ՀԻՄՔԸ ԴՐՎԵԼ Է ՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն այն համոզմանն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն արցախահայությանը, այլ նաեւ Հայաստանում ապրողներին ցեղասպանության շեմին է կանգնեցրել: «Հիմա էլ ասում է, թե՝ վա՜յ, էս ի՜նչ է կատարվում, վա՜յ, հասե՛ք, միջազգայի՛ն հանրություն. նա նաեւ լավ գիտի, որ միջազգային հանրությունը, մեծ հաշվով, թքած ունի իր վրա»:

 

Հիշեցնենք, որ Արցախն արդեն երեք օր է՝ շրջափակման մեջ է, Լաչինը փակ է, լցակայաններում վառելիք առաջնահերթ կտրամադրվեն շտապ օգնության ծառայությանը, հասարակական տրանսպորտին եւ հատուկ ծառայություններին: Քաղաքացիներին կոչ է արվում խնայողաբար օգտագործել վառելիքը եւ տրանսպորտային միջոցներն օգտագործել խիստ անհրաժեշտության դեպքում:

«Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանին:

-Պարո՛ն Վրթանեսյան, Արցախն արդեն երեք օր է՝ շրջափակման մեջ է, նաեւ գազ չունի եւ, փաստորեն, հումանիտար աղետի առջեւ է կանգնած: Ի՞նչ գնահատական եք տալիս:

-Դժվար է գնահատական տալ, քանի որ ակնհայտ է իրավիճակը: Միայն ասեմ, որ այս ամենը շատ սպասելի էր: Այս ամենի մասին զգուշացվել է դեռեւս 2020 թվականի նոյեմբերի 10-ից, եւ, ցավոք, Նիկոլ Փաշինյանի վարչակարգն ամեն ինչ արել է, որ մենք գանք ու հասնենք այս իրավիճակին: Իհարկե, հիմքը դրվել է 44-օրյա պատերազմի ժամանակ պարտությունով, բայց դրանից հետո էլ՝ այդ եռակողմ հայտարարությամբ, երբ հայկական զինուժը դուրս բերվեց Քաշաթաղից ու Քարվաճառից: Այն քայլերը, որոնք արվեցին այդ եռակողմ կապիտուլյացիոն հայտարարությունից դուրս, խորացրեցին ճգնաժամը: Բանակի խայտառակ վիճակը եւս բերել է Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով, քանի որ վտանգ էր տեսնում իր անձնական իշխանության համար: Ադրբեջանցիների ամեն մի քայլ նույն նոյեմբերի 16-ին եւ այլ գործողություններով քայլ առ քայլ վերահսկողություն սահմանեցին կարեւոր ռազմավարական բարձունքների վրա: Կտրուկ թուլացվեց պաշտպանական պոտենցիալը, մեկը մյուսի հետեւից առաջ քաշվող պահանջները կատարվում էին, եւ դա բերեց նրան, որ Ադրբեջանն առանց որեւէ լուրջ դիմադրության փակեց նաեւ այս ճանապարհը: Ոչ թե ռազմական օպերացիա է պետք, այլ բավական է կապիկների բերեն բնապահպանի անվան տակ եւ ճանապարհ փակեն: Այդ խմբում են հատուկ ծառայության անդամներ, մարզիկներ, որոնք ո՛չ բնապահպան են, ո՛չ էլ քաղհասարակության տեսք ունեն: Ընդհանուր գիծը հայերին Արցախից դուրս մղելն է, չնայած իրենք ախորժակ ունեն ամբողջ Հայաստանի համար: Ուժի սպառնալիքով, ռազմական գործողություններով,  այսպիսի դիմադրությամբ Ադրբեջանը հիբրիդային պատերազմ է վարում Հայաստանի դեմ, եւ դրան դիմադրություն դեռ չկա:

-Ադրբեջանը կգնա՞ զենքի ուղիղ կիրառման:

-Նախ՝ եկեք հասկանանք՝ ցեղասպանություն իրականում կամ իրավաբանական սահմանմամբ ինչ է նշանակում. դա ամբողջ ազգի կամ այդ ազգի ներկայացուցիչների, խմբի նպատակուղղված ոչնչացումն է: Ադրբեջանն այդ հարցում որեւէ խնդիր, արգելակ չունի, բացի հայերի դիմադրությունից: Եթե դիմադրության գործոնը եւ պայքարը հանում ենք, ապա միանգամից ստանում ենք ցեղասպանություն: Եվ այն գաղափարը, որ նա դրել էր իր քարոզարշավի հիմքում՝ եթե մենք իրենց թշնամի չորակենք, իրենք չեն որակի, իրականության հետ կապ չունի եւ խաբեություն էր, ու Նիկոլ Փաշինյանն էլ շատ լավ հասկանում է իրավիճակը: Նա իր անձնական նպատակների համար մեզ բերել, հասցրել է ցեղասպանության շեմին ու հիմա էլ զարմանում է եւ ասում, որ չենք կարող դիմադրել, եւ միջազգային հանրությունից է օգնություն խնդրում այն դեպքում, երբ վստահ է, որ նրանք չեն արձագանքի: Այս ամենի մեղավորը հենց  Նիկոլ Փաշինյանն է:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 

 

ԻՐԱՎԻՃԱԿԸ՝ ՀԻՆ ՇԵՆՈՒՄ

«Ինչ ասեմ, մեզ մոտ այս պահին նորմալ է, հետո չգիտեմ՝ ինչ կլինի»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Շուշիի շրջանի Հին Շեն համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը:

«Մեզ մոտ՝ գյուղում՝  ճանապարհին մնացած շուրջ 30 բնակիչ կա. կարողացել ենք մարդկանց նորմալ տեղավորել, սննդամթերքի պաշար ունենք, բայց թե ինչքան կտեւի այս իրավիճակը, չգիտենք. դե երեկվանից էլ գազ չունենք, փայտով ենք ջեռուցում իրականացնում»,-նշեց նա:

Նշենք, որ դեկտեմբերի 12-ին՝ ադրբեջանցիների կողմից Բերձորի ճանապարհը փակելուց հետո, ճանապարհին մնացած մարդկանց մի մասին տեղափոխել են Շուշիի շրջանի Լիսագոր, Հին Շեն, Եղցահող գյուղեր, մարդկանց մի մասին էլ տեղափոխել են Սյունիքի մարզ, մասնավորապես՝ Գորիս քաղաք։

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

ՉԵՆ ԳՆԱ ԶԻՆՎԱԾ ԿՈՆՖԼԻԿՏԻ

Արդեն երրորդ օրն է՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը շարունակում է փակ մնալ, եւ 120 հազար արցախցիներ մնացել են շրջափակման մեջ: Այս օրերին եւ հատկապես երեկ մեղադրական հայտարարություններ են հնչել ռուսական կողմի ուղղությամբ, քանի որ ռուս խաղաղապահներն են տեղակայված Լաչինի միջանցքում: Երեկ նման հայտարարություններ հնչեցին նաեւ խորհրդարանում: Ավելին՝ միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների մասնակցությամբ այսօր նաեւ ընդունվեց հայտարարության տեքստ, որում ասվում էր. «Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Ռուսաստանի Դաշնությանը կոչ ենք անում իրականացնել անհրաժեշտ գործողություններ՝ ապահովելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների լիակատար իրականացումը ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում»: Ի վերջո, ի՞նչ մեղավորություն ունի ռուսական կողմը, եւ ինչո՞ւ չի կարողանում կատարել իր խաղաղապահ առաքելությունը: Այս հարցերի պատասխանները «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել  ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինից:  Նա եւս կիսում էր առկա այն տեսակետը, թե այս ամենը շոու է բնապահպանական ակցիայի անվան տակ: Անդրադառնալով հարցին՝ ինչու ռուս խաղաղապահները որեւէ կերպ չեն միջամտում՝ նա նշեց. «Ես գիտեմ, որ ռուսական կողմը քայլեր է անում, եւ իրավիճակը կշտկվի: Ինչ վերաբերում է քայլերին, իհարկե, ռուս խաղաղապահները չեն ուզում իրավիճակը հասցնել կրակոցների կամ զինված կոնֆլիկտի: Ինչպես հայտնի է, խաղաղապահների առջեւ խնդիր է դրված ապահովել այդ մայրուղու աշխատանքը, եւ նրանք կհասնեն դրան», – նշեց նա:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ

«Երեկ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակում հանդիպեցի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի, հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ»,- գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

Ահազանգեցի Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ կենսական ճանապարհի արգելափակման, Արցախի գազամատակարարման դադարեցման եւ դրանց հետեւանքով Արցախում լրջագույն մարդասիրական խնդիրների վերաբերյալ։

Քննարկեցինք ստեղծված իրավիճակը եւ հումանիտար հետեւանքները։

 

ՇԱՀԵՐԻ ԲԱԽՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները զբաղվում են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի դեմ ներկայացված հանցագործության մասին հաղորդման դիմումով: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահների ձեռքում կան տվյալներ, որ Ավանեսյանի ընտանիքի հետ կապված «Արմֆարմացիա» ընկերությունը գնումների գործընթացում ուշագրավ ակտիվություն է ցուցաբերել, ինչը շահերի բախում է: Թե ինչ հետեւանքներ կունենա այս քրգործը Անահիտ Ավանեսյանի գործունեության վրա, դժվար է ասել. ամեն դեպքում, մենք կհետեւենք զարգացումներին: Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերին անդրադարձել էինք նախարարի մորը պատկանող ընկերությանը: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացել էր, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մորը՝ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Մարգուշ Վարդանյանին նախկինում պատկանած անշարժ գույքի մասով դատախազությունում երբեք ուսումնասիրություն չի եղել: Խոսքը Երեւանի Պուշկին փողոցում գտնվող «Վիգմոր» կլինիկայի շենքի մասին է, որն, ըստ Ավանեսյանի պնդումների, այժմ իրենց չի պատկանում: Մյուս կողմից՝ գրել էինք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ընտանիքում «կռիվ է ընկել», եւ «Արմֆարմացիա»-ն դիմել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողով ու խնդրել Առողջապահության նախարարության նկատմամբ տնտեսական մրցակցության բնագավառում հնարավոր իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցել՝ արգելված պետական օժանդակության եւ պետական մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունների կամ վարքագծի հատկանիշներով:

 




Լրահոս