Մեր «հեղափոխական» կոչված իշխանությունն ինչպես հոկտեմբերի 27-ին չանդրադարձավ, այնպես էլ մարտի 1-ը չբացահայտեց. Անահիտ Բախշյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրանում է մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 15-րդ տարին: ArmLur.am-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը շեշտում է՝ մարտի 1-ից 15 տարի անց՝ գործը մնում է չբացահայտված. «Մարտի 1-ն էլ , հոկտեմերի 27-ն էլ մեր պետության դեմ իրականացված ահաբեկչություններ են, որոնք դեռ չեն բացահայտվել»,-ասում է Բախշյանը:

Նրա խոսքով՝ «հեղափոխական» իշխանությունն ամուր չեղավ իր խոստումների և ամպագոռգոռ խոսքերի մեջ, թե բացահայտելու է մարտի 1-ը, կամ էլ պարզապես չկարևորեց այդ բացահայտումը.

«Կարծում եմ, մարտի 1-ի նախապատմությունը հոկտեմբերի 27-ն էր, բայց մեր «հեղափոխական» կոչված իշխանությունն ինչպես հոկտեմբերի 27-ին չանդրադարձավ, այնպես էլ մարտի 1-ը չբացահայտեց՝ ըստ հարկի: Մարտի 1-ի գործի բացահայտումը շատ կարևոր էր հասարակության համար, դա կարող էր լինել նաև նախապայման հոկտեմբերի 27-ի բացահայտման համար: Իհարկե, նաև դատարաններն իրենց տեղում չէին: Մեր «արդար» դատարանը չկարողացավ, կամ՝ չուզեց, չփորձեց այնպես անել, որ ժողովուրդը վստահ լինի՝ մարտի 1-ը բացահայտված է, կան մեղավորներ, կան մարդիկ, ովքեր հրահրեցին և տասը անմեղ զոհ ունեցանք: Մի խոսքով՝ մեր հեղափոխական բոլոր հույսերը այս իշխանությունները անվերադարձ թաղեցին»,-ասում է Անահիտ Բախշյանը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս