ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը որոշում է ընդունել «ՀՀ 2022 թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն, ՀՀ կառավարության 2021թ. դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է, որ որոշումը բխում է ՀՀ վարչապետի մոտ 2022թ. հուլիսի 18-ին կայացած՝ «Կյանքի պուրակի» նախագծի քննարկման շրջանակում տրված հանձնարարականից: Մասնավորապես, առաջարկվում է ջրագիծ անցկացնել մինչեւ Բուսաբանական այգի, որով երկրորդ փուլով ողջ այգու տարածքում կանցկացվի համապատասխան ցանց, եւ այն կապահովվի ջրով: Ջրագծի երկարությունը մոտ 1,5 կմ է, որը պետք է սկսվի Սարկավագի փողոցից եւ հասնի մինչեւ Բուսաբանական այգի: Նախարարը նշել է, որ ամբողջ ծրագրի արժեքը 245 մլն ՀՀ դրամ է, եւ քանի որ նախագծով իրականացման համար նախատեսված է մոտ 200 օր, առաջարկվում է այս տարվա համար պլանավորել աշխատանքների կեսը եւ հատկացնել 122 մլն ՀՀ դրամ գումար: Եթե մրցույթում հաղթող շինարարական ընկերությունները կարողանան ավելին անել, հատկացվող գումարի ծավալը կավելանա, եթե ոչ, գումարի մնացածը մասը կնախատեսվի մյուս տարվա բյուջեով:

 

Ընդգծելով «Կյանքի պուրակի» նախագծի կարեւորությունը՝ վարչապետը նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, իրականում այս որոշումը որոշակի նախապատմություն ունի: 2020թ. 44-օրյա պատերազմից հետո մենք որոշեցինք, որ մեր նահատակների անվամբ կամ նրանց հիշատակը խորհրդանշող նոր կարգի սիմվոլ ունենանք, եւ մտածեցինք, որ պետք է ստեղծել մայրաքաղաքում մի պուրակ, որը խորհրդանշի կյանքը եւ կյանքի հաղթանակը: Գաղափարի քննարկման արդյունքում եկանք այն եզրակացության, որ պետք է ուղղակի լավ պուրակ ստեղծենք, եւ այն նախատեսված լինի, որ երեխաները գնան, աղմկեն, խաղան, ընտանիքներով մարդիկ գնան, այնտեղ ժամանակ անցկացնեն, զբոսնեն, եւ դա լինի կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ ներկայացնող կարեւոր խորհրդանիշը, եւ մեր նահատակների հիշատակի ընդգծման այդպիսի՝ մի փոքր այլ մեթոդ կիրառենք: Դրա մասին բազմիցս ենք խոսել:

Երբ հողատարածք էինք փնտրում, մեզ ասվեց, որ Երեւանի Բուսաբանական այգում մոտ 30 հա ամայի տարածք կա, որը չորացել է ժամանակի ընթացքում չխնամելու բերումով: Հետո այս քննարկումների ընթացքում պարզվեց, որ իրականում ամբողջ Բուսաբանական այգին կամ դրա մեծ մասն է այդ վիճակում, ինչն անակնկալ էր մեզ համար: Մենք հասկացանք, որ իրականում, «Կյանքի պուրակի» գաղափարն օգտագործելով, պետք է վերակենդանացնենք ամբողջ Բուսաբանական այգին եւ ծրագրի մասշտաբներն ընդլայնենք: Եվ մոտավորապես մեկ ամիս առաջ նախագծի քննարկում է տեղի ունեցել, նախագծի ընդհանուր կոնցեպտուալ մոտեցման վերաբերյալ կարծես որոշակի եզրակացության եկել ենք: Բայց այդ ընթացքում պարզվեց, որ, անկախ այդ ամենից, կա ջրագիծ անցկացնելու խիստ անհրաժեշտություն, որովհետեւ Բուսաբանական այգում ոռոգման խնդիր կա: Մենք որոշեցինք սա իրականացնել շուտափույթ, այսինքն՝ առաջնային կարգով, եւ հույս ունենք, որ հնարավորինս արագ այդ աշխատանքը կսկսվի:

Ընդ որում՝ երբ ծրագիրն ամբողջությամբ իրականացնենք, նախ՝ Երեւան մայրաքաղաքի համար դա շատ մեծ էկոլոգիական նշանակություն կունենա, համայնքային կյանքի կազմակերպման համար մեծ նշանակություն կունենա եւ, ինչպես ասացի, մեր նահատակների, մեր ընկած զինվորների, եղբայրների, սպաների հիշատակի ընդգծման նոր մեթոդ կդառնա: Ես այդ մասին խոսել եմ նաեւ 2021 թվականին՝ Հայաստանի անկախության 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ՝ խնդիրը ձեւակերպելով մեկ նախադասությամբ. «Մեր նահատակներն ընկան, որ Հայաստանն ապրի»: Մենք այդ ապրելու տրամաբանությունը պետք է կարողանանք զարգացնել, որքան էլ բոլոր հնարավոր կողմերից փորձեն այնպես անել, որ դա հնարավոր չլինի: Բայց մենք պետք է գնանք այս ճանապարհով եւ այդ առաքելությունն իրագործենք»:

 

 

 

ԲՈՒՖԵՐԱՅԻՆ ԳՈՏՈՒ ԴԵՐ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը սոցցանցի իր էջում գրել է. «ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում անդրադառնալով «Լաչինի միջանցք»-ի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նշում է. «Անթույլատրելի ենք համարում ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները, որոնցով փորձ է արվում միակողմանիորեն փոփոխել Լաչինի միջանցքում եռակողմ հայտարարության 6-րդ կետով սահմանված իրավական ռեժիմը, եւ վերահաստատում, որ Լաչինի միջանցքով անցնող երթուղին կարող է փոփոխվել միայն հայտարարությունը ստորագրած կողմերի հաստատած պլանի համաձայն»։ Լաչինի միջանցքի երկայնքով կառուցվող ճանապարհով նոր երթուղու շահագործման դեպքում «միջանցք» հասկացողությունը դուրս է գալու գործածումից եւ պարզապես վերածվելու է ճանապարհի։ Հիշեցնենք, որ միջանցքի դեպքում սահմանված էր ճանապարհի աջ ու ձախ հատվածներում 2.5-ական կմ հատված՝ ընդհանուր 5 կմ լայնությամբ, որն, ըստ էության, նաեւ բուֆերային գոտու դեր ուներ եւ այն սահմանված էր առաջին հերթին անվտանգության նկատառումներով։

Նոր երթուղու դեպքում Ադրբեջանը փորձում է հասնել բուֆերային գոտու, անվտանգության շերտի վերացմանը, ինչի արդյունքում տեսականորեն ճանապարհից 5-10 մետր հեռավորության վրա կարող են ադրբեջանական դիրքեր ու անձնակազմ տեղակայվել, ինչը բացառելի է գործող միջանցքի պարագայում (Շուշիի հատվածում այլ ռեժիմ է գործում)։ Թե ինչ հետեւանքների կբերի այս վտանգավոր գաղափարի գոյությունը հենց միայն անվտանգային տեսանկյունից, արդեն պարզ է, իսկ ՀՀ իշխանությունների տրաֆարետային հայտարարությունները զուտ իմիտացիոն, իշխանության պահպանման գործառույթ ունեն»։

 

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գտնվում է կառուցվածքային փոփոխությունների գործընթացում, որի անհրաժեշտությունը պայմանավորված է նախարարության կողմից իրականացվող մի շարք ոլորտներում նոր գործառույթների ավելացմամբ, ինչը հանգեցրել է նախարարության առջեւ դրված խնդիրների, գործառույթների եւ ստորաբաժանումների լրացմանը։ Նախարարության ներկայիս 13 հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների փոխարեն սահմանվել են 21 հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ առկա 85 քաղաքացիական ծառայության թափուր եւ ժամանակավոր թափուր պաշտոնների թվաքանակը նախատեսվում է դարձնել 110։

 

 

 

ԳՈՒՄԱՐԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄ

«Ֆուլեր տնաշինական կենտրոն»   բարեգործական հասարակական   կազմակերպության եւ Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն գյուղի բնակիչ Ալբերտ Բախչագուլյանի միջեւ 2014 թվականի ապրիլի 28-ին  կնքվել է  փոխառության պայմանագիր, որի հիման վրա «Ֆուլեր տնաշինական կենտրոն» ԲՀԿ-ն Ա. Բախչագուլյանին տրամադրել է նպատակային փոխառություն  3 միլիոն 635 հազար ՀՀ դրամի չափով, որը Ա. Բախչագուլյանը պարտավորվել է վճարել  2014 թվականի դեկտեմբերի 1-ից մինչեւ 2034 թվականի փետրվարի 15-ը ամենամսյա վճարումներ կատարելու միջոցով՝ ամսական15 հազար 150 դրամի  չափով։ Ի ապահովումն փոխառության պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման՝ 2014թ. ապրիլի 30-ին «Ֆուլեր  տնաշինական կենտրոն» ԲՀԿ-ի եւ Ալբերտ Բախչագուլյանի միջեւ կնքվել է վերջինիս սեփականության իրավունքով պատկանող գույքի՝  Տավուշի մարզի Վազաշեն գյուղի 8-րդ փողոցի 8 տուն հասցեում գտնվող 319,9քմ ընդհանուր մակերեսով բնակելի տան եւ նույն հասցեում գտնվող  0,105 հա մակերեսով հողամասի հիպոթեքի պայմանագիր, ըստ պայմանագրի՝ գրավի իրավունքը տարածվում է  նաեւ հողամասի վրա հետագայում  կառուցվելիք բոլոր  շինությունների վրա։ Համաձայն ՀՀ ԿԱ անշարժ գույքի սեփականության իրավունքի  գրանցման վկայականի՝ Վազաշեն գյուղի 8-րդ փողոցի 8-րդ բնակելի տունը սեփականության իրավունքով պատկանում  է Ա. Բախչագուլյանին, իսկ Վազաշենի 8-րդ փողոցի 8-րդ տունը եւ 0,105 հա մակերեսով հողամասը  գրավի իրավունքով գրանցված է  «Ֆուլեր  տնաշինական կենտրոն»  ԲՀԿ-ի անվամբ։ 2014 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2021 թվականի նոյեմբերի 29-ն ընկած ժամանակամիջոցում Ա. Բախչագուլյանի պարտավորության չափը  «Ֆուլեր տնաշինական կենտրոն»   ԲՀԿ-ին  կազմում է 2 միլիոն  704 հազար 900 դրամ։  «Ֆուլեր  տնաշինական կենտրոն»  ԲՀԿ-ն   Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան  գումարի բռնագանձման պահանջով հայցադիմում  է ներկայացրել՝ ընդդեմ  Ա. Բախչագուլյանի։ 2022թ. հուլիսի 14-ին դատավոր Նոնա Դալլաքյանը վճռել է  հայցը բավարարարել մասնակի, Ա. Բախչագուլյանից հօգուտ «Ֆուլեր  տնաշինական կենտրոն»   ԲՀԿ-ի  բռնագանձել  2 միլիոն 704 հազար 900 դրամ՝ որպես փոխառության պայմանագրով չկատարված պարտավորության գումար, բռնագանձումը տարածել  գրավի առարկա հանդիսացող, Ա. Բախչագուլյանին պատկանող 0,105 հա մակերեսով  հողամասի վրա, «Ֆուլեր  տնաշինական կենտրոն» ԲՀԿ-ն ընդդեմ Ա. Բախչագուլյանի՝ Ա. Բախչագույանին պատկանող այլ գույքերի վրա բռնագանձում տարածելու պահանջը մերժել, Ա. Բախչագուլյանից  հօգուտ  «Ֆուլեր տնաշինական կենտրոն»  ԲՀԿ-ի բռնագանձել 102 հազար 558 դրամ՝ որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար, ինչպես նաեւ 30 հազար դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս