ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՑՈՒՑՄՈՒՆՔԸ՝ ՄԻՋԱԴԵՊԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վաղը կգա խորհրդարան՝ Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սամվելի Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցը քննարկելու համար:

 

Դատախազը ներկայացրել է 18 էջից բաղկացած միջնորդություն: Այնտեղ մանրամասը ներկայացված է, թե օրենքի ինչ խախտումներ է թույլ տվել Մհեր Սահակյանը, եւ թե ինչ ցուցմունք են տվել նիստին ներկաները: Միջնորդության մեջ նշվում է նիստի ժամանակ Արծվիկ Մինասյանի՝ քննարկման թեմայից շեղվելու հանգամանքը. հակադրվել է Վլադիմիր Վարդանյանին, ձեռքով հարվածել է սեղանին, ոտքի կանգնել, բղավելով դիտողություն արել Վլադիմիր Վարդանյանին: Ապա նշվում է, որ նա շրջանցել է նստած Ալխաս Ղազարյանին, մոտեցել Վարդանյանին եւ աջ ձեռքով հարվածել նրա ձախ քունքային շրջանին: Այսպիսով, Մհեր Սահակյանին մեղադրանք  առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով եւ 297-րդ հոդվածի 1-ին մասով:

Այժմ ներկայացնենք, թե ինչ ցուցմունք են տվել մի քանի վկաները. տուժող Վլադիմիր Վարդանյանն իր ցուցմունքում նշել է, որ աջ ձեռքին ինչ-որ առարկայով հարվածել է իր ձախ հոնքին: Վլադիմիր Վարդանյանը իր ցուցմունքում նշել է, թե մինչ այդ որեւէ գործողություն ինքը չի կատարել, Մհեր Սահակյանին ընդառաջ չի գնացել, ընդամենը կանգնել է տեղից, որպեսզի կարողանա բոլորին հանդարտեցնի: ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանը եւս իր ցուցմունքում նշել է այն մասին, որ Վլադիմիր Վարդանյանը կանգնած է եղել, սակայն տեղից չի շարժվել: Վերջինս նաեւ նշել է, թե հարվածի պահին շատ ուժեղ ձայն է լսել:

ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանն իր ցուցմունքում կրկին նկարագրել է մարտի 31-ին տեղի ունեցածը: Նա եւս նշել է, թե Արծվիկ Մինասյանն է շեղվել քննարկվող թեմայից, որից հետո էլ քննարկումը շարունակելուն ուղղված կոչերին Մհեր Սահակյանը ընդհատելով է արձագանքել: Նա եւս նշել է, թե Վլադիմիր Վարդանյանը կանգնել է իր տեղից, սակայն ընդառաջ չի գնացել որեւէ մեկին:

Ցուցմունք է տվել նաեւ իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Նրա խոսքով՝ Մհեր Սահակյանը մեկ անգամ աջ ձեռքով, բռունցքի ներսի հատվածով հարվածել է Վարդանյանի ձախ աչքի հատվածին: Ընդդիմադիր պատգամավորների ցուցմունքներն էականորեն տարբերվում են, եւ, օրինակ, պատգամավոր Գեղամ Նազարյանը նշել է, թե Վլադիմիր Վարդանյանը, բացի կանգնելուց, նաեւ քայլել է Մհեր Սահակյանի ուղղությամբ, վերջինս նույնպես կանգնել է, ու երբ Վարդանյանը հասել է նրան, աջ ձեռքով հարվածել է Վարդանյանին: Արծվիկ Մինասյանը եւս իր խոսքում նշել է, որ Վլադիմիր Վարդանյանը հանկարծակի կանգնել է եւ ագրեսիվ կեցվածքով քայլել դեպի Սահակյանը: Մհեր Սահակյանն, նույնը նշելով, նաեւ հավելել է. «Վլադիմիր Վարդանյանն ագրեսիվ քայլել է իմ ուղղությամբ՝ բղավելով. «Լավ եմ անում. ում վրա ուզեմ, կգոռամ»: Նա նշել է, թե ինքնապաշտանության նպատակով բնազդաբար է հարվածել Վլադիմիր Վարդանյանին:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՒՄԱՐ ԵՆ ՀԱՓՇՏԱԿԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննության արդյունքում պարզվել են ՀՀ կառավարության 2019թ. մարտի 29-ին «ՀՀ խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների եւ հատապտուղների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» 361-Լ որոշմամբ հաստատված պետական աջակցության ծրագրով, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, խարդախությամբ պետությունից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի մի շարք հանգամանքներ:

 

Պետությունը, նպատակ ունենալով այգետնկումներով խթանել հանրապետությունում պտղաբուծության եւ խաղողագործության զարգացումը, խաղողի, պտղի եւ հատապտղի արտադրության ծավալների ավելացումը, պտուղների եւ հատապտուղների ներմուծման փոխարինումը եւ արտահանման ծավալների ավելացումը՝ կառավարության որոշմամբ սահմանել է կատարված ծախսերի մասնակի փոխհատուցում:

Քննությամբ ձեռք են բերվել փաստեր առ այն, որ Արարատի մարզի բնակիչ Ս. Ղ.-ն եւ Երեւան քաղաքի բնակիչ Վ. Հ.-ն, մասնակցելով նշված ծրագրին, վարձակալությամբ յուրաքանչյուրն իրենց պատկանող հողամասերում հիմնել են ընկուզենու եւ նուշի ինտենսիվ այգի։ Պետությունից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, փոխհատուցում ստանալու նպատակով, ի թիվս հիմնավորող այլ փաստաթղթերի, նրանք ՀՀ էկոնոմիկայի նախարարություն են ներկայացրել ծառայությունների մատուցման կեղծ պայմանագրեր։ Արդյունքում չկատարած ծախսերի դիմաց 2022թ. ապրիլ ամսին Ս.Ղ-ն պետությունից ստացել է 24.225.000 ՀՀ դրամ, իսկ Վ. Հ.-ն՝ 26.125.000 ՀՀ դրամ գումար, որոնք խարդախությամբ հափշտակել են:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նշված անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ 457-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման համար:

Նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԸ ԿԳՆԱ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ վաղը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կգնա խորհրդարան: Այս անգամ պատճառը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանն է: Մասնավորապես, դատախազը գալիս է խորհրդարան Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սամվելի Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցը քննարկելու համար:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ ապրիլի 7-ին էր գրել, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կմտնի խորհրդարան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի հետեւից։ Նրա նկատմամբ պետք է քրեական վարույթ հարուցվի:

Հավելենք, որ Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի մարտի 31-ի նիստի ժամանակ, ըստ ընդդիմադիրների, նախ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ու «Հայաստան» խմբակցության պատգամավորների միջեւ քաղաքական քննարկումը թեժ լեզվակռվի էր վերածվել, ապա, ըստ իշխանական պատգամավորների, Մհեր Սահակյանը բռունցքով հարվածել էր հանձնաժողովի նախագահ, իշխող խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հոնքին: Իշխանականները դիմել էին իրավապահներին, Սահակյանը բերման էր ենթարկել ոստիկանության բաժին, ապա՝ ձերբակալվել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՎՆԱՍԵԼ Է ԻՆՔՆ ԻՐԵՆ 

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդ քաղաքի նստավայրում ընթանում է  Բերդ համայնքի Արծվաբերդ գյուղի բնակիչ Դավիթ  Չոբանյանի դատավարությունը։ Նրան  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ  հանդիսանալով   ՀՀ ՊՆ  թիվ Ն զորամասի պայմանագրային զինծառայող՝ 2022թ. նոյեմբերի 17-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Արծվաբերդ բնակավայրի գերեզմանատանը՝ իր հոր շիրիմի մոտ, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ չկապված, հոր նկատմամբ կարոտից դրդված՝ փոքր ծալովի դանակով կրծքավանդակին եւ ձախ ձեռքի շրջանում կատարել է անդամախեղում՝ իրեն պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ, որը կարող էր հանգեցնել զինվորական ծառայության պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն։ Դ. Չոբանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 528 հոդվածի 1-ին մասով. նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Սույն քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է Լոռու կայազորի զինվորական դատախազությունը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս