Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսը միջազգային համայնքին կոչ է արել հնարավոր բոլոր միջոցներով միջամտել, որպեսզի Ադրբեջանի կողմից փակված Լաչինի միջանցքը, որը Արցախի ու Հայաստանի միջև միակն կապն է, վերաբացվի:
«Ադրբեջանի այս քայլը ցեղասպանության դրսևորում է, քանի որ այս պայմաններում արցախահայերը շուտով հիվանդության ու սովի համաճարակի մեջ կարող են հայտնվել: Հետևաբար, միջազգային համայնքն իրավունք չունի անտարբեր և լուռ մնալու մարդասիրական ու մարդկային հիմնական օրենքների և սկզբունքների խախտմանը»,- շեշտել է վեհափառ հայրապետը։
Արամ Ա կաթողիկոսի կոչը փոխանցվել է միջեկեղեցական, միջկրոնական և միջազգային այլ կազմակերպությունների:
Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: