«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վիվառո»-ի հիմնադիր, գործարար եղբայրներ Վիգեն եւ Վահե Բադալյանները ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն չեն անցել։
«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանը, թե ինչու նրանք բանակում չեն ծառայել, Պաշտպանության նախարարությունը հրաժարվել է պատասխանել՝ հիմնավորելով. «Տեղակատվության տրամադրումը մերժվում է՝ հիմք ընդունելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները»։ Միայն փաստել են, որ եղբայրները բանակում չեն ծառայել:
Այսինքն՝ առցանց շահումով խաղերի հաշվին (օնլայն կազինոների) միլիոններ աշխատող եղբայրների՝ բանակում ծառայել-չծառայելու հարցը պետությունը պաշտպանում է «օրենքի տառին համապատասխան»։ Բայց հարցն ունի խիստ բարոյական կողմ. կյանքը ցույց տվեց հատկապես 44-օրյա պատերազմից հետո, որ զոհերն ու վիրավորները հիմնականում չքավոր ընտանիքների երեխաներն են, որոնց ծնողների մտքի ծայրով էլ չի կարող անցնել, որ ինչ-որ մի օր իրենց որդիներին բանակից ազատելու հնարավորություն կունենան։
Իհարկե, դատելով մամուլում հրապարակված տեղեկություններից՝ Բադալյան եղբայրները Մալթայի քաղաքացիներ են, ինչից կարելի է ենթադրել, որ պարտադիր զինծառայությունից կարող էին ազատվել այլ երկրի քաղաքացի լինելու հիմքով, բայց դա թաքցվում է ՊՆ-ում գրեթե «պետական գաղտնիք» -ի նման:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում