Ազգային ժողովում ապրիլի 20-ին հերթական խայտառակ միջադեպն արձանագրվեց: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը որոշեց քաղաքական ակցիա իրականացնել խորհրդարանի ամբիոնի մոտ՝ խոսելով այս իշխանության վարած քաղաքականության հետեւանքով առաջացած անվտանգային խնդիրների մասին: Ընդդիմադիր մյուս պատգամավորները եւս միացան Թագուհի Թովմասյանի ակցիային, ինչից հետո, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղիղ հրահանգով, անվտանգության աշխատակիցները բռնի ուժով, քաշքշելով, ապօրինաբար ընդդիմադիր պատգամավորներին հեռացրին ԱԺ նիստերի դահլիճից եւ թույլ չէին տալիս ներս մտնել, մասնակցել նիստին:
«Ժողովուրդ» օրաթերթը մջադեպի մասին զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի հետ:
-Պարո՛ն Աբովյան, որպես նախկին պատգամավոր՝ ի՞նչ գնահատական կտաք այս միջաադեպին:
-Ես ինչ որակավորում էլ տամ, անվանեմ այդ միջադեպը ապօրինություն կամ օրենքի խախտում, դա չի արտացոլում այն իրավիճակը, ինչը կատարվեց ԱԺ-ում: Գործ ունենք «բեսպրեդելի» հետ, կապ չունի՝ ընդդիմադիր պատգամավոր է, թե իշխանական:
Հիմա Ազգային ժողովը փաստացի դարձել է մի մարմին, որը չի կատարում իր գործառույթները, դարձել է հիմնարկ. տպավորություն է, որ ԱԺ ղեկավարությունը կարծում է, թե պատգամավորներն իրենց աշխատողներն են:
-Ընդ որում՝ այստեղ նաեւ կոպիտ խախտում կա այն առումով, որ անվտանգության աշխատակիցը որեւէ իրավունք չունի պատգամավորին հեռացնելու նիստերի դահլիճից, այն էլ՝ բռնի ուժով:
-Այո, ոչ ոք, այդ թվում՝ ԱԺ նախագահը, իրավունք չունի պատգամավորներին հեռացնելու դահլիճից. նույն հաջողությամբ կարող են հրահանգել ծեծել պատգամավորին: Առհասարակ, այն, ինչ կատարվեց եւ կատարվում է Ազգային ժողովում, ցույց է տալիս մեր երկրում տիրող իրավիճակի ողջ աբսուրդը, կազմաքանդումը:
-Պարո՛ն Աբովյան, ուշագրավ է, որ երբ գործող իշխանությունն էր ընդդիմություն, նույն Լենա Նազարյանն ու Արարատ Միրզոյանը գունավոր ծուխով ակցիա էին իրականացնում, որեւէ մեկը չէր խոչընդոտում նրանց ակցիային: Ստացվում է՝ իրենց այն ժամանակ կարելի էր ակցիաներ անել, իսկ իրենց ժողովրդավարության բաստիոն հռչակած իշխանությունները հիմա արգելում են անգամ քաղաքական ակցիաներ իրականացնել:
-Սա միտումնավոր գործողություն էր, որպեսզի պարլամենտարիզմի ինստիտուտը Հայաստանում այնքան վարկաբեկեն, որպեսզի դառնա անիմաստ ու շինծու մի կառույց, որը սպասարկելու է բացառապես իշխանությունների շահերն ու հետաքրքրությունները. սա աննկարագրելի խայտառակություն է, բայց այն նոր չէ. այդ խայտառակությունը սկսվել է այս խորհրդարանի ձեւավորման հենց հաջորդ օրը: Երկրի կառավարման ինստիտուտն առհասարակ ոչնչացրել են այս իշխանությունները, ոնց որ իրենց «դուքյանը» լինի, այս երկիրը դարձրել են իրենց ծրագրերը սպասարկող հիմնարկ: Ժամանակը ցույց կտա՝ թե ում ծրագրերն են այս իշխանությունները սպասարկում: Կարեւոր է հասկանալ նաեւ, որ եթե ԱԺ պատգամավորների հանդեպ նման կերպ են վարվում, ապա հասարակ քաղաքացին ինքն էլ ենթագիտակցորեն հասկանում է, որ ոչնչով պաշտպանված չէ:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԴԻՄԵԼ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը վստահեցրել է, որ ԱԺ նախագահի` ընդդիմադիր պատգամավորներին նիստերի դահլիճից դուրս հանելու հրամանն ապօրինի էր, եւ նա պատրաստվում է դիմումներ ներկայացնել իրավապահ կառույցներին, որպեսզի մեղավորները քրեական պատասխանատվության ենթարկվեն։
Թովմասյանն իր որոշման մասին հայտնել է խմբակցության հրավիրած ասուլիսի ժամանակ` անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին։
«Ես հիմա աշխատում եմ դիմումների վրա եւ ուղարկելու եմ բոլոր ուժային կառույցներին, որպեսզի ապօրինություններ թույլ տված մարդիկ քրեական պատասխանատվության ենթարկվեն։
Մենք չենք կարող հանդուրժել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ-ն դարձնի իրենց սեփական օբյեկտը։ Չի լինելու նման բան։ Երեկ նրանք սպառել են իրենց ստելու լիմիտը»,- ասաց Թովմասյանը։ Նա ընդգծեց, որ տարբեր խորհրդարաններում վիճաբանություններ, տարաձայնություններ լինում են, սակայն հնարավոր չէ այնտեղ տեսնել, որ անվտանգության աշխատակիցներն ագրեսիվ կերպով քաշքշեն պատգամավորներին, այն էլ՝ ընդմիջման ժամանակ։
Թովմասյանն այդ միջադեպը խայտառակություն որակեց։ «Հայտարարում եմ, որ ԱԺ նախագահի` մեզ դահլիճից դուրս հրավիրելու հրամանը միանգամայն ապօրինի էր այն դեպքում, երբ հենց ինքն ընդմիջում հայտարարեց։
Նշեմ նաեւ, որ ԱԺ նախագահի հրամանը կատարողներն իրավունք չունեին որեւէ կերպ խոչընդոտելու պատգամավորների աշխատանքը։
Բոլոր օրենքներով գրված է, որ անվտանգության աշխատակիցները պետք է չեզոքացնեն վտանգը»,- ասաց Թովմասյանը։
ԿՐԿԻՆ ԳՈՒՄԱՐ Է ՊԵՏՔ
Կառավարությունն իր երեկվա նիստում վերաբաշխում կատարեց 2023 թվականի բյուջեի նախագծում: Մասնավորապես, կառավարության պահուստային ֆոնդից 33 մլն 716 հազար դրամ հատկացվեց ԿԳՄՍ նախարարությանը: Այդ գումարն անհրաժեշտ է Երեւանում կայանալիք ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը պատշաճ ձեւով կազմակերպելու եւ իրականացնելու համար: Ինչպես հայտնի է, Երեւանում ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության կազմակերպման եւ անցկացման ծառայությունների ձեռք բերման նպատակով կազմակերպված մրցույթի հաղթող է ճանաչվել «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ն, որն առաջարկել է 1,16 մլրդ դրամ գնային առաջարկ, եւ կնքվել է պայմանագիր: Առաջնության կազմակերպման գործընթացի շրջանակում առաջացել է նոր ծառայությունների անհրաժեշտություն, օրինակ՝ «Կիլիկիա» մարզադահլիճի մասնակի բրենդավորում (մարզումային դահլիճի ֆասադի ճակատային մասի, մուտքի դռների եւ ներսի բրենդավորում), բրենդային այլ պարագաների պատրաստում, այդ թվում՝ բրենդային պայուսակների պատրաստում (750 հատ), բրենդային ջրաման (750 հատ), բրենդային նոթատետր (750 հատ), բրենդային գրիչ (750 հատ), կրծքանշան (58 մմ 375 հատ, 44 մմ 375 հատ, 30 մմ 40 հատ): Այդ ծառայությունների համար կպահանջվի եւս 33 մլն 716 հազար դրամ գումար: Նշենք, որ հենց «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ի տնօրենն է բարձրացրել լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության հարցը: Հավելենք, որ «Բեգրաունդ Փրոդաքշըն» ՍՊԸ-ն գործունեություն սկսել է ծավավել 2018-ի հեղափոխությունից հետո։ Հիմնադիր տնօրենը Արմեն Սարգսյանն է. վերջինս 2021 թվականի դեկտեմբերի 2-ին նշանակվել էր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի օգնական, Վահագն Խաչատուրյանի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո՝ 2022 թ. մարտի 18-ին, ազատվել է աշխատանքից: Այժմ միայն Background Production-ի հիմնադիր գործադիր տնօրենն է:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
34,2 մլն դրամ կհատկացվի 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման համար: Այս որոշումն իրականացնելու համար վերաբաշխում կկատարվի 2023-ի բյուջեի մասին օրենքում: Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300.000 դրամ: Այն տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավելի, քան մինչեւ անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը: 16.02.2023 դրությամբ դեռեւս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 57 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվել է ս.թ. մարտի 1-ից: Աջակցության վճարման ժամկետը երկու ամսով երկարացվելու արդյունքում 57 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքներին աջակցություն տրամադրելու միջոցառման ֆինանսավորման համար կպահանջվի լրացուցիչ 34,2 մլն դրամ: