Սեպտեմբերի 16-ին կայացել է ԱՀ Ազգային ժողովի պատվիրակության հանդիպումը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորների հետ։ Այս մասին հայտնում են Արցախի Ազգային ժողովը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, Հայաստանի և Արցախի շուրջ առկա մարտահրավերները։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները վստահեցրել են, որ Արցախի հարցով ստորագրվելիք որևէ փաստաթուղթ չկա։
Միաժամանակ պատրաստակամություն են հայտնել աջակցելու Արցախի ժողովրդի և իշխանությունների ցանկացած որոշում՝ ընդգծելով, որ Արցախի ապագայի հարցով որոշումները պատկանում են միայն Արցախի ժողովրդին։ Երկուստեք կարևորվել է արտաքին մարտահրավերներին դիմակայելու գործում համաժողովրդական համախմբվածությունն ու համերաշխությունը։