անցնող մայր գազատարի մասին է, որով այդ կենսական վառելիքը մատակարարվում է Հայաստանին: Արդեն իսկ հստակ է, որ վրացիները փոխելու են իրենց օրենսդրությունը` վերացնելով  ռազմավարական նշանակության օբյեկտների վաճառքի նկատմամբ արգելքը: Իսկ դա նշանակում է, որ Վրաստանի տարածքով անցնող Հայաստան-Ռուսաստան գազատարի բաժնետոմսերի  առնվազն 25 տոկոսը կարճ առաջիկայում կվաճառվի: Իսկ թե ում` դժվար չէ կռահել` հաշվի առնելով ադրբեջանական կողմի անթաքույց հետաքրքրությունը: Ու որքան էլ պալատական քաղաքագետներն ու փորձագետները փորձեն համոզել, որ այդ քանակությամբ բաժնետոմսերի վաճառքը մեզ ոչնչով չի սպառնում, որ լոնդոնյան բորսաներում բաժնետոմսերը ձեռք կբերվեն անուղղակի վաճառքով ու տարբեր ընկերությունների կողմից, ինչպես ասում են, ոզնուն էլ է պարզ,  որ դա  այդպես չէ: Նախ,  եթե վաճառվող 25 տոկոս բաժնեմասի ձեռքբերումը որեւէ քաղաքական նշանակություն չունենար, ադրբեջանական գազային ընկերությունը դժվար թե պատրաստակամություն հայտներ 250 միլիոն դոլար վճարել: Բացի այդ, առայժմ գազատարի նկատմամբ  որեւէ այլ կողմ նույնպիսի հետաքրքրություն չի ցուցաբերել:  Թերեւս գազատարի անխափան շահագործմամբ մտահոգ է նաեւ Ռուսաստանը: Սակայն հաշվի առնելով ռուս-վրացական հարաբերությունները` դժվար թե վրացական կողմը թույլ տա, որ ռուսները գնեն գազատարի բաժնեմասը: Բացի այդ, ադրբեջանական կողմի 25 տոկոսանոց ներգրավվածությունը որոշակի իրավիճակում ռուսների համար կարող է անգամ ձեռնտու լինել. բաժնետոմսերի մեկ քառորդը որոշիչ չլինելով` միեւնույն ժամանակ ցանկության դեպքում կարող է լավ գործոն  հանդիսանալ` Հայաստանի նկատմամբ լրացուցիչ ճնշումներ բանեցնելու եւ ռուսական գազը առավել թանկ ծախելու համար: Թանկ` բոլոր առումներով, այդ թվում եւ քաղաքական: Հատկապես, որ ռուսները ժամանակին կարողացան հասնել նրան, որ Քոչարյանի թեթեւ ձեռքով փոքրացվեց հայ-իրանական գազատարի թողունակությունը, եւ այսօր, փաստորեն, մենք այլ ելք չունենք: Եւ ահա այս իրավիճակում նման կարեւորագույն խնդրի շուրջ, ըստ էության, որեւէ ատյանում լուրջ, հրապարակային քննարկում չի ընթանում: Չհաշված այն անհատ քաղաքական գործիչներին ու վերլուծաբաններին, որոնք ինֆանտիլության հասնող տեսակետներ են հայտնում` ասելով, թե Վրաստանը երբեք նման քայլի չի գնա, կամ էլ վաճառքի դեպքում գազատարը որեւէ սփյուռքահայ գործարար կգնի: Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին ասում էին, որ Բաքու-Ջեյհան նավթամուղը չի գործի նավթի սպառման, իսկ Կարս-Ախալքալաք երկաթուղին էլ չի կառուցվի ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:Թ. ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս