Իրանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 120 մարդ Է տուժել, որոնք փորձել են փախչել տարերքից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Արևմտյան Ադրբեջանի նահանգի Կարմիր մահիկի ընկերությանը։
Չորեքշաբթի օրը Եվրոպական Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել է, որ տեղի ժամանակով ժամը 13:38-ին 5,9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել Իրանի Արևմտյան Ադրբեջանի նահանգի Խոյ քաղաքից 15 կմ դեպի հարավ-արևմուտք և Ուրմիա քաղաքից 107 կմ հեռավորության վրա:
«Տուժածների թիվն այս պահին, ինչպես հաղորդվում է, 120 Է: Նրանք վնասվածքներ են ստացել փախուստի փորձ կատարելու ժամանակ», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ երկրաշարժից տուժած շրջաններում անցկացվում Է իրավիճակի գնահատում։ Տուժել Է առնվազն 12 բնակավայր։ Գրանցվել Է առնվազն հինգ հետցնցում։
Ցնցումները զգացվել են նաև Հայաստանում: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 14:19-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:19-ին) Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է հյուսիսային լայնության 40.63⁰ և արևելյան երկայնության 44.95⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ: