ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյան-Պուտին հանդիպման 2022թ․ ապրիլի 19-ի համատեղ հայտարարության 24-րդ կետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը պատասխանել է ԶԼՄ-ների հարցերին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն, որում ասված է․

«Վերջին օրերին հնչած մեկնաբանությունների կապակցությամբ լրագրողների հարցերին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ն ընդգծում է Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի 2022թ․ ապրիլի 19-ի համատեղ հայտարարության 24-րդ կետը, որտեղ ասվում է.

«Առաջնորդները մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում իրավիճակի մասին: Արտահայտվեցին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների պարբերական հանդիպումների շրջանակներում կառուցողական աշխատանքի շարունակման և երեք առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների հետևողական իրականացման օգտին՝ ի շահ տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման ապահովման: Շեշտեցին ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի որոշիչ ներդրումը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման, բնակչության կյանքի համար բարենպաստ և անվտանգ պայմանների ստեղծման գործում:

Ընդգծեցին հումանիտար անհետաձգելի հարցերի հրատապ լուծման և քաղաքական-դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղյան կարգավորման պահանջվածությունը:

Այդ համատեքստում հաստատեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան»։

Հայկական կողմը վերահաստատում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման իր պատրաստակամությունը և հանձնառությունը»։




Լրահոս