Լուսանկարն արվել է Երեւանում
Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, գրեթե 1 ժամ խցանում էր առաջացել Երեւանի Երվանդ Քոչարի փողոցում, որտեղ բախվել էին Mercedes GLS 450 մակնիշի եւ այլ ավտոմեքենաներ։ Վարորդները 1 ժամ է՝ սպասում էին «մեծն ԱՊՊԱ-ին»։ Այդ հատվածով անցնելու համար վարորդներից պահանջվում էր 20-25 րոպե։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ո՞վ ունի ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնության իրավունք:
Դերենիկ Գրիգորյան (48 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի կենսաթոշակառու, ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունեցող անձ չհամարվող անդամներից մեկը մահացել է եւ դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է, եթե դիմումը ներկայացվել է մահվան օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում, եւ ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք:
ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՀԱՐՑ. ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ակցիզային դրոշմանիշներով պարտադիր դրոշմավորման ոչ ենթակա, ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծման դեպքում ակցիզային հարկը ի՞նչ ժամկետում պետք է վճարվի:
Հրանտ Մինասյան (31 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ակցիզային դրոշմանիշներով պարտադիր դրոշմավորման ոչ ենթակա, ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծման գործարքների մասով ակցիզային հարկի վճարման ժամկետները սահմանվում են «Անուղղակի հարկերի մասին» արձանագրությամբ եւ «Անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (ակցիզային հարկի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչեւ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք փաստացի ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրը ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ):
ՀՀ հարկային պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանի Հանրապետություն ներմուծվող, ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների (բացառությամբ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող՝ ակցիզային դրոշմանիշներով պարտադիր դրոշմավորման ոչ ենթակա, ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների) համար օրենքով սահմանված կարգով հարկ վճարող (հարկի վճարման պարտավորություն կրող) անձանց կողմից ակցիզային հարկը վճարվում է ներմուծման օրվանից տասն օրվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: