Բաքվում Թուրքիայի դեսպանությունը հերքել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հասցեին հնչած մեղադրանքները, որոնք հայտնվել էին ադրբեջանական Qafqazinfo պարբերականի հրապարակման մեջ։ Հոդվածում պնդում էր արվում, թե Ադրբեջանում գործող թուրքական կազմակերպությունները կարող են զբաղվել հետախուզական գործունեությամբ և միջամտել երկրի ներքին գործերին։ Նյութը հետագայում հեռացվել է, հաղորդում է Anadolu գործակալությունը։
Qafqazinfo-ն գրել էր, որ Ֆիդանը Բաքու կատարած այցի ընթացքում այցելել է Երիտասարդության աջակցության հիմնադրամ (GYF) և, իբր, դրա ներկայացուցիչներին տվել է որոշակի ցուցումներ։ Պարբերականն այս հանդիպումը կասկածելի էր անվանել՝ Թուրքիայի կողմից Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների ֆոնին։
Հրապարակման հեղինակները նաև GYF-ին և այլ թուրքական ոչ կառավարական կազմակերպություններին, այդ թվում՝ IHH-ին, TİKA-ին և Aziz Mahmud Hüdayi հիմնադրամին, մեղադրել էին Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) հետ կապերի մեջ։ Պարբերականի վարկածով, այս կառույցները մարդասիրական գործունեության քողի տակ տարածում են իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (AKP) գաղափարախոսությունը, տեղեկատվություն հավաքում և արտերկրում ազդեցության ցանց ձևավորում։ Հրապարակումը հղում էր անում նաև, մասնավորապես, Ֆիդանի՝ Թուրքիայի խորհրդարանին ուղղված ենթադրյալ նամակին։
Թուրքական դեսպանությունը մեղադրանքներն անվանել է անհիմն և հայտարարել, որ հրապարակումն ուղղված է երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացմանը։ Դիվանագետներն ընդգծել են, որ Ֆիդանը այցի ընթացքում լուսանկարվել է բազմաթիվ մարդկանց, այդ թվում՝ Ադրբեջանում օրինական գործունեություն ծավալող կազմակերպության ներկայացուցիչների հետ, և կտրականապես հերքել են գաղտնի հանդիպման ու ցուցումներ փոխանցելու մասին պնդումները։
Դեսպանությունը նաև հայտարարել է, որ հրապարակման մեջ հիշատակված՝ Թուրքիայի խորհրդարանին ուղղված նման նամակ գոյություն չունի։ Հեղաշրջում նախապատրաստելու, քաոս ստեղծելու, հետախուզական գործողություններ իրականացնելու և ազդեցության գործակալներ հավաքագրելու մեղադրանքները դիվանագետները անվանել են միտումնավոր կեղծիք, որի նպատակն է ադրբեջանական հասարակությանը տրամադրել Թուրքիայի դեմ։ Նրանք կոչ են արել երկու երկրների քաղաքացիներին չվստահել նման պնդումներին։






















