- փետրվարի 11-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին հաղորդում էր ստացվել այն մասին, որ փետրվարի 10-ին` ժամը 23։30-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում Պարեկային ծառայության ծառայողներին է մոտեցել «Համմեր» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը մեքենան լիցքավորելու համար գումար է պահանջել պարեկներից։
Մերժում ստանալուց հետո, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, նա մեքենան վարել է Աբովյան փողոցով՝ երթեւեկությանը հանդիպակաց, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների` «կա՛նգ առ» ազդանշանին, մեքենան շարունակել է վարել Արամի, Փ. Բյուզանդի, Վ. Սարգսյանի, Ագանթագեղոսի, Տիգրան Մեծի, Ամիրյան փողոցներով, այդ թվում` հետիոտնի համար նախատեսված վայրով՝ դիտավորյալ վնասելով փողոցներում կայանված թվով 8 քաղաքացիական մեքենաներ։
Այնուհետեւ նա երեւկել է ՀՀ կառավարության վարչական շենքի հանդիպակաց ոչ երթեւեկելի հատվածով, որտեղ, շարունակելով չենթարկվել պարեկային ծառայության օրինական պանաջին, վրաերթի է ենթարկել Պարեկային ծառայության աշխատակցին, դիտավորյալ վնասել Պարեկային ծառայության թվով 3 ավտոմեքենա։
Այդ գործողությունները կանխելու համար պարեկային ծառայողներն իրենց ամրակցված ատրճանակներով մոտ տարածությունից մի քանի անգամ կրակել են վերոհիշյալ ավտոմեքենայի անվադողերի ուղղությամբ՝ փորձելով կանգնեցնել այն, սակայն վարորդը շարունակել է երթեւեկությունը, խույս տալով պարեկներից` մեքենան թողել է Երեւան քաղաքի Ագաթանգեղոս 7-րդ շենքի կամարանցման տակ եւ դիմել փախուստի:
Վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Համմեր» մակնիշի ավտոմեքենան պատկանում է Արարատի մարզի բնակիչ Գեղամ Ս.-Ն-ին, որը եղել է ենթադրաբար թմրանյութի ազդեցության տակ: Պարզվել էր, որ տեղյակ լինելով որդու թմրամոլ լինելու մասին` հայրն ավտոմեքենայի բանալիները թաքցրել է նրանից, սակայն երիտասարդը փնտրել ու գտել է ավտոմեքենայի պահեստային բանալին, որից հետո ավտոմեքենայով մարզից եկել է Երեւան քաղաք: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նախաքննական մարմինը դիմել է միջնորդությամբ նրա կալանքը երկարացնելու համար, ինչը բավարարվել է. նա կշարունակի մնալ երկամսյա կալանքի տակ եւ գտնվում է քրեակատարողական հիմնարկում: Նախաքննությունը շարունակվում է:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՄ
33 ՏԱՐԻ ԿՈՄԱՅԻՑ ՀԵՏՈ
Մահացել է 33 տարի կոմայում գտնված նյույորքցի ոստիկանը. գրել է New York Post-ը՝ հղում կատարելով իրավապահ մարմինների աղբյուրներին։ Թրոյ Փատերսոնը 1990թ. ենթարկվել էր երեք զինված հանցագործների հարձակմանը, որոնք կրակել էին նրա գլխին՝ փորձելով խլել 20 դոլար։ «Հերոս ոստիկանը, որը լվանում էր իր մեքենան տնից երեք թաղամաս այն կողմ, մինչեւ իր մահը՝ շաբաթ գիշեր, վեգետատիվ վիճակում էր»,- նշվել է հրապարակման մեջ։ Հարձակման պահին Փատերսոնը 27 տարեկան էր, որոնցից վեցը ծառայել էր ոստիկանությունում՝ արժանանալով յոթ շնորհակալագրի մասնագիտական գործունեության համար։ Արդեն հիվանդանոցում նրան շնորհվել է դետեկտիվի կոչում։
ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԵՐՐՈՐԴ ԲՈՒԺՈՂ ԲԺՇԿԻՑ
«Վիվամեդ» կլինիկայի տնօրեն Զուրաբ Չխաիձեն հայտարարել է, որ Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին հրաժարվել է նաեւ երրորդ բուժող բժշկից. այս մասին հայտնում է «Ալիք մեդիա»-ն:
Չխաիձեն ասել է, որ բժիշկների համար ամեն օր ավելի ու ավելի է դժվարանում աշխատել Սաակաշվիլիի հետ, քանի որ բժիշկները հիմնականում ստիպված են աշխատել հոգեբանական մեծ ճնշման տակ:
Նրա խոսքով՝ կլինիկական առաջընթացի առումով Սաակաշվիլիի մոտ այս օրերին փոփոխություն չկա:
«Ինչ վերաբերում է կրիտիկական վիճակին, ուզում եմ ասել, որ ծանր վիճակում գտնվող հիվանդները բժշկին չեն ընտրում։ Միխեիլ Սահակաշվիլիի առողջական վիճակի կլինիկական ընթացքն իրականում չի փոխվել»,- ասել է Չխաիձեն։
Հիշեցնենք՝ Վրաստանի երրորդ նախագահը բանտում է գտնվում 2021 թվականի հոկտեմբերի 1-ից։ Դատարանը նրան ազատազրկման է դատապարտել պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու եւ Սանդրո Գիրգվլիանիի մահվան գործով դատապարտվածներին ներում շնորհելու համար։ Այս երկուսից բացի, եւս երեք գործ է հարուցվել Սաակաշվիլիի նկատմամբ։
Ձերբակալման առաջին օրը Սաակաշվիլին հացադուլ էր հայտարարել, որը դադարեցրել է Գորիի կլինիկա տեղափոխվելուց հետո։ Հարազատների ու փաստաբանների խոսքով՝ Սաակաշվիլին Վրաստանում պատշաճ բուժում չի ստանում։
Թբիլիսիի քաղաքային դատարանը երկամսյա վերանայումից հետո՝ փետրվարի 6-ին, մերժել է փաստաբանների միջնորդությունը, Սաակաշվիլիի առողջական վիճակը հաշվի առնելով, ազատել նրան կամ հետաձգել պատիժը` արտերկրում բուժում ստանալու հնարավորություն ընձեռելով։
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ
ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝ բացահայտելու ապրիլի 30-ին Երեւան քաղաքի Մյասնիկյան փողոցում կատարված սպանությունը։ 2023 թվականի ապրիլի 30-ին` ուշ երեկոյան, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի դիմաց արնահոսող, անգիտակից վիճակում, գետնին ընկած տղամարդ կա, որը չի շնչում։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում 2023թ. մայիսի 1-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին եւ 335-րդ հոդվածի 1-ին մասերով, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշված շենքի շքամուտքի մոտ հայտնաբերվել է արական սեռի, գլխի շրջանում առերեւույթ հրազենային վնասվածքով տղամարդու դիակ։ Պարզվել է վերջինիս ինքնությունը. նա հանդիսանում է նույն շենքի բնակիչ, ըստ նախնական տվյալների՝ Հոլանդիայի քաղաքացի է։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է երկու հատ պարկուճ, շքամուտքի դռան վրայից առերեւույթ հրազենային զենքից կրակված գնդակի բեկոր, ինչպես նաեւ քննությանը հետաքրքրող այլ առարկաներ: Հարցաքննվել են բազմաթիվ վկաներ։ Դեպքի առթիվ առաջ են քաշվել մի շարք վարկածներ, որոնց շուրջ իրականացվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական, վարութային եւ քննչական գործողություններ։ Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական եւ դատահետքաբանական համալիր փորձաքննություններ։ Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհետաձգելի բոլոր միջոցները՝ դեպքի հանգամանքները, հանցագործություն կատարած անձին կամ անձանց ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ։
ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾԸՆԹԱՑ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ռազմիկ Շահնազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախնական համաձայնության գալով Լեւոն Շիրինյանի, Գարեգին Քամալյանի եւ Նարեկ Քամալյանի հետ, ըստ նախապես կատարված դերերի բաշխման, շահադիտական նպատակով, կեղծ փաստաթղթեր ներկայացնելով, կազմակերպել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Արամ Ղազարյանի, Ժիրայր Պողոսյանի, Զավեն Սարգսյանի, Վաչե Սարգսյանի, Ռազմիկ Մարտիրոսյանի, Արթուր Դեմիրչյանի, Կարեն Կզլյանի, Դավիթ Մանուկյանի, Էմմա Ղուկասյանի եւ Նարեկ Ջուլյանի անօրինական միգրացիան, բացի այդ, նախնական համաձայնության գալով Լեւոն Շիրինյանի եւ Խաչիկ Թորոսյանի հետ, շահադիտական նպատակով, ըստ նախապես կատարված դերերի բաշխման, կեղծ փաստաթղթեր ներկայացնելով, կազմակերպել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Արթուր Բատոյանի, Ռոմիկ Սարգսյանի, Էդգար Խաչատրյանի, Բաղդասար Գորոյանի, Էդվին Ասլանյանի եւ Տիգրանի Գրիգորյանի անօրինական միգրացիան:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ