«Ո՞Վ ԻՄԱՑԱՎ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻՍ ՄԱՍԻՆ». ԷՄՄԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 Ամերիկաբնակ երգչուհի Էմմին «Ինստագրամ»-ում հուզիչ գրառում է կատարել: Երգչուհին վերհիշել է 2011 թվականը, որը նրա կյանքի ամենադաժան եւ տխուր շրջանն է եղել:

 

«Ժպտում էի։ Հոգու դիակ էի՝ կոտրված, արժեքներս ու առաջնահերթություններս այլ էին։ Հորս մահը եւ մորս չորրորդ աստիճանի քաղցկեղն ուսերիս ծանրացան եւս մի 10 հազար տոննայանոց բեռի հետ, որը մենակ տարա։ Ո՞վ իմացավ արցունքներիս մասին, ո՞վ ինձ տխուր տեսավ։ Այնքան քիչ բան էր պետք մարդուն մենակ չթողնելու համար, այնքա՜ն քիչ, սակայն բոլորը լուռ մնացին, եւ իրականությունը քչերը պատմեցին։ Արդյոք վա՞խն էր նրանց հետ պահել, անտարբերությու՞նը, էգոի՞զմը։ Եվ ի՞նչ է փոխելու 12 տարով ուշացած խոստովանությունը։ Ոչինչ։ Ես ինքս էլ չեմ փոխվել։ Միշտ ժպտում եմ։ Ո՞վ գիտի արցունքներիս մասին, ո՞վ է ինձ տխուր տեսնում»։ Հիշեցնենք, որ 2011 թվականին երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է երգչուհու հայրը՝ քանդակագործ Դավիթ Բեջանյանը: Նա հանրությանն առավել հայտնի էր որպես Օպերայի բակում տեղադրված Առնո Բաբաջանյանի արձանի հեղինակ: Իսկ, ահա, կարճ ժամանակ անց՝ 2018 թվականին, մահցավ նաեւ Էմմիի մայրը՝ երգչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը: Երգչուհի Էմմիի մայրը երկար տարիներ պայքարում էր քաղցկեղի դեմ: Նրան հաջողվում էր այդ պայքարում հաղթող դուրս գալ: Երգչուհին իր հարցազրույցներում նշում էր, որ բժշկի է դիմել Էմմիի եւ իր ընկերների կոչով ու հորդորով: Նադեժդա Սարգսյանը «Հայեր» համույթի եւ մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավարն էր, «Դո-ռե-մի» մրցույթի եւ վոկալ ստուդիայի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը: 2003 թվականից ղեկավարում էր Երեւանի մշակույթի պետական քոլեջը: Նշենք, որ Էմմին ամուսնությունից հետո մշտական բնակություն է հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում. նա ունի երկու զավակ՝ Դանիելն ու Մարտինը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի՝ տարիներով ձգձգվող խնդիրը լուծում ստացավ. գործադիրն երեկվա նիստում թատրոնի պատուհանների փոխարինման համար հատկացրել է շուրջ 34 մլն դրամ։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ում գրել է ՀՀ վարչապետի օգնական Նազելի Բաղդասարյանը:

 

«Գյումրու սրտում գտնվող կառույցի համար սա կենսական կարեւոր հարց էր, որը քննարկել էինք թատրոնի տնօրինության հետ դեռ նախորդ տարի։ Կառավարությունը ականջալուր եղավ մեր բարձրացրած հարցին, եւ Շիրակի մարզպետարանի ու ՏԿԵՆ-ի հետեւողականության արդյունքում կարողացանք լուծում գտնել։ Բոլոր շահագրգիռ անձանց ներգրավվածությունը չափազանց կարեւոր էր։ Լիահույս եմ, որ առաջիկայում Հակոբ Հակոբյանի՝ ազգային արժեք ճանաչված «Սարերում» որմնանկարը, որը տեղադրված է թատրոնի ճեմասրահում, կտեղափոխվի այլ ապահով վայր։ Այս հարցով եւս կա վարչապետի հանձնարարականը»,- նշված է գրառման մեջ։

 

 

 

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻՑ ՀԵՌՈՒ

Սքարլեթ Յոհանսոնը փորձում է հեռու մնալ սոցիալական ցանցերից։ Marvel-ի 38-ամյա աստղն ասել է, որ հրաժարվում է Instagram-ի նման հավելվածներից, քանի որ «չափազանց փխրուն մարդ է»:

«Չեմ կարող։ Իմ էգոն չափազանց փխրուն է»,- ասել է նա The Skinny Confidential Him & Her փոդքասթի մի դրվագում: «Իմ ուղեղը չափազանց փխրուն է: Ես նման եմ նուրբ ծաղկի»։

Նրա խոսքերով՝ առանց սոցիալական ցանցերի էլ կյանքը «բավականին անհանգիստ է»։ «Ես «Ինստագրամ»-ում ժամանակ եմ անցկացրել երեք օրը մեկ անգամ ու հասկացել, որ վատնել եմ 20 րոպե՝ նայելով ինչ-որ մեկի Instagram-ին»:

Դերասանուհին խոստովանել է, որ ունի հաշիվ մաշկի խնամքի իր ապրանքանիշի The Outset-ի համար, բայց վստահ չէ, որ «այն ճիշտ է օգտագործում»:

Այնուամենայնիվ, Յոհանսոնը խոստովանել է, որ թուլություն ունի TikTok-ի հանդեպ։ Երկու երեխաների մայրը երբեմն սիրում է «սարսափելի տեսանյութեր» անել իր ապրանքանիշի համահիմնադիր Քեյթ Ֆոսթերի հետ հարթակի համար: «Մենք երկուսս էլ վատ ենք դրանում, բայց դա զվարճալի է», – կատակել է նա:

 




Լրահոս