Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում նախարարի տեղակալներ Արամ Մեյմարյանի և Տիգրան Գաբրիելյանի գլխավորությամբ անցկացվել է ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագրի իրականացման ընթացքը։
Այս մասին տեղեկացնում է նախարարությունը։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են գերատեսչությունների կողմից իրականացված աշխատանքները և գույքագրված խնդիրները, ինչպես նաև վերահսկողության միջոցառումներն առավել արդյունավետ դարձնելու քայլերը։ Զեկույցներով հանդես են եկել միջոցառումների իրականացման կողմ կառույցների ներկայացուցիչները, հնչեցրել իրենց տեսակետներն ու կարծիքները։
Այսպիսով՝ դեկտեմբերի 15-ից 19-ն ընկած ժամանակահատվածում առգրավվել է 975 հատ սիգ տեսակի ձուկ և 6.5 կգ ձկնկիթ։
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ նշանակության ջոկատի կողմից լճից դուրս են բերվել մեծ թվով ձկնորսական ցանցեր։
Նախապատրաստվում են նյութեր Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 89 հոդվածի հատկանիշներով՝ (թվով 3) և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 112.6 հոդվածի հատկանիշներով՝ (թվով 1)։