ՀՈՎՀԱՐԱՅԻՆ ԱՆՋԱՏՈՒՄՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՑՎԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ երեկ տեղի է ունեցել  շտաբի հերթական նիստը:

 

Պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ներկայացնելով ընթացիկ իրավիճակը, նշել է, որ շրջափակումը  նոր մարտահրավերներ է առաջ բերում: «Շրջափակումը փոխում է տնտեսությունն ու պետության առաջնահերթությունները: Պետությունն արդեն ստիպված է արձագանքել  շրջափակման հետեւանքով  տնտեսական եւ սոցիալական ոլորտներում առաջացող խնդիրներին՝  վերանայելով  իր աշխատանքը, մոտեցումները, ուղղությունները»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

Միաժամանակ շրջափակումն ու դրա հետեւանքով ստեղծված ճգնաժամը, ըստ նրա, ստիպում են ավելի ռացիոնալ օգտագործել  առկա ռեսուրսները, բացահայտել բոլոր խնդիրները, այդ թվում՝ ստվերային տնտեսության հետ կապված, ներդնել կառավարման ավելի արդյունավետ մոդելներ:

Նշվել է նաեւ, որ պետնախարարի հրամանով ստեղծվել է  աշխատանքային խումբ շրջափակման տնտեսական եւ սոցիալական հետեւանքների մեղմմանն ուղղած միջոցառումներ մշակելու նպատակով:

Նիստի ընթացքում զեկուցվել է կտրոնային համակարգի ներդրման ընթացքը, տեղեկացվել է, որ կազմակերպչական եւ տեխնիկական աշխատանքներն իրականացվում են սահմանված ժամանակացույցով: Համակարգի սահուն ներդրման նպատակով համապատասխան բացատրական եւ ուսուցողական աշխատանքներ են իրականացվելու ինչպես մատակարարների, այնպես էլ առեւտրային կետերի սեփականատերերի համար: Առաջնային մի քանի խումբ ապրանքների՝ կտրոններով վաճառքն իրականացվելու է ողջ հանրապետությունում՝ Ստեփանակերտում՝ 200, շրջաններում՝ 400 խանութների միջոցով:

Պետնախարարը կարեւորել է համակարգի ներդրմանը զուգահեռ բնակչության շրջանում իրազեկման աշխատանքների իրականացումը: Նա նաեւ անհրաժեշտ է համարել համապատասխան տեղեկատվական բազաների ստեղծումը:

Ներկայացվել է հանրապետությունում էներգամատակարարման հետ կապված իրավիճակը, որը շարունակում է լարված մնալ:  Հայաստանից Արցախ էներգասնուցումը նախկինի պես խափանված է, քանի որ ադրբեջանական կողմը մասնագետներին թույլ չի տալիս այցելել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածք՝ հասկանալու խափանման պատճառները: Բնակչության նվազագույն էներգետիկ կարիքները հնարավորինս երկարաժամկետ կտրվածքով ապահովելու համար վաղվանից անցում կկատարվի  հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկի՝  ներկայիս երկու ժամվա փոխարեն:

Զեկուցվել է իրավիճակը պարենային ապրանքների, դեղորայքի, դիզվառելիքի շուկաներում: Նշվել է նաեւ, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում  հաջողվել է նվազեցնել լարվածությունը կանխիկի դրամաշրջանառության մասով:

 




Լրահոս