Կառավարությունն իր ապրիլի 13-ի նիստում հաստատեց Հայաստանի եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կատարելագործում» նախագծի ֆինանսավորման համար Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից դրամաշնորհի տրամադրման մասին համաձայնագրին կից թիվ 3 լրացուցիչ համաձայնագիրը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ծրագիրն ուղղված է ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման, ինչպես նաեւ կառավարման գործընթացի բարելավմանն առաջնային բուժօգնության կազմակերպմանը:
1 մլն ԱՄՆ դոլարի տրամադրման վերաբերյալ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսվում էր սահմանամերձ ՀՀ Տավուշի, Սյունիքի եւ Լոռու մարզերում իրականացնել կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտություններ:
Ծրագիրը մեկնարկվել է 2021 թվականի հունվարի 19-ից ՀՀ Լոռու մարզում, այնուհետ շարժական մամոգրաֆը տեղակայվել է ՀՀ Տավուշի մարզում, իսկ ներկայում ծրագիրը շարունակվում է ՀՀ Սյունիքի մարզում:
Իրականացված հետազոտությունների արդյունքները փաստում են դրամաշնորհային ծրագրի բարձր արդյունավետության եւ սոցիալական նշանակության մասին։ Մեկնարկից ի վեր՝ մինչ 2023թ.-ի փետրվարի 28-ը, իրականացվել է 18 652 մամոգրաֆիկ հետազոտություն, որից 5209-ը՝ Տավուշի մարզում, 3333-ը՝ Լոռու մարզում:
Ախտորոշումը հստակեցնելու նպատակով 1361 կին ուղեգրվել է լրացուցիչ հետազոտություններ: Ծրագրի մասնակիցների համար լրացուցիչ հետազոտությունները նույնպես իրականացվում են անվճար` Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի աջակցությամբ:
Ուղեգրված 1361 կնոջից 867-ն անցել են լրացուցիչ հետազոտություններ (մյուսները չեն այցելել), 205 կնոջ մոտ կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշումը հաստատվել է, եւ 198 հիվանդի տրամադրվել է անվճար մասնագիտացված բուժօգնություն:
Հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման տեսակետից եւ ՀՀ 3 մարզերում իրականացված հետազոտությունների արդյունքում տնտեսված գումարը՝ առաջարկվել է դրամաշնորհային ծրագրում ներառել նաեւ ՀՀ Շիրակի մարզը։
8 ՏԱՐԻ ԱՆՑ
Արեւմտյան Հայաստանում՝ միակ գործող եկեղեցում՝ Սուրբ Կիրակոսում, ապրիլի 9-ին տեղի է ունեցել Սուրբ Հարության տոնին նվիրված պատարագ։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում Սուրբ Հարության տոնի պատարագը մատուցել են Պոլսո Հայոց պատրիարքարանից ժամանած հոգեւորականները։
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին մեծ վնասներ էր կրել 2015 թվականին թուրք-քրդական բախումների հետեւանքով եւ երկար ժամանակ փակ էր վերանորոգման նպատակով։
ԿՆԵՐԱՌԵՆ ՌԵԵՍՏՐՈՒՄ
Կառավարությունը որոշեց, որ «ԲԵՍԹ ԲԱՅ ԱՐՄ» փակ բաժնետիրական ընկերությունը կներառվի «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում: Որոշման մեջ նշվում է, որ, ՀՀ կառավարության որոշմամբ, ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ստեղծվել է «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտին, որի մեկնարկը տրվել է 2019 թվականի հունվարին: 2018 թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության (ներկայիս` ՀՀ էկոնոմիկայի նախարարության) եւ «ԷԿՈՍ» ՓԲԸ միջեւ կնքվել է վերոնշյալ ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին պայմանագիրը, ինչը հնարավորություն է տալիս շահագործել վերոնշյալ ազատ տնտեսական գոտին: ««ԲԵՍԹ ԲԱՅ ԱՐՄ» փակ բաժնետիրական ընկերության կողմից հանձնաժողովին է ներկայացվել «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու համար համապատասխան հայտ: «Էկոս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր եւ նորարարական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:
11 ՄԼՐԴ ԴՐԱՄ՝ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Կառավարությունն ապրիլի 13-ի նիստում 11 մլրդ 184 մլն դրամ հատկացրեց 14 ճանապարհահատվածի եւ 1 տրանսպորտային օբյեկտի շինարարության համար: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասաց. «Ընդհանուր առմամբ, բոլորի հանրագումարը 63,2 կմ է, որից միջպետականը 13,3 կմ է, հանրապետականը՝ 36,5 կմ, եւ մարզային նշանակության ճանապարհները՝ 12,2 կմ»:
Գնել Սանոսյանն ավելացրեց, որ չզեկուցվող հարցերից մեկով էլ նախատեսված է Ազատանից դեպի Գյումրի ճանապարհի համար հատկացնել 1 մլրդ 260 մլն դրամ: Ավանդույթի համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթով թվարկեց, թե որ ճանապարհների մասին է խոսքը:
«Տրամադրված ենք այս տարի եւս 500 կմ ավտոճանապարհ նորոգելու պլանին. այսօր արդեն տեսնում ենք, որ դա իրագործելի, իրատեսական ծրագիր է»,-ասաց վարչապետը: