Հայաստանի մարզերի թատրոնները պատրաստվում են Ամանորին նոր ներկայացումներով ու տոնական միջոցառումներով, որոնք կարող են հետաքրքրել եւ՛ փոքրիկներին, եւ՛ մեծահասակ հանդիսատեսին:
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում դեկտեմբերի 20-30-ը ցուցադրվելու է «Սառցե թագավորություն» ամանորյա երաժշտական ուրախ ներկայացումը: Հեքիաթի հերոսները սիրով կսպասեն եւ՛ մեծահասակներին, եւ՛ փոքրիկներին:
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում թատերասերները դեկտեմբերի 23-29-ը հնարավորություն կունենան դիտելու «Մերին եւ ամանորյա հրաշքը» ներկայացումը: Յուրաքանչյուրիս կյանքում ամենակարեւորը մանկությունն է, որից հեռացել էր հեքիաթի հերոսուհի Մերին։ Սուրբծննդյան օրը նա կարողանում է իր ընկերների օգնությամբ գտնել իր կորցրած մանկությունը։ Մենք պետք է կարողանանք միշտ վառ պահել մեր մեջ ապրող այն հեքիաթը, որը ծնվում եւ մեծանում է մեր մանկության հետ միասին:
Ամանորի կախարդանքը մոտ է. հիշեցնում է Գավառի Լեւոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնը: Թատրոնը հանդիսատեսին հորդորում է շտապել փոքրիկների օրը տոն դարձնել, պարգեւել բարձր տրամադրություն ու ժպիտներ՝ դեկտեմբերի 20-ից թատրոնում դիտելով «Ամանորի կախարդանքը» մանկական երաժշտական ներկայացումը:
Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը դեկտեմբերի 19-30-ը հրավիրում է դիտելու «Ձնեմարդը» ամանորյա երաժշտական ներկայացումը։ «Ձնեմարդը» ներկայացումը ամանորյա հրաշքի, ընկերության, համերաշխության եւ սիրո մասին է։ Հանդիսատեսը հնարավորություն կունենա մասնակիցը դառնալու հրաշքի։
Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնում դեկտեմբերի 23-ից սկսած թատերասերները կարող են դիտել «Կաղանդ պապի վերադարձը» ներկայացումը: Ծնողները կարող են հիշարժան ու անմոռանալի րոպեներ պարգեւել իրենց եւ իրենց բալիկներին՝ հաճախելով այս ներկայացմանը, որտեղ սպասվում են շատ ու շատ հետաքրքիր ու գեղեցիկ պահեր:
ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՄՈՒՄ Է
Հայաստանի գրողների միության վարչությունն ու նախագահությունը դիմում են աշխարհի գրական-մշակութային կազմակերպություններին, գործիչներին՝ շեշտելով, որ ադրբեջանցի չակերտավոր բնապահպանների՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը բնապահպանական հորինովի խնդիրներով փակելու հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ծանր սոցիալ-տնտեսական եւ բարոյահոգեբանական վիճակում են նաեւ գրողների միության անդամները:
Տարածած հաղորդագրության մեջ միությունը ակնկալում է միջազգային կազմակերպությունների ձայնի ուժգին ալիքը, այլապես այսպիսի «բնապահպաններ» մի օր հայտնվելու են իրենց երկրների ճանապարհներին:
«Զարմանալի է՝ ուր էին այդ բնապահպանները, երբ ֆոսֆորի ռումբեր էին նետում Լեռնային Ղարաբաղի անտառների, բեկորային ռումբեր էին նետում քաղաքացիական շենքերի, մանկապարտեզների, դպրոցների, հիվանդանոցների վրա: Երեւի այդ ժամանակ սելֆի էին անում Ռամիլ Սաֆարովի հետ: Բարեբախտաբար, աշխարհի բարեսիրտ մարդիկ, օրինասեր միջազգային կազմակերպությունները եւ երկրները իրենց ձայնն էին բարձրացնում այս մարդկային, ցեղասպան, դարերով մշակված գործողությունների դեմ: Լեռնային Ղարաբաղում գրողների միության անդամները ծանր սոցիալ-տնտեսական եւ բարոյահոգեբանական վիճակում են: Նրանցից ոմանք ծեր են, հիվանդ եւ բուժօգնության ու աջակցության կարիք ունեն»,-ասվում է հաղորդագրության մեջ:
ԲՈՂՈՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՖԻՖԱ
Մարոկկոյի ֆուտբոլի ֆեդերացիան (FRMF) պաշտոնական բողոք է ներկայացրել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիա (ՖԻՖԱ):
Մարոկկացիների բողոքը վերաբերում է աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Ֆրանսիայի հավաքականի դեմ հանդիպման մրցավարական աշխատանքին: Այդ հանդիպումը սպասարկել էր մեքսիկացի Սեզար Ռամոսի գլխավորած անձնակազմը:
FRMF-ը կարծում է, որ Ռամոսը երկու 11-մետրանոց չի նշանակել ֆրանսիացիների դարպասին։ 27-րդ րոպեին ֆրանսիացի պաշտպան Տեո Էրնանդեսը սեփական տուգանային հրապարակում բախվել է մարոկկացի կիսապաշտպան Սոֆյան Բուֆալի հետ։ Մրցավարը խախտում էր արձանագրել Բուֆալի գործողություններում եւ նրան ցույց տվել դեղին քարտ: Ըստ մարոկկացիների՝ մեքսիկացի մրցավարը 11-մետրանոց չի նշանակել նաեւ ֆրանսիացիների տուգանային հրապարակում Սելիմ Ամալայի ընկնելու դրվագում:
«FMRF-ը դիմել է համապատասխան մարմնին՝ խնդրելով վերանայել մրցավարական որոշումները, որոնք զրկել են Մարոկկոյի հավաքականին երկու 11-մետրանոցներից։ Ըստ մի շարք մրցավարական փորձագետների՝ դրանք անվիճելի էին։ Մենք նաեւ զարմացած ենք, որ մրցավարի տեսաօգնականը (VAR-ը) չի արձագանքել այս դրվագներին»,- նշված է Մարոկկոյի արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարությունում:
ԼՈՂԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
Մելբուռնում մեկնարկել է աշխարհի լողի առաջնությունը (25 մետր լողավազանում):
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Բատերֆլայ ոճում Արթուր Բարսեղյանը 50 մետրն անցել է 23,65 վայրկյանում եւ 66 մրցակիցների պայքարում գրավել է 46-րդ տեղը: Այդ արդյունքը նրա իսկ սահմանած ՀՀ ռեկորդի կրկնություն էր, որն ընդամենը շաբաթներ առաջ գրանցել էր Կազանում անցկացված միջազգային մրցաշարում: Դեկտեմբերի 16-ին նա կմրցի 50 մետր ազատ ոճում:
Հայաստանի երկրորդ պատվիրակ Անի Պողոսյանը 100 մետր ազատ ոճում 63 մասնակիցների պայքարում ցույց տվեց 57,91 վայրկյան արդյունք եւ գրավեց 44-րդ տեղը։ Այս ցուցանիշը հինգ տասնորդական վայրկյանով ցածր է անձնական ռեկորդից: Նա իր ունակությունները պետք է դրսեւորի նաեւ 50մ եւ 200մ ազատ ոճերում։