Արդեն չորս օր է ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման պաճառով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության արգելափակումը առաջացնում է Արցախի բնակիչների մի շարք հիմնարար իրավունքների խախտումներ, բացի այդ՝ Ադրբեջանը խափանել է նաև Արցախի գազամատակարարումը:
Արցախում կատարվող իրադարձություններին հետևում են նաեւ աշխարհում մեծ ճանաչում ունեցող հայ հայտնիները, ովքեր համացանցային տիրույթում բարձրաձայնում են Արցախում տիրող իրավիճակը եւ դիմում միջազգային կառույցներին:
ArmLur.am-ը ստորեւ ներկայացնում է նրանցից մի քանիսին:
Ամերիկյան Fox 11 հեռուստաալիքի հաղորդավարուհի, «Էմմիի» մրցանակակիր Արաքսյա Կարապետյան. «Աշխարհում այնքան բան է կատարվում…. երբեմն այդ ամենը կարող են ճնշող եւ հուսահատեցնող լինել
Հայաստանում հենց այս պահին հումանիտար ճգնաժամ է սրվում: Արդեն երեք օր է ինչ Հայաստանն Արցախին կապող ճանապարհը փակ է, ինչը խոչընդոտում է ազատ տեղաշարժին եւ մատակարարմանը: Բացի այդ դադարեցվել է գազամատակարարումը 120 հազար մարդկանց համար՝ ցածր ջերմաստիճանի պայմաններում»:
Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյան. «Որքան երկար եք լռում, այնքան երկար է տեւում աղետը: Որքան երկար եք լռում, այնքան ավելի պատասխանատու եք դառնում այս հարցում: Սա վերաբերում է ցանկացածին, ում թվում է, թե այս հարցն իր խնդիրը չէ… բարձրացրեք ձեր ձայնը»:
Ռուս հայտնի շոումեն, հումորիստ Գարիկ Մարտիրոսյան
«Բոլորը քաջ գիտակցում են, որ մի քանի օր է, ինչ ամբողջությամբ փակված է Հայաստանը Արցախի հետ կապող միակ՝ կյանքի ճանապարհը։ 120 հազար հայ, այդ թվում՝ 30 հազար երեխա, մնացել են առանց առաջին անհրաժեշտության դեղամիջոցների, առանց բենզինի եւ դիզվառելիքի, գազամատակարարումն ամբողջությամբ անջատված է։ Որպես բժիշկ եւ որպես մարդ, խնդրանքով դիմում եմ բոլոր անհատներին, բոլոր կազմակերպություններին, որոնք կարող են օգնել՝ ապաշրջափակելու կյանքի ճանապարհը. խնդրում եմ քայլեր ձեռնարկել, կանխել հումանիտար աղետը, որը ցավոք արդեն սկսված է»,- ասել է նա իր տեսաուղերձում։
Լիդա Եղիազարյան