ՀԱՆԴԻՊՈՒՄ ՉԻՆ ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑՆԵՐԻ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի մի խումբ դպրոցականներ ապրիլի 20-ին հնարավորություն ունեցան առցանց հանդիպել «Շենչժու-15» անձնակազմի ներկայացուցիչներին եւ տվյալ պահին տիեզերանավում գտնվող չին տիեզերագնացներին՝ ծանոթանալով նրանց առօրյա կյանքին:  Հանդիպմանը մասնակցեցին երեք դպրոցի 8-10-րդ դասարանի աշակերտներ:  

 

ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յոնգը նշեց՝ Հայաստանում առաջին անգամ են նման միջոցառում կազմակերպում: Նրա համոզմամբ՝ սա շատ լավ առիթ է հայ երիտասարդներին տիեզերական ոլորտում Չինաստանի ունեցած ձեռքբերումներին ծանոթացնելու եւ գիտելիքներ փոխանցելու համար:

«Քանի որ Հայաստանը եւ Չինաստանը շատ լավ գործընկերներ եւ ընկերներ են, մենք փորձում ենք Հայաստանի հետ կիսվել մեր երկրի զարգացման փորձով: Կարծում եմ՝ սա շատ լավ առիթ է հայ երիտասարդների մոտ տիեզերագնացության ոլորտում հետարքրքրություն առաջացնելու համար, ինչը ապագայում կզարգացնի երկիրը: Չինաստանի զարգացման ճանապարհին տիեզերագիտության ոլորտի զարգացումը  մեծ դեր է խաղացել»,-ընդգծեց դեսպանը:

Նմանօրինակ հանդիպումները կնպաստեն հայ-չինական հարաբերությունների զարգացմանը՝ համոզված է Չինաստանի դեսպանը:

«Կարծում եմ՝ այս ոլորտի գիտելիքները Հայաստանի համար շատ կարեւոր են, քանի որ Հայաստանը նույնպես տիեզերք է արձակել արհեստական արբանյակ: Ես շատ ուրախ կլինեմ, որ այսօր հայ երիտասարդները տեսնեն տիեզերագնացների կյանքը տիեզերանավում. կարծում եմ՝ շատ հետարքիր կլինի»,- եզրափակեց  Ֆան Յոնգը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, կարեւորելով երեխաների մասնակցությունը նմանատիպ երկխոսությանը, ասաց, որ միջոցառումը հայ-չինական բարեկամության նշան է:   «Այս երկխոսությանը մասնակցում է շուրջ 60 երեխա: Ես համոզված եմ, որ իրենց համար սա մասնագիտական կողմնորոշման շատ լավ առիթ կլինի: Սա հնարավորություն կտա երեխաներին զարգացնել իրենց մտահորիզոնը»,- նշեց Մարտիրոսյանը: Առցանց հանդիպմանը տեսակապով միացել էին Շանհայի համագործակցության կազմակերպության 14 երկրի դպրոցականներ:

 

 

 

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՑ ԳԻՆԻ ՄԵԴԱԼՆԵՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ

Հայկական վեց գինիներ մեդալներ են ստացել Լոս Անջելեսում կայացած Գինու միջազգային մրցույթում. այս մասին հայտնում է Հայաստանից նրբահամ գինիներ ներկրող Storica Wines-ը։ Արծաթե մեդալներ են շնորհվել Voskevaz Karasi Collection Voskehat, Shofer Voskevhat, Shofer Areni եւ Van Ardi Red Blend գինիներին: Ոսկե մեդալ եւ 90 միավոր է ստացել «Ոսկեվազ Արենին», իսկ դասի լավագույն մրցանակն ու 94 միավոր՝ Keush Cuvre Couchanne Brut Sparkling Rose-ը:

 

Գինիները պատրաստվում են Հայաստանի հնագույն տեղական խաղողի սորտերից, որոնցից երկուսն են ամենահայտնին՝ Ոսկեհատն ու Արենին։ Ոսկեհատը բուրավետ սպիտակ խաղող է՝ մրգային նոտաներով, հավասարակշռված թթվայնությամբ եւ թարմացնող հանքային նոտաներով, որը նման է Սեմիլյոնին եւ Շարդոնեին։ Արենին նման է Գամեին, որն առաջարկում է վառ մրգային նոտաների խառնուրդ՝ չափավոր թթվայնությամբ:

«Մենք գոհ ենք այս տարվա Լոս Անջելեսի գինիների միջազգային մրցույթում մեր գինիների գրանցած արդյունքներից, հատկապես մեր նոր պորտֆոլիոյի որոշ արտադրանքներից, ինչպիսիք են Keush Sparking Rose եւ Shofer կարմիր ու սպիտակ գինիները: Սա հայաստանյան գինիների որակի եւս մեկ ապացույց է, եւ մենք հուսով ենք, որ Լոս Անջելեսի համայնքը կընդունի այս գինիները եւ այս տարի կգա տոնավաճառ՝ համտեսելու վարդագույնը», – ասել է Storica Wines-ի համահիմնադիր եւ նախագահ Զակ Արմենը։ Keush Cuvre Couchanne Rose-ն Արենի խաղողից պատրաստված փրփրուն գինի է, որը ստացվել է Հայաստանի Խաչիկ գյուղի արտադրողներից։ Գինին հնեցվում է առնվազն 22 ամիս, այն ունի կարմիր մրգերի եւ թխվածքաբլիթի նոտաներ՝ կծու թթվայնությամբ ու ուժեղ հանքային նոտաներով:




Լրահոս