Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքը Ռուսաստանի հետ կապ չունի. Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վրացական օրինագիծը «չի ոգեշնչվել Մոսկվայի կողմից», Կրեմլն այստեղ կապ չունի. 20-րդ դարում նման փաստաթղթերի «նախագնաց» է դարձել Միացյալ Նահանգները: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:

«Այնտեղ ոչ մի բան Կրեմլի կողմից չի ոգեշնչվել: Եվ Կրեմլն այստեղ բացարձակապես կապ չունի: Դուք գիտեք, որ այս օրենքների սահմանման պրակտիկան, նախագնացը (20-րդ դարի) 30-ական թվականների վերջին դարձել Է Ամերիկայի Միացյալ Նահանգները, եթե ճիշտ եմ հասկացել», – ասել Է Պեսկովը:

Նա հստակեցրել Է, որ վրացական օրինագծի տարբերակներից մեկը «շատ նման է եղել» ԱՄՆ-ի նմանօրինակ օրենքին։

«Երկրորդ տարբերակն ավելի քիչ է նման եղել Միացյալ Նահանգների օրենքին, այն իր էությամբ շատ ավելի մեղմ էր, բայց մենք ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի հետ կապ չունենք», – եզրափակել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի շենքի առջև բողոքի ակցիաներն սկսվել են մարտի 7-ի առավոտից: Դրա մասնակիցները դեմ են հանդես եկել օտարերկրյա գործակալների մասին օրինագծի ընդունմանը, որն այդ նույն օրը հաստատվել էր առաջին ընթերցմամբ։

Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանին ներկայացվել Էր «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որով առաջարկվում է երկրում ստեղծել ոչ կառավարական կազմակերպությունների, լրատվամիջոցների և սուբյեկտների գրանցամատյան, որոնք ֆինանսավորում են ստանում օտարերկրյա պետությունից։

Օրինագծի նախաձեռնողները վստահեցնում են, որ սա ամերիկյան օրենքի մեղմացված տարբերակն է։ Ընդդիմությունը, ինչպես նաև Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելի Դեգնանը հայտարարել են, որ օրինագիծն ընդհանուր ոչինչ չունի ամերիկյան օրենքի հետ և Ռուսաստանում գործող օրենքի նմանօրինակն է։




Լրահոս