Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, հաշմանդամություն ունեցող անձանց համար «Անձնական օգնականի ներդրման» պիլոտային ծրագրի շրջանակում, մեկնարկում է անձնական օգնականների տվյալների հավաքագրման գործընթաց՝ վերապատրաստումներին մասնակցելու, հավաստագիր ստանալու եւ որպես անձնական օգնական աշխատելու համար: ArmLur.am-ին այս մասին հայտնեցին Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։
Գրանցման համար անհրաժեշտ է մուտք գործել հետեւյալ հղմամբ՝ https://bit.ly/3na80TA :
Դիմումները կարող եք ներկայացնել մինչեւ մայիսի 8-ը՝ ժամը 18:00-ն:
Հիշեցնենք, որ Կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1264-Ն որոշման համաձայն՝ 2024 թվականի հունվարի 1-ից իրականացվելու է անձնական օգնականի տրամադրման ծառայություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու եւ համայնքում ներառվելու իրավունքի իրացման նպատակով։
Ծառայությունը ներառում է հաշմանդամություն ունեցող անձի խնամքը, այդ թվում՝ աջակցություն՝
-անձնական հիգիենան պահպանելու,
-սեփական առողջությանը հետեւելու, այդ թվում՝ դեղամիջոցներ ընդունելու, առողջ ապրելակերպ վարելու, բժշկական օգնություն ստանալու,
-սննդի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղերի գնումներ կատարելու,
-կենցաղային աշխատանքներ կատարելու (սննդի պատրաստում, բնակարանի, օգտագործված իրերի, հագուստի մաքրություն),
-այլ գործողություններ կատարելու եւ մի շարք այլ հարցերում, որոնք, անձի կարիքներից ելնելով, կամրագրվեն կնքված պայմանագրում։
Ծառայությունը հնարավորություն կտա նաեւ աջակցել հաշմանդամություն ունեցող անձին՝ հաղթահարելու միջավայրային արգելքները (այդ թվում՝ տեղաշարժման եւ հաղորդակցման):
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԽԱԽՏԵԼ ԵՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. մարտ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:
2023 թվականի մարտ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 851 հարկ վճարողի մոտ:
Հսկողական միջոցառումների արդյունքում ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողներին ընդհանուր առաջադրվել է շուրջ 305.9 մլն դրամի չափով տուգանք:
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԱԿՏ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի տասնյակ անդամներ ապրիլի 24-ին եւս մեկ անգամ Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել Հայոց ցեղասպանության կրթական ակտը. այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
Այս օրինագծով նախատեսվում է 5 տարվա ընթացքում 10 միլիոն դոլարի ֆինանսավորում տրամադրել Կոնգրեսի գրադարանին՝ ամերիկացիներին ուսուցանելու 1915-1923 թթ.-ին միլիոնավոր հայերի, հույների, ասորիների, քաղդեացիների, սիրիացիների, արամեացիների, մարոնիների եւ այլ քրիստոնյաների՝ Օսմանյան Թուրքիայի կողմից համակարգված ցեղասպանության մասին:
Ակտը ներկայացնելու նախաձեռնությամբ հանդես են եկել կոնգրեսականներ Աննա Էշուն, Դեյվիդ Վալադաոն, Թեդ Լյուն եւ Գաս Բիլիրակիսը: Նրանց միացել են նաեւ Ներկայացուցիչների պալատի 38 անդամներ: Միջոցը նախատեսում է ֆինանսավորել Կոնգրեսի գրադարանի կրթական ծրագրերը Հայոց ցեղասպանության պատմության, դրանից քաղած դասերի, հետեւանքների եւ դրա համար ներկայում վճարվող գնի վերաբերյալ:
Ակտի հեղինակներից Աննա Էշուն նշել է, որ Հայոց ցեղասպանության կրթական ակտը պահպանում է զոհերի ժառանգությունը, պայքարում ցեղասպանության ժխտման դեմ եւ ապագա սերունդներին դասեր տալիս պատմության այս մութ էջի մասին:
ՏԱՔՍԻՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ
Դիլիջան քաղաքը Երեւանից հեռու է մոտ 96 կմ։ Դիլիջան-Երեւան եւ հակառակ ուղղությամբ գործող միկրոավտոբուսային երթուղու տոմսի գինը 1000 դրամ է։ Դիլիջանցիները օգտվում են նաեւ Երեւան-Իջեւան միկրոավտոբուսային երթուղուց, որի դեպքում նույն գինն են վճարում՝ 1000 դրամ։ Գործում են նաեւ հարկային դաշտում գրանցված եւ չգրանցված տաքսի ծառայություններ ու անհատ տաքսիստներ, որոնք մայրաքաղաքի ցանկացած կետից ուղեւորներին հասցնում են Դիլիջանի ցանկացած կետ եւ հակառակ ուղղությամբ։ Այդ տաքսի ավտոմեքենաներից օգտվում են 4 ուղեւոր, ավելի մեծ ուղեւորներ տեղափոխող տաքսի մեքենաների դեպքում՝ ավելի շատ ուղեւորներ, որոնցից յուրաքանչյուրը վճարում է երկու հազար դրամ։ Վերջերս տաքսիստները բարձրացրել են սակագինը. այդ տաքսի ծառայություններից օգտվողները արդեն վճարում են 2500-ական դրամ։ Դա հարուցել է սոցիալական բազում խնդիրներ ունեցող Դիլիջան համայնքի բնակիչների դժգոհությունը, որոնք նշում են, որ, օրինակ, Երեւան-Վանաձոր հեռավորությունը ավելի քան 117 կմ է, այդ ուղերթում տաքսիների սակագինը 1500 դրամ է։ Դիլիջան քաղաքից հայտնում են, որ դեռեւս գործում են քիչ թվով տաքսի ծառայություններ եւ անհատ տաքսիստներ, որոնք Դիլիջան-Երեւան-Դիլիջան ուղերթում ուղեւորներին տեղափոխում են 2000 դրամով, սակայն այդպիսի տաքսիների թիվը քիչ է, այդ ավտոմեքենաներում ազատ տեղ գտնելը դժվար գործ է։
ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ ԵՆ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տավուշի մարզպետարանից հայտնել են, որ հիմք ընդունելով 2022-2024թթ. ռազմավարական եւ 2022թ.-ի տարեկան ծրագրերը՝ 2022թ.-ի ընթացքում իրականացվել է տարեկան ծրագրով պլանավորված 30 աուդիտ։ Աուդիտն իրականացվել է մարզի առողջապահական մի շարք հիմնարկներում, մարզի մի շարք հանրակրթական դպրոցներում, Տավուշի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունում, մարզպետարանի ՏԻ եւ ՀԳՄ հարցերով վարչությունում, մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժնում, մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնում։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին ուղարկած տեղեկատվական հարցման մեջ հարցրել եմ, թե 2022 թվականին իրականացված աուդիտի արդյունքում այդ հիմնարկություններում ինչ խախտումներ, թերություններ են բացահայտվել։ Մարզպետարանից ընդհանուր բնույթի պատասխան են տվել՝ նշելով. «Աուդիտի ընթացքում հայտնաբերված թերությունների վերաբերյալ տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ հետագայում դրանք բացառելու համար»:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ