Ընդդիմադիրները դիմելու են գլխավոր դատախազին՝ ՔՊ-ական պատգամավորների կողմից երեկ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հնչեցրած սպառնալիքների հարցով: Այս մասին երեկ՝ մարտի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:
«Երեկվա տեղի ունեցածը պատմական խայտառակություն էր: Ես համարում եմ, որ ՄԻՊ-ի ընտրությունը այդպիսի մթնոլորտում չպետք է անցներ, որովհետեւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ակնհայտ ոտնահարեցին մյուս թեկնածուի իրավունքները, խախտեցին ԱԺ պատգամավորի էթիկայի վարքականոնի բոլոր հնարավոր նորմերը եւ սահմանափակեցին խոսքի ազատությունը:
Առաջին քայլը, որն արվելու է, պետք է գլխավոր դատախազին գրություն ուղարկենք եւ պահանջենք քրեաիրավական գնահատական: Արթուր Հովհաննիսյանի արարքներում կար հանցակազմ, եւ նա պետք է պատժվի: Այն սպառնալիքները, որոնք նա անթաքույց հնչեցնում էր պատգամավորների ներկայությամբ թեկնածուի հասցեին, այդ թվում՝ իմ հասցեին, նա պետք է պատժվի»,- նշեց Թովմասյանը:
Նա հայտնեց՝ երկրորդ քայլն այն է, որ ինքը միջազգային իր գործընկերներին այդ հանձնաժողովի նիստի սղագրությունը թարգմանելու եւ ուղարկելու է, որպեսզի հասկանան, թե ժողովրդավարական Հայաստանում ՄԻՊ-ի պաշտոնում ինչպիսի մթնոլորտում է առաջադրվում իշխանության թեկնածուն, կամ ինչ մթնոլորտում է մերժվում ընդդիմության թեկնածուն. «Միշտ կարելի է մերժել անցանկալի թեկնածուին, բայց դա անել ավելի քաղաքակիրթ մեթոդների կիրառմամբ: Մենք գործ ունեինք փողոցային վարքագծի դրսեւորման հետ: Ես խնդրելու եմ միջազգային իմ գործընկերներին տալ գնահատական եւ բոլոր հնարավոր զեկույցներում զետեղել, թե ինչպիսին չպետք է լինի պատգամավորը»:
Անդրադառնալով այդ հարցով Էթիկայի հանձնաժողովի ձեւավորելուն՝ Թովմասյանը նշեց. «Էթիկայի հանձնաժողովի մասով մենք դեռ քննարկումները շարունակում ենք, որովհետեւ մի քիչ նպատակահարմարության հարց կա, քանի որ Էթիկայի հանձնաժողովի ձեւավորումը արդեն իսկ կախված է ՔՊ-ի քվեարկությունից, այսինքն՝ իրենք կարող են քվեարկել ստեղծել եւ կարող են չստեղծել: Այդ հանձնաժողովի ձեւավորումից հետո էլի պատիժ չի լինելու: Մենք հակված ենք նաեւ այդ տարբերակին եւ մտածում ենք նաեւ այդ գործիքակազմը կիրառել»:
Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ քաղաքացու միջեւ տեղի ունեցած միջադեպին՝ պատգամավորն ասաց. «Մոտ մեկուկես տարի առաջ Ալեն Սիմոնյանի պաշտոնավարման նպատակահարմարության մասով ընդդիմադիր խմբակցությունները դրել են օրինագիծ շրջանառության մեջ, եւ դակարող է քննարկվել ամեն պահի: ԱԺ նախագահի կողմից ցուցաբերված վարքագիծն անհարիր է բարձրաստիճան պաշտոնյային: Կարեւոր է, որ պետական պաշտոնյան խիստ զսպվածություն ցուցաբերի անգամ նման ծայրահեղ իրավիճակներում: Նա արդեն պետք է պաշտոնանկ արված լիներ»:
ԺԱՄԱՆԵԼ Է ԼԵՀԱՍՏԱՆ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կնոջ հետ պաշտոնական այցով ժամանել է Լեհաստան. այս մասին հայտնել է Ուկրաինայի ղեկավարի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։
«Ուկրաինայի նախագահը եւ առաջին տիկինը սկսել են պաշտոնական այցը Լեհաստան: Վլադիմիր Զելենսկիի այցի ծրագիրը ներառում է, մասնավորապես, բանակցություններ նախագահ Անջեյ Դուդայի, վարչապետ Մատեուշ Մորավեցկիի հետ, երկկողմ փաստաթղթերի ստորագրում»,- երեկ գրել էր սոցիալական ցանցի իր էջում:
Նիկիֆորովը մանրամասնել է, որ ուկրաինալեհական բիզնես ֆորումի շրջանակներում Զելենսկին կհանդիպի լեհական բիզնեսի ներկայացուցիչների, Սեյմի եւ Սենատի մարշալների, կամավորների եւ փրկարարների, ինչպես նաեւ Ուկրաինային սահմանակից քաղաքների քաղաքապետների հետ։ Երեկոյան Զելենսկին ուղերձով կդիմի լեհերին եւ Լեհաստանում ապրող ուկրաինացիներին:
ՉՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ
Օրենսդրության համաձայն՝ բոլոր իրավաբանական անձինք, անկախ կազմակերպաիրավական տեսակից, պետք է յուրաքանչյուր տարի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնեն իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր:
Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պետական գրանցում ստացած եւ չլուծարված 117 կուսակցություններից միայն 7-ն են ներկայացրել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր։
Իրավաբանական անձանց կրկին զգուշացնում ենք, որ սահմանված պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում իրավաբանական անձինք կարող են ենթարկվել վարչական պատասխանատվության։
ՀԱՆԴԻՊՈՒՄ
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երեկ՝ ապրիլի 4-ին, ընդունել է Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության փոխնախարար Էդմոնդո Չիրիելիի գլխավորած պատվիրակությանը. այս մասին սոցիալական ցանցի իր էջում գրել է Քերոբյանը։
«Հյուրերին ներկայացրել եմ Տնտեսության արդիականացման միջոցառումը եւ «Գագարին» ներդրումային նախագիծը, որոնց շրջանակներում եւս կարող ենք ծավալել արդյունավետ համագործակցություն»,- նշել է նախարարը։
ՆՈՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ
2023 թվականի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Արտակարգ իրավիճակների նախարարությանը կհատկացվի 23 մլն 494 հազար դրամ Թուրքիայի եւ Սիրիայի երկրաշարժից տուժածներին սնունդ եւ անկողնային պարագաներ տրամադրելու նպատակով։
Նշենք նաեւ, որ այս տարվա փետրվարին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Արտակարգ իրավիճակների նախարարությանը կրկին հատկացվել էր 157 մլն 816 հազար դրամ:
Ավերիչ երկրաշարժներից հետո Հայաստանի կողմից երկու անգամ Թուրքիա մարդասիրական օգնություն է ուղարկվել: Այն հնարավոր է եղել իրականացնել 1993 թվականից փակված Մարգարայի կամրջով:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ զբաղվող իշխանության անդամները նախորդ տարվա դեկտեմբերին երկու անգամ հանդիպում են ունեցել հենց Մարգարայի կամրջի մոտ, ուսումնասիրել կամրջի վիճակը, անգամ նմուշառում անցկացրել եւ եկել այն եզրակացության, որ այն պիտանի է:
ԱՐԵՎԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐ
Լիտվական «ՋեյԷսՍի Սոլիթ Թեքնիքս» ընկերությունը արեւային վահանակներ ու այլ սարքավորումներ կհանձնի ՀՀ Գեղարքունիքի, Շիրակի, եւ Կոտայքի մարզերում գործող ոչ առեւտրային 19 շահառու կազմակերպությունների: ArmLur.am-ը տեղեկացավ, որ, նախագծի հիմնավորման համաձայն, այն կնպաստի վերականգնվող էներգիայի ենթակառուցվածքների տարածմանը, ինչպես նաեւ շրջակա միջավայրի աղտոտման եւ կլիմայի փոփոխության խնդիրների լուծմանը:
Այս որոշումն ընդունվել է կառավարության վաղվա նիստի ժամանակ: Այս որոշումը պայմանավորված է «Հայկական դպրոցական համայնքներում արեւային կայանների կառուցման եւ տեղական գործընկերներին արեւային էներգիայի ոլորտում լիտվական փորձի փոխանցման միջոցով շրջակա միջավայրի աղտոտման եւ կլիմայի փոփոխության խնդիրները լուծելու» ծրագրով:
Ծրագիրը ֆինանսավորում է Լիտվայի շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական նախագծերի կառավարման գործակալությունը, եւ այն հանդիսանում է Լիտվայի զարգացման համագործակցության ծրագրի մաս:
ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից Մեքսիկայի Սենատի անդամներ Սեսիլիա Մարգարիտա Սանչես Գարսիան, Ալեխանդրա դել Կարմեն Լեոն Գաստելումը եւ Ինդիրա Կեմպիս Մարտինեսը պարգեւատրվել են ԱԺ նախագահի հուշամեդալով:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Մեքսիայի Սենատի անդամները պարգեւատրվել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: