Արցախի Հանրապետության հյուսիսային եւ հյուսիսարեւմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում երեկվանից՝ օգոստոսի մեկից, ադրբեջանական ստորաբաժանումները դիմել էին սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել էին ՊԲ ստորաբաժանումների ուժերով:
Ըստ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի՝ ադրբեջանցիների հերթական սադրանքը, այսպես ասած, միջանցքային տրամաբանության ու Արցախում հայկական զինուժի վերջնական բացակայության հետ է կապված:
-Պարո՛ն Աբրահամյան, Արցախում երեկվանից լարված իրավիճակ է, այսօր էլ, փաստորեն, իրավիճակը չի փեխվել: Ձեզ ի՞նչ մանրամասներ են հայտնի:
-Գլխավոր խնդիրը այն է, որ Ադրբեջանը Հայաստանի իշխանություներին առաջադրելու է 2 պահանջ: Առաջինը հայկական ստորաբաժանումների դուրսբերումն է, իսկ երկրորդը վերաբերվում է միջանցքի տրամադրմանը: Առաջին հարցի հետ կապված, ըստ էության, 2020թ.-ից հետո զորակոչ չի եղել, պարտադիր ժամկետային զինծառայողները արդեն զինծառայությունը ավարտում են: Հայաստանից Արցախում զինծառայողներ չեն լինելու, այլ մենակ Արցախի գրանցում ունեցող քաղաքացիները. այս հարցը մեծ մասով լուծված է: Այս առումով Ադրբեջանը փորփրում է մինչեւ վերջ այնպես անել, որ, ժամանակը դեռ չլրացած, պարտադիր ժամկետային զինծառայողները դուրս գան: Երկրորդը միջանցքի հետ կապված գաղափարն է. Ադրբեջանը սպառում է ընդհուպ շանտաժի միջոցով ուժ կիրառել եւ հասնել Հայաստանի տարածքով դեպի Նախիջեւան միջանցքի գաղափարի իրագործմանը, հակառակ դեպքում Ադրբեջանը սպառնում է անցակետ դնել Լաչինի միջանցքում, որը, բնականաբար, հակասում է նոյեմբերի 5-ի փաստաթղթերին: Այն իրադարձությունները, որոնք նկատելի են Արցախի տարբեր ուղղություններով, հիմքում ունեն այս երկու հիմնական խորքային պատճառները:
-Անցակետ դնել Լաչինի միջանցքում. նոր կառուցվող ճանապարհի՞ մասին է խոսքը:
-Այս պահին խոսքը գնում է կոնկրետ գործող ճանապարհին, բայց Ադրբեջանը չի բացառում, որ նման քայլի կգնա նոր ճանապարհի կառուցման դեպքում: Իսկ այժմ նրանք ուղղակի փորձում են ամրապնդվել ճանապարհի այն հատվածում, որտեղով անցնելու է այդ ճանապարհը՝ նոր ճանապարհը:
-Այսինքն՝ մեր քաղաքացիները Արցախ մուտք գործելու համար ստիպված կլինեն ադրբեջանական անցակետով անցնե՞լ:
-Մենք խոսում ենք Ադրբեջանի ցանկությունների եւ պահանջնեիր մասին, մենք դեռ չենք խոսում դրա՝ որպես փաստի մասին, բայց այն, որ Ադրբեջանը ձգտում է, դրա մասին անգամ հրապարակային հայտարարում են Ադրբեջանի պաշտոնյաները, որ նպատակը անցագրային ռեժիմն է, որովհետեւ նրանք անցագրային ճանապարհին փորձուն են միջազգային հանրությանը ներկայացնել, թե այդ ճանապարհը հայերը օգտագործում են զինծառայողների շարժի համար: Դրանով իսկ հիմք են նախապատրաստում, որպեսզի անցակետի գաղափարը որոշակի ընկալում ունենա դրսում, եւ դրանից բխող գործողությունները ընկալվեն դրսի համար:
-Դուք կապի մեջ եք լինում անընդհատ Արցախի հետ. այս պահի դրությամբ ինչպիսի՞ն է իրավիճակը Արցախում:
-Որքանով տեղյակ եմ, ռեժիմի խախտումների հետ համեմատելի վիճակ չէ, բայց, բնականաբար, իրավիճակը որոշակի դրությամբ պահպանվում է, եւ նոր սադրանքներ չեն բարձրացվում:
-Հիմնական ուղղությունը Վանք գյուղի շրջանո՞ւմ է:
-Իրադարձության ծավալները նաեւ Արեւշատ գյուղի ուղղությունն է, որը բավականին հեռու է Վանք գյուղից եւ Գանձասարի վանական համալիրից. ես կարծում եմ՝ հիմնական գործողությունների ուղղությունը եղել է Սաուղի հատվածում:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ՀԵՐԹԱԳՐՎԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ ԱՆՑՆՈՒՄ Է
Արդեն մի քանի օր է, ինչ գազաբալոնային համակարգի լիցենզավորված կայաններում մեծ հերթեր են:
Տեղեկացնենք, որ երեկվանից, ըստ օրենքի պահանջի, մեքենայի գազաբալոնները չեն լիցքավորվելու, եթե տեղադրված կամ վկայագրված չեն լիցենզավորված կազմակերպությունների կողմից:
Վարորդները երեկվանից ճնշակայաններում ժամերով հերթ են կանգնում, որպեսզի իրենց մեքենայի բալոնը փորձաքննության ենթարկելու համար հերթագրեն: Դրանից հետո կայանը համապատասխան թուղթ է տալիս, որ մինչեւ փորձաքննությունը վարորդը հնարավորություն ունենա գազալցակայանում սպասարկվել: Ի դեպ, հերթագրվելու ժամկետը այսօրվա դրությամբ անցնում է 2023 թվականի փետրվար ամիսը:
«Էքսպերտ Թեչ» գազաբալոնների փորձարկման, վկայագրման եւ տեղադրման լիցենզավորված ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանը ArmLur.am-ի հետ զրույցում անկեղծացավ՝ նշելով, որ հերթերից հնարավոր էր խուսափել դեռեւս մի քանի ամիս առաջ:
«Խուսափել հնարավոր էր մի երկու-երեք ամիս առաջ, երբ որ մենք հերթագրման մեխանիզմն ասացինք, իրենք ասեցին, որ օրենքով նախատեսված չէ, եւ չենք անում: Հերթագրման մեխանիզմ մտածվեց հինգ-վեց օր առաջ»,- ասաց Մկրտիչ Տիգրանյանը:
Մասնագետը մեզ հետ զրույցում նշեց, որ երեկվանից գազալցակայաններում անհասկանալի վիճակ է: Արձանագրվել են դեպքեր, երբ գազալցկայանում չեն լցավորել անգամ փորձաքննություն անցած բալոնը:
«Կան գազալցակայաններ՝ երեւի 90-95 տոկոսը, որ չունեն համապատասխան տեխնիկա… Պետք է ունենան համակարգիչ, ինտերնետային կապ, պետք է համապատասխան դիմում-հայտ ներկայացնեն նախարարություն, որպեսզի ստանան գաղտնաբառ, որից հետո կարողանան մտնել բազա: Դրա համար ժամանակ է պետք»,- նկատեց մասնագետը:
Սակայն գազալցակայաններն այսօր միացված չեն թվային համակարգին, մինչդեռ այս համակարգի միջոցով լցակայանների աշխատակիցները հնարավորություն կունենան գազաբալոնների վկայագրումը ստուգել: Մեր զրուցակցի խոսքով՝ ճիշտ կլինի, որպեսզի առաջիկա օրերին պատկան մարմինները գազալցակայաններին վարչական պատասխանատվության չենթարկեն, մինչեւ ստեղծված խառնաշփոթը վերանա: Բայց, սրան զուգահեռ, նկատենք, որ խառնաշփոթ ստեղծած գերատեսչությունում՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում, լուռ են:
ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
Պաշտոնապես Հայաստանում պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտադրության ծավալները զգալի նվազել են: Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա հունվար-մայիս ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պղնձի խտանյութի ծավալները նվազել են 16.6, իսկ մոլիբդենինը` 5.3 տոկոսով:
Բացի այս, այս տարվա առաջին հինգ ամիսներին ցինկի խտանյութ եւս քիչ ենք արտադրել:
ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՆ
Կառավարությունը որոշել է փոխհատուցում տալ 44-օրյա պատերազմի ժամանակ վնասված ավտոմեքենաների սեփականատերերին: Նշենք, որ ռազմական դրության ժամանակ՝ ավտոմեքենաների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց ֆիզիկական եւ իրավաբանական անձանց փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ նախագիծը Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է դրել:
Տեղեկացնենք, որ 2020 թվականին հայտարարված ռազմական դրության եւ զորահավաքի շրջանակներում ներգրավվել են ավտոմեքենաներ, որոնց ռազմական գործողությունների ժամանակ հասցվել է վնաս:
Ի դեպ, «Գույքի գնահատման եւ աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված դրական եզրակացության համաձայն՝ թվով 11 անձանց փոխհատուցում կտրվի ընդհանուր 53 մլն 922 հազար դրամի չափով: Նշենք, որ 11 ավտոմեքենաներից 4-ն ընդհանրապես ոչնչացված են եւ առկա չեն, 7-ը վնասված վիճակով վերադարձվել են սեփականատերերին եւ կարող են օգտագործվել նպատակային նշանակությանը համապատասխան:
Այս նպատակով 2022 թվականի պետական բյուջեում առաջանալու է լրացուցիչ 53 մլն 922 հազար դրամ չափով ծախսերի կատարում, որը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվելու է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը համապատասխան ֆիզիկական եւ իրավաբանական անձանց փոխանցելու համար:
ԲԱՐՁՐԱՑՐԵԼ ԵՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ
Երեկ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.5%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 11%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8%:
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը։