Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եւ ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոն ստորագրել են Հայաստանում ֆրանսերեն լեզվի օգնականների ծրագրի իրականացման համաձայնագիր ու ՀՀ ավագ դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցում եւ լրացուցիչ ֆրանկոֆոն ծրագիր իրականացնելու վերաբերյալ կրթական համագործակցության հուշագիր:
ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվույնության վարչությունից ArmLur.am-ին հայտնեցին, որ հանդիպմանը ներկա էր նաեւ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Ողջունելով դեսպանին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հանդիպումը լավ առիթ է՝ հայ-ֆրանսիական առանձնահատուկ հարաբերությունները եւս մեկ անգամ ընդգծելու եւ համագործակցության լայն շրջանակում մատնանշելու համատեղ անելիքները:
«Շատ ուրախ եմ, որ այսօր մեր համագործակցությունն ամրապնդում ենք երկու նոր նախաձեռնությամբ: Կարեւորում եմ, որ այս նախաձեռնությունները խթանելու են դպրոցներում ֆրանսերեն խորացված ուսուցումը ու ֆրանկոֆոն լրացուցիչ ծրագրի ներդրումն ու իրականացումը: Ներկայում մենք հանրակրթության ոլորտում իրականացնում ենք մի շարք բարեփոխումներ, եւ օտար լեզուների իմացության բարելավումը մեր բարեփոխումների առանցքային ուղղություններից է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի կառավարությանը կրթական ծրագրերին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար: Լիահույս եմ՝ այս նոր ծրագրերը կամրապնդեն դպրոցներում ֆրանսերենի իմացությունը, որը ոչ միայն լեզվի իմացություն է, այլեւ քաղաքակրթական արժեհամակարգ, որը նպաստելու է երկու երկրների միջեւ հարաբերությունների առավել խորացմանը»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Հայաստանում ֆրանսերեն լեզվի օգնականների ծրագրի իրականացման ուղղությամբ առկա է բավական մեծ առաջընթաց: Համաձայնագրի ստորագրմամբ հնարավորություն կընձեռվի ֆրանսերեն լեզվի օգնականներ տրամադրելու ՀՀ այն ուսումնական հաստատություններին, որտեղ դասավանդվում է ֆրանսերեն. «Ծրագրի նպատակն է հնարավորություն տալ «Ֆրանսերեն» առարկայի հայ դասավանդողներին, ինչպես նաեւ սովորողներին մշտական շփում ունենալու ֆրանսերենը՝ որպես մայրենի լեզու կրողների հետ եւ այդպիսով բարելավելու ֆրանսերենի իմացության մակարդակը»:
ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոն իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի ուսուցման խորացման եւ ներկայացված ծրագրերի ընդլայնման, ինչպես նաեւ համագործակցության շարունակման նախաձեռնություններին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ ՀՀ դպրոցներում ֆրանսերենի ուսուցման զարգացման հնարավորություններին առնչվող հարցեր:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
1-ԻՆ ԿԱՐԳԻ ԴԻՊԼՈՄՆԵՐ
ՀՀ ԿԳՄՍՆ-ից ArmLur.am-ին հայտնեցին, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ապրիլի 26-ին 1-ին կարգի դիպլոմներով է պարգեւատրել 2022-2023 ուստարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողներին։
Այս տարի հանրապետական առարկայական օլիմպիադաներին 1582 դպրոցական է մասնակցել: Նրանցից 68-ը ստացել է առաջին, 137-ը՝ երկրորդ, 180-ը՝ երրորդ կարգի դիպլոմներ, իսկ 246-ը՝ գովասանագրեր: Հանրապետական առարկայական օլիմպիադաներն անցկացվել են 16 առարկայից: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, շնորհավորելով աշակերտներին, ուսուցիչներին եւ նրանց ծնողներին, հույս է հայտնել, որ նրանց հաջողությունները շարունակական կլինեն. «Վստահ եմ՝ սրանք ամենափոքր հաջողություններն են, որ դուք գրանցել եք եւ դեռ գրանցելու եք ձեր ուսումնառության եւ հետագա, ինչու ոչ, աշխատանքային գործունեության ընթացքում: Շնորհակալություն եմ հայտնում ձեր ուսուցիչներին, քանի որ նաեւ իրենց ջանքերով է պայմանավորված այս արդյունքը»: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ գործընթացում ներգրավված ցանկացած մասնակցի ներդրումը շատ կարեւոր է արդյունքների ապահովման տեսանկյունից: Այս համատեքստում Արաքսիա Սվաջյանն իր ցավակցությունն է հայտնել ֆիզիկայի հանձնաժողովի նախագահ Գագիկ Գրիգորյանի անժամանակ մահվան կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ անվանի գիտնականի աշակերտները կշարունակեն նրա գործը եւ հիշատակը վառ կպահեն: