Հարգելի պարոն նախագահ, Ձեզ եմ դիմում, քանի որ իմ տղային` Արման Դալլաքյանին, ՀՀ ոստիկանությունում մահվան դուռն են հասցրել: Նրան սեպտեմբերի 25-ին ձերբակալել են որպես հայտնի բանդայի անդամ, բայց ոչ մի ապացույց չունեն, որ նա այդ խմբի հետ առնչություն ունի: Այնպես են ծեծել որդուս, որ մինչեւ հիմա պառկած է: Նրան ոչ բուժում են, ոչ տեսակցություն են թույլատրում, ոչ էլ ծեծողներին են պատժում: Քրեակատարողական հիմնարկների լրատվության վարչության պետ Գոռ Ղալեչյանը “Ժողովուրդ” օրաթերթի հոկտեմբերի 22-ի հարցմանն ի պատասխանն զանգահարել էր “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկ, որպեսզի տեղեկություն ստանար իմ տղայի մասին: Նրան ասել էին, թե իմ տղայի վիճակը լավ է, միայն տաքություն եւ գլխացավեր ունի: Բայց այդ ամենը այդպես չէ: Վնասված է տղայիս թոքը, լյարդը, ստամոքսը, աղիները, ինչը դաժան ծեծի հետեւանք է: Տղայիս ծեծել են 6-րդ վարչության հրաման կատարող մարդիկ: Եւ հիմա բանտում նրան ամեն օր ցավազրկող են ներարկում: Ասեմ, որ որդիս չդիմանալով դաժան ծեծին, քննասենյակում դանակահարվել է, որի հետքերը եւս կան եւ ոչ ոք չի կարող հերքել: Իսկ թե ինչ է կատարվում նրա ներքին օրգաններում, դա կարող են իմանալ միայն Արմանին վիրահատած բժիշկները, որոնց ոստիկանները մեղադրում են` ասելով, թե բժիշկներն իրենց կաշին փրկելու համար են արել ամեն ինչ: Բայց իրականում բժիշկները ահաբեկված են ոստիկաններից, դրա համար էլ թաքցնում են Արմանի իրական վիճակը: Եթե ինչ որ կասկածանքով բռնում են մարդուն, ապա ընդամենը երեք ժամ հետո պետք է տեղյակ պահեն նրա հարազատներին: Սակայն պարտիզան ոստիկանները տղայիս մահամերձ անելուց հետո, երբ աղմուկ բարձրացրեցի, երկու օր անց հիշեցին իրենց պարտականությունների մասին եւ հայտնեցին, թե որտեղ է գտնվում տղաս: “Էրեբունի բժշկական կենտրոն” ես ներկայացել էի դատապաշտպան Սեդա Սաֆարյանի հետ, սակայն մեզ ներս չթողեցին: Նրանք տղայիս թաքուն տարան Էրեբունի հիվանդանոցից դեպի Ավանի հոսպիտալ: Հենց տեղ հասցրին, նոր ինձ ասացին տղայիս գտնվելու վայրը: Անմիջապես գնացինք այնտեղ, սակայն միայն ինձ թողեցին, որ բարձրանամ վերեւ, քանի որ գիտեին` եթե փաստաբանը գար ինձ հետ, իրենց արարքները կբացահայտվեր: Ես մենակ գնացի վերեվ, տեսնեմ որդիս Քրիստոսի չարչարանքների մեջ է: Նրա երկու ձեռքերը խաչված վիճակում շղթայված էին մահճակալի երկաթներից: Աչքերից արցունքներ էր գնում եւ իմ (ազիզ) արեւով երդվեց, որ ինքը մեղավոր չէ, որ ինչ գրել է, մահից պրծնելու համար է գրել: Գրել է, որ ծեծելով չսպանեն: Եթե տղայիս վիճակը լավ լիներ, ինքնուրույն կգնար զուգարան, այլ ոչ թե գիշերանոթ կդնեին տակը: Տղայիս մոտ հավաքված էին ավելի քան 20 հրաման կատարող ծեծողներ, որոնք հավանաբար սպասում էին արդեն մահապատժի հրահանգին: Վստահ եմ, որ առանց խղճի խայթ զգակու կսպանեին որդուս, որը այդ դեպքի, այդ բանդայի հետ ոչ մի կապ չունի: Ես համոզված եմ: Ուղղակի ոստիկաններն են նրա գրպանում ինչ որ թմրանյութ գցել ու բռնել են: Իմ տղան ոչ խմում է, ոչ` ծխում: Հարգելի պարոն նաագահ, մենք երկար տանջանքներից ու պայքարից հետո ձեռք բերեցինք ազատ, անկախ Հայաստան եւ վստահ էինք, որ մեր Հայաստանում մարդիկ խաղաղ կապրեն: Բայց ցավոք մեր շարքերում կան մարդիկ, որոնք անձնական թշնամությունը օգտագործում են աշխատանքի ընթացքում: Նրանք գլխաքանակ ապահովելու համար, որպեսզի նաեւ իրենց ղեկավարությանը ցույց տան, թե գործ են անում, այնպիսի մարդկանց են տարել, լցրել բանտերը, որոնք որեւէ առնչություն չունեն այդ հրեշավոր գողությունների հետ:Հայաստանում արդարություն չկա: Անգամ դատաբժիշկներն են վախեցած: Նրանք սարսաում են տղայիս վիճակի մասին ճիշտ եզրակացություն տալ: Եւ եթե այս անմարդկային վերաբերմունքը շարունակվի, ստիպված կլինեմ դիմել այլ ատյանների` արդեն երկրից դուրս: Պարոն նախագահ, բոլոր հրաման կատարողները հենց ձեր անունն են տալիս ու պատճառաբանում են, թե դուք եք հրահանգել: Բայց ես չեմ հավատում, որ կարող եք այդքան անմարդկային հրահանգներ տալ, որոնք կատարողները մահվան դուռն են հասցրել որդուս: Այն պաշտոնյաները, որոնք ներկա են եղել բնռությանը, նոր պաշտոն են ստացել: Խնդրում եմ հրահանգեք` պարզել իրականությունը, որպեսզի իմ տղան ազատվի այդ տառապանքներից, որպեսզի հնարավորություն տրվի նրան` բուժումների համար: Նա երեք անչափահաս երեխաներ ունի եւ ցավազրկողներով հանգստացնելը բուժում չէ: Հետո կարող է ուշ լինել: Ես վստահ եմ, որ նա անմեղ է:Ալբերտ Դալլաքյան
ԱՐՄԱՆ ԴԱԼԼԱՔՅԱՆԻ ՀՈՐ ՆԱՄԱԿԸ. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԵԾԵԼ ԵՆ ՈՒ ՉԵՆ ԲՈՒԺՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ