Այսօրվանից մեկնարկում են ԱԺ նոր նստաշրջանի աշխատանքները:
ԱԺ այս նստաշրջանը խոստանում է թեժ լինել. թերեւս ամենաէպիկը ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն է, որը ԱԺ վաղվա նիստում ընդգրկված երկրորդ հարցն է: Բացի սա, այս նստաշրջանում վերջապես խորհրդարանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան է ընտրելու:
ՄԻՊ-ի հարցը կքննարկվի հենց նիստի սկզբում՝ որպես առաջին հարց: Հիշեցնենք, որ ՄԻՊ պաշտոնում Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը առաջարկել է Անահիտ Արտյոմի Մանասյանի թեկնածությունը:
Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ Մարդու իրավունքների պաշտպանն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Հավելենք, որ խորհրդարանականները այս նստաշրջանի ընթացքում պետք է նաեւ դատավորներ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներ ընտրեն:
Վաղը ՀՀ ԱԺ-ն կքննարկի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային հետապնդում հարուցելու դատախազության միջնորդությունը. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կներկայացնի: Համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ՝ ձայների մեծամասնությամբ, այսինքն՝ 71 պատգամավոր ունեցող ՔՊ-ն միայնակ կարող է հավանություն տալ միջնորդությանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ն Մհեր Սահակյանի մասով միասնական որոշում ունի, ինչպես Սեյրան Օհանյանի ու Արմեն Չարչյանի դեպքում էր. կգան եւ համաձայնություն կտան ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը: Ընդ որում՝ եթե Օհանյանի ու Չարչյանի դեպքում իշխող ֆրակցիայի ներսում տարաձայնություններ եղել են, ապա Մհեր Սահակյանի դեպքում իշխանականներն ավելի «մարտական» են տրամադրված: Ի դեպ, ընդդիմությունը եւս մասնակցելու է նիստին եւ օգտագործելու է ՔՊ-ականների մասնակցությամբ աղմկահարույց միջադեպերի ողջ «զինանոցը»: ՔՊ-ն խոցելի վիճակում է գտնվում հիմա՝ կուսակցականների վերջին պահվածքի ֆոնին:
ՀՀ վարչական դատարանի դատավորները մեկը մյուսի հետեւից վերադարձրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայցերը: Ինչպես հայտնի է, Սիսիանում համայնքապետի ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դատի էր տվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին, ինչպես նաեւ «Քաղաքացու որոշում» կուսակցության քաղաքապետի թեկնածու Ավագ Ասատրյանին, ՔՈ անդամ Վարդան Բալյանին, եւ դատարանից պահանջում էին, որ ստիպի ԱԺ պատգամավորին եւ մյուս անձանց Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 40.1 հոդվածով նախատեսված կարգով վարչական պատասխանատվության ենթարկել: Իսկ ի՞նչ են արել վերոնշյալ անձինք, որ նրանց ՔՊ-ն հասցրել է դատարանի դռները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՔՊ-ն նրանց մեղադրում է լռության օրը հակաքարոզչություն անելու համար: Արդյունքում դատարանը բոլոր հայցերը հետ է վերադարձրել, որտեղ թերություններ են եղել:
Քաղաքական իշխանություններն օրերս պաշտոնից ազատված ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Սերգեյ Մեղրյանին առանց աշխատանքի չեն թողնի: «Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի ընկերոջը խոստացել են իր հարազատ համակարգ վերադարձնել եւ Վճաբեկ դատարանում դատավոր նշանակել: Ասել է թե՝ Սերգեյ Մեղրյանը կվերադառնա իրեն հոգեհարազատ ոլորտ: