ԱՇԽԱՐՀԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն 5-րդ օրն է, ինչ Ադրբեջանը փակ է պահում Արցախը ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ աշխարհին կապող հաղորդակցային միակ հանգույցը՝ Բերձորի միջանցքը։ Այս օրերի ընթացքում աշխարհի տարբեր երկրներ ու կազմակերպություններ Ադրբեջանին հորդորել են անհապաղ բացել միջանցքն ու ապահովել արցախցիների բնականոն տեղաշարժը։

 

Դեկտեմբերի 14-ին Կանադայի արտաքին գործերի նախարարությունն էր հաղորդագրություն տարածել՝ նշելով. «Կանադան ուշադրությամբ հետեւում է Լաչինի միջանցքի փակմանը եւ դրան հաջորդող զարգացումներին»։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին վերաբացել միջանցքը եւ ապահովել ազատ տեղաշարժը՝ խուսափելու հնարավոր հումանիտար աղետից»,- Twitter-ի էջում նման գրառում էին արել Կանադայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները։

Միացյալ թագավորության Եվրոպայի հարցերով դեսպան Լեո Դոքըրթին էլ նորից Twitter-ի էջում գրել էր. «Լաչինի միջանցքի փակումը եւ ձմռանը գազամատակարարման խաթարումը լուրջ հումանիտար հետեւանքների վտանգ է պարունակում: ՄԹ-ն հույս ունի, որ եւ՛ Ադրբեջանը, եւ՛ Հայաստանը կկատարեն հրադադարի շուրջ ստանձնած բոլոր պարտավորությունները։ Տեւական կարգավորմանը հնարավոր է հասնել միայն խաղաղ, դիվանագիտական ճանապարհով»։

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն էլ Բաքվին կոչ է արել վերականգնել արցախցիների ազատ տեղաշարժն ու հավելել. «Լաչինի միջանցքի փակումը լուրջ մարդասիրական հետեւանքներ ունի եւ հետ է մղում խաղաղության գործընթացը։ Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը։ Առաջ գնալու ճանապարհը բանակցություններն են»։

Ադրբեջանի խանություններին կոչով դիմել է նաեւ ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի խոսնակ Պետեր Ստանոն՝ ընդգծելով, որ պետք է ապահովել միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: «Հորդորում եմ հարցերը լուծել երկխոսության եւ խորհրդակցությունների միջոցով»,- նշել է ԵՄ պաշտոնյան։

Առավել խիստ ու հասցեական էր Ֆրանսիայի կոչ-հորդորը։ Պաշտոնական Փարիզը Բաքվին հորդորում է առանց որեւէ նախապայմանի վերականգնել Լաչինի միջանցքով երթեւեկությունը։ Ադրբեջանը, հիշեցնում է ֆրանսիական կողմը, պարտավորվել է երաշխավորել Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտի եւ ապրանքների տեղաշարժի անվտանգությունը։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, որի խաղաղապահ զորախումբն է իրականացնում Լաչինի միջանցքի անվտանգությունը, ապա պաշտոնական Մոսկվան արդեն քանի օր շարունակ միայն պաշտպանական գերատեսչության մակարդակով է խոսում՝ ընդգծելով, որ ադրբեջանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են։ Այս ամենին զուգահեռ՝ Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու մասին բանաձեւ: Իր հերթին Հայաստանն էլ դիմել է ՄԻԵԴ՝ պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԳՐԱՌՈՒՄԸ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ 2 գրառում է կատարել իր սոցիալական միկրոբլոգում:

«Լաչինի միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է, քանի որ, ըստ հայտարարության 6-րդ կետի, միջանցքը գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների վերահսկողության տակ, եւ Ադրբեջանը պետք է երաշխավորի քաղաքացիների, տրանսպորտի եւ ապրանքների տեղաշարժի անվտանգությունը»,- գրել է վարչապետը:

Երկրորդ գրառման մեջ նա նշել է. «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման եւ գազի մատակարարման դադարեցման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում 120 հազար մարդ հայտնվել է պատանդի կարգավիճակում։ Դպրոցներն ու մանկապարտեզները ստիպված են դադարեցնել աշխատանքը. 22 հազար երեխա զրկված է կրթության իրավունքից»:

 

 

 

 

ՄԻՊ-Ը ԸՆԴՈՒՆԵԼ Է

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է ՀՀ ԱԳՆ-ի կողմից կազմակերպված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի մասնակիցներ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիին եւ ՄԱԿ-ի անկախ հետաքննության մեխանիզմի ղեկավար Նիքոլաս Կումջյանին։ Դեկտեմբերի 14-ի հանդիպման ընթացքում Պաշտպանը եւ ֆորումի մասնակիցներն անդրադարձել են ցեղասպանության կանխարգելման գործում նոր տեխնոլոգիաների կիրառման մարտահրավերներին, հնարավորություններին եւ հեռանկարներին: Քրիստիննե Գրիգորյանը կարեւորել է, որ միջազգային կազմակերպությունները չանտեսեն ցեղասպանական քաղաքականության նմանատիպ վաղ ազդակները, ինչը կլինի արդյունավետ կանխարգելման լավ միջոց։ Հանդիպման ընթացքում Քրիստիննե Գրիգորյանը պատասխանել է հյուրերի հարցերին, մասնավորապես՝ ներկայացրել ՄԻՊ մանդատը, գործառույթները, խոսել աշխատակազմի կատարած աշխատանքների մասին։

 

 

 

 

ՊԵԿԻՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ

Պեկինը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկխոսության միջոցով համատեղ կաջակցեն տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը. այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը՝ ՏԱՍՍ-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։  «Մենք հույս ունենք, որ երկու երկրները կամրապնդեն երկխոսությունը, ինչպես նաեւ համատեղ կաջակցեն տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը եւ քաղաքացիների խաղաղ կյանքին»,- ասել է Վենբինը։

 

 

 

 

ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է

Դեկտեմբերի 11-ից քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, ներկայանալով որպես բնապահպան ակտիվիստներ, շինծու բնապահպանական մտահոգությունների պատրվակով փակել են Արցախը Հայաստանի եւ աշխարհի հետ կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը: Այս ընթացքում դատապարտող եւ Ադրբեջանին Լաչինի միջանցքը բացելու կոչեր եւ հայտարարություններ հնչեցին տարբեր երկրների կողմից, սակայն, օրինակ, Ռուսաստանի Դաշնությունը, որը խաղաղապահ առաքելություն է իրականացնում հենց այդ սահմանին, մինչ երեկ լուռ էր: Միայն նախօրեին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեց, թե Ռուսաստանը մտահոգված է Լաչինի միջանցքի փակմամբ, ակնկալում է մոտ ապագայում տրանսպորտային կապի լիարժեք վերականգնում:

ArmLur.am-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը նշում է, թե այս հարցի կարգավորումը հայտարարությունների տիրույթում չէ, եւ հետեւաբար ՌԴ-ի կողմից մինչեւ այս արձագանք չէր եղել: «Այստեղ հայտարարություններով հարց չեն լուծում: Եղան հայտարարություններ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի կողմից, բայց դրանից հետո ինչ-որ բան փոխվե՞ց. ո՛չ, քանի որ հարցի կարգավորումը գտնվում է բանակցությունների տիրույթում Մոսկվայի եւ Բաքվի միջեւ, եւ նրանք այս ընթացքում այդ բանակցություններն իրականացրել են», – նշեց նա:

Ռուս քաղաքագետը չի զարմանում մեզ մոտ առկա հակառուսական տրամադրություններից՝ ասելով, թե դա նորություն չէ Հայաստանի պարագայում: «Խաղաղապահները պետք  է զուսպ վարք դրսեւորեին, չտրվեին սադրանքների, քանի որ հետեւանքները կարող էին տարբեր լինել: Ադրբեջանն այսպես նաեւ նպատակ ունի ազդել ռուս խաղաղապահների իմիջի վրա եւ տպավորություն ստեղծել, թե այնտեղ խաղաղապահներ պետք չեն, եւ հարց կառաջանար նրանց այնտեղից ժամանակից շուտ դուրս բերելու, ինչը, չեմ կարծում, թե հայկական կողմի հետաքրքրությունների տիրույթում է: Պատկերացրեք, թե այդ դեպքում ինչ կլիներ», – նշեց նա:

Նա նկատում է՝ Ադրբեջանում շատ լավ հասկանում են, որ այժմ Ռուսաստանի Դաշնության հետաքրքրությունների տիրույթում ավելի շատ Ուկրաինան է: «Ռուսաստանը վստահաբար աշխատում է, անում իր գործը, խաղաղապահները եւս, եւ պետք է թույլ չտալ, որ հետագա իրավիճակը սրվի:  Ադրբեջանն օգտագործում է այն փաստը, որ Ռուսաստանը գերզբաղված է Ուկրաինայի շուրջ իրավիճակով, եւ դա հավելյալ խթան է Բաքվի համար ԼՂ-ի հարցում իր գործողությունները սրացնելու համար: Վստա՛հ եղեք, որ բանակցությունները ընթանում են, եւ պետք է հասնել նրան, որ իրավիճակն ավելի չվատանա», – հավելեց նա:

Ն.Հ.




Լրահոս