Հայաստանում դատախազների աշխատավարձը զգալի չափով կբարձրանա: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է դատախազներին վճարել ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով: Ավելին, որոշման այս նախագիծը կքննարկվի կառավարության վաղվա նիստում:
Օրինակ, այս տարվա ապրիլ-դեկտեմբեր ամիսների համար ՀՀ դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող ընդհանուր 432 անձի ամսական դրույքաչափի 92 տոկոսի չափով հավելում նախատեսելու դեպքում նախնական հաշվարկով տարեկան կտրվածքով անհրաժեշտ է շուրջ 2 մլրդ 443 մլն 304 հազար 718 դրամ։
Ըստ արդարադատության նախարարության՝ դատախազներին վճարվող հավելումների չափը որոշելիս հիմք է ընդունվել առանձնակի ռիսկային, բարդություններով պայմանավորված և մասնագիտացում պահանջող պաշտոններ զբաղեցնող անձանց տրամադրվող հավելումների միասնական, չտարբերակված մոտեցում սահմանելու անհրաժեշտությունը:
Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք այս տարվա հունվարի 1-ից ստանալու են հավելում պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով նախկին 100 տոկոսի փոխարեն:
Սյունէ Համբարձումյան