Ադրբեջանը կարող է հարվածներ հասցնել Կաշենի հանքին․ Հայրապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանագետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը վստահ է՝ Բերձորի միջանցքը փակած ադրբեջանցիներին, այսպես կոչված, բնապահպանական հարցերն ու Կաշենի հանքի էկոլոգիական հարցը գրեթե չի հետաքրքրում։ Նրանց նպատակն Արցախը հայաթափելն է։

«Ադրբեջանն ուզում է հասնել այն բանին, որ երբ ճանապարհը բացվի, մարդիկ դուրս գան Արցախից։ Ամեն ինչ դրա մասին է վկայում ու դրան է տանում։ Մնացած այլ տեսություններ, իմ համոզմամբ, ավելի շատ դավադրապաշտական են, քան թե իրական։ Բայց, ընդհանուր առմամբ, իրավիճակը բարդ ու ոչ միանշանակ է։ Ինչո՞ւ, որովհետև Ադրբեջանի ղեկավարությունը շահագործման է հանձնել Կաշենի հանքը, իրավական պարտավորվածություն ունի բրիտանական կազմակերպության առաջ, և այժմ էլ պարզ տեքստով ասվում է, որ ադրբեջանական կողմը պարտավոր է մուտքը ապահովել»,- նշում է նա։

Նախկին պատգամավորը հղում է անում նաև ադրբեջանական մամուլում տեղ գտած այն հոդվածներին, որտեղ ասվում է՝ եթե հայերը տեղի չտան ու դեպի հանք տանող ճանապարհը չբացեն, իրենք կարող են նաև օդային հարվածներ հասցնել, ընդհուպ՝ հանքը ոչնչացնել։

«Կարծում եմ, այո, Ադրբեջանն ունի նման սցենար։ Հանքին, միգուցե, ուղիղ հարվածներ չհասցնի, ու, չեմ կարծում, ռազմական լայնամասշտաբ գործողություններ սկսվեն, բայց հարվածներ հանքին կլինեն, որ այնտեղ աշխատանքը կանգ առնի։ Այդ խոսակցությունն, ի դեպ, ընդհուպ մինչև պատգամավորների մակարդակով շրջանառվում է»,- շեշտում է ադրբեջանագետը։

Սևակ Վարդումյան




Լրահոս