ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավապահները կասկածներ ունեն. Սյունիքում կոմբինատի աշխատակցի կյանքին վերջ է տվել ադրբեջանցի զինվորակա՞նը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHAMSHYAN.com-ը երեկ հայտնել է, որ ապրիլի 12-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է  տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում «Կապան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կապանի բաժին և հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կապան խոշորացված համայնքի Շղարշիկ Բանավանի տարածքում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի խողովակաշարի պահպանման պահակակետ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգը վարկած ունի. կասկածները տանում են այն ուղղություն, որ վերոնշյալ քաղաքացուն սպանել է ադրբեջանցի այն զինվորականը, որը ապրիլի 10-ին ևս մեկ զինվորականի հետ հատել էր ՀՀ սահմանը և մտել Սիսիանի գյուղերից մեկը: Նրանցից մեկին իրավապահները բռնել են և կալանավորել, իսկ մյուսին մինչ օրս փնտրում են:

Ինչպես ավելի վաղ հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Վարդան Մկրտչյանը, ոստիկանության Կապանի բաժնի պետ Արա Դավթյանը, Սյունիքի մարզի դատախազ Պողոսյանը և Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Մարգարյանը:Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ, նշված գործարանում որպես պահնորդ աշխատող 57-ամյա Հայրապետ Մելիքսեթյանն է:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի զննությամբ մարմնի վրա հայտնաբերվել է հրազենային  6 վնասվածք, այդ թվում՝ գլխի և որովայնի հատվածում:

Ք.Մ.




Լրահոս