Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այսօր ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծված օպերատիվ շտաբի գործունեության ուղղությունների ու իրականացվող քայլերի ներկայացման նպատակով:
Այս մասին տեղեկացնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Նշելով, որ շտաբի հիմնական գործունեությունն ուղղված է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում բնակչության բնականոն կենսագործունեության ապահովմանը՝ Ռուբեն Վարդանյանը կարևորել է պետական մարմինների, մասնավոր ընկերությունների միջև փոխգործակցված և արդյունավետ աշխատանքի կազմակերպումը:
«Ամենակարևոր ուղղություններն են անվտանգությունը, առողջապահությունը, ենթակառուցվածքների գործունեության ապահովումը:
Օպերատիվ շտաբում ընդգրկված են ինչպես պետական պաշտոնյաներ, այնպես էլ մասնավոր և հասարակական ոլորտների ներկայացուցիչներ: Ինձ համար չկա իշխանություն, ընդդիմություն: Կա ստեղծված բարդ իրավիճակ, և բոլորս, բոլոր կարող ուժերը պետք է միավորվեն՝ կազմակերպված աշխատանքի և իրավիճակից ելքեր գտնելու համար»,-ընդգծել է պետնախարարը: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել և քննարկվել է օպերատիվ շտաբի կողմից մշակված՝ վառելիքի տրամադրման կարգը:
Վառելիքն առաջնահերթ տրամադրվելու է հանրային նշանակության և հատուկ ծառայություններին, ինչպես նաև կենսական կարևորության օբյեկտներին:
Կարգով նախատեսված աշխատանքների ապահովումն իրականացնելու է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև բնակչությանը հուզող խնդիրներին արագ արձագանքելու և պատշաճ տեղեկատվություն տրամադրելու հարցերին: