Ո՞ՐՆ Է ԵՂԵԼ ԾԵԾԿՌՏՈՒՔԻ ԲՈՒՆ ՊԱՏՃԱՌԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ-ի երեկվա միջադեպից: Մասնավորապես, տեղեկացել ենք, թե ինչն է եղել վիճաբանության թեման, որ վիճել են պատգամավորները, ու բանը հասել է բռունցքներին: Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է ՍԴ-ի վավերացրած կոնվենցիային, որը Հռոմի ստատուտի մասին է: Այդ ժամանակ Մհեր Սահակյանը միջամտել է եւ հարց բարձրացրել, թե ինչ կարծիք ունեն իրենք Ռուսաստանի մասով: Վլադիմիր Վարդանյանը նրան ասել է՝ լռի եւ կլսի, թե ինչ կարծիք ունեն, որից էլ սկսել են քաշքշուկն ու հարվածները միմյանց:

 

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ ծեծկռտուք  է տեղի ունեցել: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարվածել է ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին:

ArmLur.am-ին հայտնի դարձավ նաեւ, որ Վլադիմիր Վարդանյանին տարել են «Նաիրի» ԲԿ: Նրան ԿՏ հետազոտության են ենթարկել: Նշենք, որ վնասվածքը եղել է քունքի շրջանում:

Ավելի ուշ Մհեր Սահակյանի փաստաբանը՝ Ռուբեն Մելիքյանը, իր սոցիալական ցանցում  հրապարակել է մանրամասներ:

Հաշվի առնելով ԱԺ ՔՊ-ական մի շարք պատգամավորների կողմից ընդդիմադիրների նկատմամբ անպատիժ ձեւով ֆիզիկական ուժ կիրառելու, նրանց վրա անպատիժ ձեւով հարձակվելու հարուստ փորձը՝ Մհեր Սահակյանը գնահատել է իրավիճակը այնպես, որ առկա է Վլադիմիր Վարդանյանի կողմից իրեն հարվածելու իրական վտանգ, եւ ինքնապաշտպանության նկատառումով նրան հասցրել է մեկ հարված։

«Ստանձնել եմ ձերբակալված ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի պաշտպանությունը։ Այս պահին նա գտնվում է ոստիկանության Արաբկիրի բաժնում, շուտով հավանաբար կտեղափոխվի Երեւանի քննչական (Պարույր Սեւակի փողոց):

Լիազորված եմ հանրությանը ներկայացնել Մհեր Սահակյանի պարզաբանումը միջադեպի կապակցությամբ. Պետաիրավական հանձնաժողովի փակ նիստի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Վ. Վարդանյանը ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ դրսեւորել է ագրեսիվ վարքագիծ, իսկ Մհեր Սահակյանը խոսքով արձագանքել է այդ վարքագծին։ Այնուհետեւ ՔՊ-ական նույն պատգամավորը նստած տեղից կանգնել է ու քայլել Մհեր Սահակյանի ուղղությամբ։ Հաշվի առնելով ԱԺ ՔՊ-ական մի շարք պատգամավորների կողմից ընդդիմադիրների նկատմամբ անպատիժ ձեւով ֆիզիկական ուժ կիրառելու, նրանց վրա անպատիժ ձեւով հարձակվելու հարուստ փորձը՝ Մհեր Սահակյանը գնահատել է իրավիճակը այնպես, որ առկա է Վարդանյանի կողմից իրեն հարվածելու իրական վտանգ, եւ ինքնապաշտպանության նկատառումով նրան հասցրել է մեկ հարված։ Հարվածի արդյունքում վտանգը չեզոքացվել է։

Հայհոյանքներ չեն հնչել, այլ հարվածներ չեն եղել»,- գրել է Մելիքյանը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՄԵԹԱԴՈՆ ԹՄՐԱՄԻՋՈՑԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները բացահայտել են թմրամիջոցների ապօրինի տեղափոխման հերթական դեպքը։

 

Օրերս Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանած Իրանի քաղաքացու վարքագիծը մաքսային ծառայողների մոտ կասկածի տեղիք է տվել: Մեղրիի մաքսային կետ-բաժնի ծառայողների կողմից նշված քաղաքացու ուղեբեռի նկատմամբ իրականացված մանրակրկիտ հսկողության արդյունքում պարզվել է, որ ճամպրուկում, ի թիվս այլ ապրանքների, առկա է 3 հատ խոնավ սրբիչ, ինչն է՛լ ավելի է խորացրել կասկածները։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցների հետ համատեղ իրականացված հետագա հսկողության արդյունքում պարզվել է, որ հիշյալ սրբիչները ներծծված են Մեթադոն տեսակի թմրանյութով։

Հարկ է նշել, որ այս եղանակով թմրամիջոցների տեղափոխումը զգալիորեն բարդացնում է մաքսային մարմինների կողմից դրանց հայտնաբերումը:

Տեքստիլ արտադրանքի մեջ ներծծված թմրամիջոցները մաքսանենգների կողմից հիմնականում փոխադրվում են ճամպրուկներով, ուր առկա են լինում նաեւ բազմաթիվ անձնական օգտագործման իրեր եւ հագուստ։

Հայտնաբերված դեպքի կապակցությամբ նախապատրաստված նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Մաքսային հսկողությունից թաքցման եղանակով ՀՀ պետական սահմանով ապօրինի եղանակով թմրանյութ տեղափոխած ԻԻՀ քաղաքացի Մ.Զ.-ն ձերբակալվել է։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 

 

ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ՎԱՐՈՒՅԹՆԵՐ

ՀՀ քննչական կոմիտեն զարգացնում է հասարակական կառույցների հետ համագործակցությունը։

2023թ. մարտի 27-ին ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության մասնագետները հանդիպում են ունեցել «Վորլդ Վիժն Ինթերնեյշընլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից Հայաստանում իրականացվող «Միասին՝ ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի թիմի հետ։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են ծրագրի շրջանակներում հատուկ քննիչների համար մշակված «Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց հետ աշխատանքում տրավմաների տեղեկացվածության եւ զոհակենտրոն մոտեցումների ապահովման» ուղեցույցի, դրա կիրառման մեթոդաբանության նախագծերը։ Դրանք մշակվել են նաեւ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության մասնագետի համահեղինակությամբ։

Ուղեցույցում սահմանվում են մարդու թրաֆիքինգի կամ շահագործման դեպքերով նախաձեռնված քրեական վարույթներով տուժող ճանաչված անձանց հետ աշխատանքում տրավմաների տեղեկացվածության եւ զոհակենտրոն մոտեցումներն ապահովող իրավահարաբերությունները, այդ վարույթներով քննչական գործողություններ կատարելու առանձնահատկությունները, դրանց իրականացման որոշակի տակտիկական եւ մեթոդական մոտեցումները:

Ծրագրի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանն իր խոսքում ընդգծել է, որ ՀՀ քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող ծառայողներն առանցքային դերակատարում ունեն մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեպքերի քրեական վարույթներով զոհակենտրոն մոտեցում եւ զոհակենտրոն քննություն ապահովելու հարցում։

Հանդիպմանը քննարկվել են նաեւ ուղեցույցի ներդրման եւ կիրառելության ապահովմանն առնչվող խնդիրները։

 




Լրահոս