ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Վանաձոր քաղաքի բնակիչների նկատմամբ բռնություն գործադրած պարեկները նախապես հրահանգավորվել են…
Վանաձոր քաղաքի մի խումբ քաղաքացիների նկատմամբ Փաշինյանին ուղեկցող պարեկների կողմից բռնություն գործադրելու առթիվ պարզաբանումներ եմ ստացել ՀՀ ոստիկանությունից և դատախազությունից: Իմ պահանջի հետքերով…
2022թ․ նոյեմբերի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից Վանաձոր քաղաքի մի խումբ քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու մասին փաստեր հրապարակվեցին: Իմ շտապ հանձնարարականով հանձնաժողովի փորձագետները կապ հաստատեցին բոլոր կողմերի հետ՝ արձանագրելու իրողությունները:
Քաղաքացիներից մեկի խոսքերով պարեկները մոտ 20 հոգով հարձակվել են անչափահասի վրա, արցունքաբեր գազ փչել աչքերին, ծեծել, ընդ որում միջադեպի ընթացքում պարեկներին զգուշացվել է, որ տղան անչափահաս է, քաղաքացիներից մեկի գլուխն ասֆալտին են խփել, դաժանորեն ծեծել (դեպքի մասին պատմող տեսագրություններն առկա են)։
Դեպքի առնչությամբ դեռևս 2022թ․ նոյեմբերի 28-ին համապատասխան հարցում էի կատարել ՀՀ ոստիկանություն և ստացել պարզաբանում առ այն, որ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ ու իրականացվում է նախաքննություն:
Իմ կոնկրետ հարցին, թե միջադեպի օրը ՀՀ վարչապետի այցով պայմանավորված կատարվե՞լ է արդյոք մարզային պարեկային ծառայողների լրացուցիչ հրահանգավորում, ստացել էի հավաստում, որ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի ծառայողները բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցման կապակցությամբ իրականացվող ծառայությունից առաջ հրահանգավորվել են։
Չխախտելով անմեղության կանխավարկածը՝ այնուամենայնիվ պետք է արձանագրել, որ պարեկները ՀՀ քաղաքացիների նկատմամբ բռնություն են գործադրել վերադասից հրահանգավորվելուց հետո:
Ի պատասխան իմ լրացուցիչ հարցման՝ ՀՀ դատախազությունից ստացել էի պարզաբանում, ըստ որի՝ վերոնշյալ քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, և որևէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել։
Կարևորելով միջազգայնորեն ընդունված այն մոտեցումը, որի համաձայն՝ «ուշացած արդարադատությունը հավասար է մերժված արդարադատության»՝ արձանագրեմ, որ առնվազն հրապարակայնորեն առկա են լայն տարածում ստացած տեսանյութեր, որտեղ դեպքի մասին հայտնած` ըստ էության տուժող հանդիսացող անձինք ունեն վնասվածքներ և հստակ հայտնում են իրենց ծեծի ենթարկելու մանրամասները։
Այս պայմաններում անհասկանալի է, թե ի՞նչն է պատճառը, որ քրեական վարույթով չկան մեղադրյալներ։
Փաստ է այն, որ Նիկոլ Փաշինյանի հռչակած «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում քաղաքացիներին ծեծի ենթարկած պարեկային աշխատակիցները մնում են անպատիժ: Սա՞ է բարեփոխված ոստիկանությունը:
Հ.Գ. Որպես հիշեցում տեղադրում եմ ծեծի ենթարկված քաղաքացիների մասին պատմող ռեպորտաժը»։