ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների պահպանման կենտրոնում պահպանման սարքավորումների տեղադրման ծրագրի նպատակով Հայաստանում Ճապոնիայի դեսպանության եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) միջեւ դրամաշնորհային ծրագրի պայմանագիր ստորագրվեց։

 

Ծրագրի իրականացման նպատակով կտրամադրվի ավելի քան 90 հազար դոլար։ ՀԲԸՄ նախագահ Վազգեն Յակուբյանի խոսքով՝ սարքավորումների տրամադրումը կնպաստի հայկական ժառանգության եւ մշակույթի տարածմանը օտարերկրացիների եւ տեղացիների շրջանում։

«Ինչպես գիտեք, ՀԲԸՄ-ի հիմնական առաքելություններից մեկը մեր ազգի ժառանգությունը պահպանելն ու տարածելն է: ՀԲԸՄ այս աշխատանքի մեջ է 117 տարի, եկեղեցին այս նույն աշխատանքը անում է 1000-ամյակներ, եւ եկեղեցու արած աշխատանքն անգնահատելի է մեր ազգի համար: Կարեւոր է, որ այս նոր կենտրոնը, որը պետք է լրացվի նոր սարքավորումներով, ե՛ւ օտարերկրացիների, ե՛ւ մեր հայրենակիցների համար անհրաժեշտություն է: Ճապոնիայի կառավարությունը՝ ի դեմս Հայաստանում Ճապոնիայի դեսպանության, ցուցաբերում է քաղաքակրթության ամենաբարձր դրսեւորում: ՀԲԸՄ-ն ուրախ, հպարտ եւ երախտապարտ է, որ ծրագրի մաս է»,- ասաց ՀԲԸՄ նախագահ Վազգեն Յակուբյանը:

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին նշեց, որ իր համար մեծ պատիվ է մասնակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների պահպանման կենտրոնում պահպանման սարքավորումների տեղադրման ծրագրի ստորագրման արարողությանը։

«Ծրագրի շրջանակներում Ճապոնիայի դրամաշնորհային աջակցությունը ծառայելու է Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի թանգարանների մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտ գործիքների եւ սարքավորումների տրամադրմանը: Ծրագրի շնորհիվ այցելուները հնարավորություն են ունենալու ծանոթանալ ավելի շատ մշակութային գործերի, ինչպես նաեւ այն ավելացնելու է թանգարան այցելած մարդկանց թիվը ինչպես Հայաստանից, այնպես էլ ամբողջ աշխարհից»,- նշեց դեսպանը՝ ընդգծելով, որ եւ՛ Ճապոնիան, եւ՛ Հայաստանը ունեն հարուստ եւ հնագույն մշակույթ: Դեսպանի համոզմամբ՝ այս քայլը նպաստում է երկու երկրների միջեւ բարեկամության ամրապնդմանը:

Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն էլ նշեց, որ, ճիշտ է, Հայաստանն ու Ճապոնիան իրարից հեռու են, սակայն երկու երկրներին միավորող կարեւոր օղակ կա. վերաբերմունք ազգային ինքնության եւ մշակույթի նկատմամբ: Նախագիծը կնպաստի նաեւ փորձագետների վերապատրաստմանը, ինչպես նաեւ մշակույթի եւ ավանդույթների ոլորտում կրթական փորձի խթանմանը:

 

 

 

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՍՏՈՐԱԳՐԻ

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը համագործակցության նոր պայմանագիր կստորագրի Էրմիտաժի հետ: Մամուլի ասուլիսում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը նշեց, որ պայմանագրի տեքստն ամբողջությամբ պատրաստ է:

 

«Հիմա իրավաբաններն են նայում, որ պայմանագիրը բերեն վերջնական տեսքի, բայց ընդհանուր համագործակցության բովանդակությունը, ուղղությունները հստակ են: Այս պայմանագրով նախատեսվում է ակտիվացնել փոխադարձ համագործակցությունը: «Էրեբունի» թանգարանում ստեղծվելու է «Էրմիտաժ»-ի անկյուն, ինչը շատ կարեւոր է: Մենք կունենանք ցուցադրություն «Էրմիտաժ»-ից: Այն հետաքրքիր կլինի մեր այցելուների համար, որոնց թվում քիչ չեն ռուս զբոսաշրջիկներ»,-ասաց Միքայել Բադալյանը: Դրան զուգահեռ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից իրեր կցուցադրվեն «Էրմիտաժ»-ում:  «Էրմիտաժ»-ը նաեւ «Էրեբունի» թանգարանին աջակցելու է գրականության տրամադրման հարցում, ինչպես նաեւ օգնելու է վերականգնողների վերապատրաստման գործում: Այս տարի մայիսի 3-ից Կարմիր բլուր հնավայրում սկսվող հնագիտական պեղումներին հայ արշավախմբին կմիանան նաեւ «Էրմիտաժ»-ի գործընկերները:

Միջազգային համագործակցությունն այսքանով չի սահմանափակվում: Մայիսին Բրիտանական թանգարանում բացվելու է ցուցադրություն, որտեղ ներկայացվելու են աքեմենյանից մինչեւ հելլենիստական ժամանակաշրջանի իրեր: Հայաստանի պատմության թանգարանն ու «Էրեբունի» թանգարանը կներկայանան իրենց ցուցանմուշներով: Նախատեսված է նաեւ հանդիպում Բրիտանական թանգարանի տնօրենի հետ:

 

 

 

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը փորձել է ազգային թիմ վերադարձնել Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, սակայն մերժում է ստացել։

«Հենրիխ Մխիթարյանի հետ առաջին օրից փորձել եմ կապ հաստատել եւ անձամբ զրուցել նրա հետ։ Սկզբում չստացվեց։ Փորձեցի դիմել «Շախտյորում» նրա թիմակիցների օգնությանը, որպեսզի նրան տեղեկացնեն իմ ցանկության մասին, բայց նա հրաժարվել է ինձ հետ խոսել։ Որոշ ժամանակ անց դիմեցի իմ օգնական Բերեզովսկուն, որը եղել է Մխիթարյանի թիմակիցը, բայց Հենրիխ Մխիթարյանը Բերեզովսկուն ասել է, որ արդեն ընդունել է իր որշումը եւ չի ցանկանում այն վերանայել։ Նա հրաժարվել է ինձ հետ հանդիպել։ Ես նույնիսկ պատրաստ եմ եղել մեկնել Միլան նրա հետ անձամբ զրուցելու համար, բայց Մխիթարյանը չի ցանկացել հանդիպում։ Նա հայտարարել է, որ վերջնական է իր որոշումը, եւ ինքն ավարտել է իր ելույթները ազգային հավաքականում։

Որպես հավաքականի գլխավոր մարզիչ՝ ես իմ կողմից ամեն ինչ արեցի նրա հետ խոսելու համար, բայց չստացվեց։ Կարծում եմ, որ պետք է հարգենք նրա որոշումը։ Նա բացառիկ ֆուտբոլիստ է Հայաստանի հավաքականի համար։  Անձամբ չեմ ճանաչում, բայց, շատերի կարծիքով, նաեւ բացառիկ անձնավորություն է եւ լավ մարդ»,- ասաց Ալեքսանդր Պետրակովը։

Հայաստանի հավաքականը կսկսի պատրաստվել Թուրքիայի հավաքականի հետ առաջին հանդիպմանը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում։ Խաղը տեղի կունենա մարտի 25-ին Երեւանում։

 

 

 

ԲԻԼԼԻ ԱՅԼԻՇԻ ՆՈՐ ԴԵՐԸ

Բիլլի Այլիշն իրեն փորձել է որպես դերասանուհի նոր՝ «Ռոյ» սերիալում։ Երգչուհին մարմնավորել է շոուի գլխավոր հերոսին՝ հիպնոթերապեւտին։ Սերիալի պրեմիերան կկայանա մարտի 17-ին։

Այս ֆիլմը կատարողի դեբյուտն էր որպես դերասանուհի։ Նախկինում Այլիշը չի մասնակցել կինոնախագծերի, այնուամենայնիվ, նա ունի «Սիմփսոնները» անիմացիոն սերիալի հատուկ դրվագում հնչյունավորման փորձ եւ «Օսկար»՝ «Լավագույն երգ» անվանակարգում՝ «Մահանալու ժամանակ չկա» ֆիլմի համար։

Սերիալի ստեղծողները կպատմեն Դրե անունով երիտասարդ աղջկա մասին, որին մարմնավորում է Դոմինիկ Ֆիշբեքը։ Նա տարված է մի փոփ աստղով։ Սա աղջկան տանում է անսպասելի հետեւանքների՝ դեպրեսիայի ու բռնության։

Նախագծի ռեժիսորն ու գործադիր պրոդյուսերը Դոնալդ Գլովերն է։ Դերասանական կազմում ընդգրկված են Քլոե Բեյլին, Դամսոն Իդրիսը, Ռիկի Թոմփսոնը եւ Փերիս Ջեքսոնը։

 




Լրահոս