Armenian text to speach

Բիշքեկում հավաքվել են աշխարհի խոշոր խաղացողները․ ի՞նչ կարևոր հարցեր են օրակարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկօրյա գագաթնաժողովը Բիշքեկում անցկացվում է միջազգային լարվածության և աշխարհաքաղաքական վերադասավորումների պայմաններում։ Գագաթնաժողովին մասնակցում են Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և մի շարք այլ երկրների ղեկավարներ։

Գագաթնաժողովի շրջանակում Բիշքեկում այսօր հանդիպել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նրանց հանդիպումը տեղի է ունեցել ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում։

Մասնակցելու են նաև Պակիստանի, Ուզբեկստանի, Բելառուսի, Ղազախստանի և այլ երկրների ղեկավարներ։ Բիշքեկում սպասվում են  նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ASEAN-ի գլխավոր քարտուղար Կաո Կիմ Հուրնին։

Գագաթնաժողովն անցկացվում է ՇՀԿ-ի ստեղծման 25-ամյակի տարում և «Միասին՝ հանուն կայուն խաղաղության, զարգացման և բարգավաճման» կարգախոսով։ Հանդիպումը տեղի է ունենում Ուկրաինայի պատերազմի, Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունների և համաշխարհային էներգետիկ ու ֆինանսական շուկաների անկայունության պայմաններում։

Գլխավոր թեմաներից մեկը՝ պատերազմներն են

ՇՀԿ-ի օրակարգում լինելու են ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը Իրանի դեմ, ռուս-ուկրաինական պատերազմը, ինչպես նաև Աֆղանստանի տնտեսական և սոցիալական իրավիճակը։

Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդների առանձին հանդիպման ժամանակ նախատեսվում է քննարկել նաև Ուկրաինայի հարցը և Սև ծովում ստեղծված իրավիճակը։ Իրանի նախագահ Փեզեշքիանն էլ հանդիպելու է Պուտինի հետ։

ՇՀԿ-ն նախկինում հանդես է եկել Իրանի դեմ ուժի կիրառման դատապարտմամբ և հակամարտությունների՝ երկխոսության ու միջազգային իրավունքի հիման վրա խաղաղ կարգավորման օգտին։

Հնդկաստան-Չինաստան և Հնդկաստան-Պակիստան հարաբերությունները

Գագաթնաժողովի կարևոր թեմաներից են լինելու նաև Հնդկաստանի և Չինաստանի հարաբերությունները։ Երկու երկրների միջև վերջին տարիներին առկա լարվածությունից հետո սկսվել է հարաբերությունների որոշակի բարելավում, իսկ Մոդիի և Պուտինի միջև նախատեսվում է նաև առանձին երկկողմ հանդիպում։

Քննարկվելու են նաև Հնդկաստանի և Պակիստանի միջև շարունակվող սահմանային լարվածությունը և անվտանգային խնդիրները։

Տնտեսական համագործակցություն և նոր առևտրային ուղիներ

Գագաթնաժողովի առանցքային ուղղություններից է լինելու նաև տնտեսական ինտեգրումը, ֆինանսական համագործակցությունը և նոր տրանսպորտային կապերի զարգացումը։

Քննարկվելու են ՇՀԿ-ի զարգացման բանկի, զարգացման հիմնադրամի և ներդրումային հիմնադրամի առաջխաղացման հարցերը։ Մասնակիցները քննարկելու են նաև նոր առևտրային և տրանսպորտային միջանցքների զարգացումը։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու մոտ 7200 կմ երկարությամբ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին, որը Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքը կապում է Հնդկաստանի Մումբայի հետ՝ Իրանի տարածքով և Պարսից ծոցի նավահանգիստներով։

Պարսից ծոցի և Կարմիր ծովի տարածաշրջանում տրանսպորտային խնդիրների պատճառով քննարկվելու են նաև Արկտիկայով անցնող Հյուսիսային ծովային երթուղու հնարավորությունները։ Հնդկաստանն ու Ռուսաստանը կարող են քննարկել այդ երթուղու օգտագործման հարցը։

ՇՀԿ-ն նախատեսում է նաև ստեղծել «Մետաքսի ճանապարհի կայանների» ցանց՝ Եվրասիայում միջազգային բեռնափոխադրումները հեշտացնելու նպատակով։

Ի՞նչ է ՇՀԿ-ն

ՇՀԿ-ն ձևավորվել է 2001 թվականին՝ որպես անվտանգության և տարածաշրջանային համագործակցության կառույց։ Այն իր ներկայիս ձևով ընդլայնվել է՝ ներառելով Չինաստանին, Ռուսաստանին, Հնդկաստանին, Պակիստանին, Իրանի, Բելառուսի, Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներին և այլ պետությունների։

ՇՀԿ անդամ երկրներին բաժին է ընկնում աշխարհի բնակչության շուրջ 43 տոկոսը, իսկ համաշխարհային տնտեսության՝ մոտ 23 տոկոսը։

Չնայած կազմակերպությունը սկզբում ստեղծվել էր հիմնականում անվտանգության խնդիրների շուրջ համագործակցության համար, այժմ դրա օրակարգը ներառում է նաև առևտուրը, էներգետիկան, տրանսպորտային կապերը և ֆինանսական համագործակցությունը։

Այս համատեքստում գագաթնաժողովը դիտարկվում է որպես փորձ՝ ամրապնդելու Եվրասիայի երկրների համագործակցությունը անվտանգության, առևտրի, էներգետիկայի և տրանսպորտային կապերի ոլորտներում՝ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության և միակողմանի տնտեսական միջոցների ֆոնին։

Հ․Գ․ Լուսանկարը՝ ՇՀԿ անդամ երկրների ղեկավարների հուլիսի 24-ի հավաքից՝ Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում։

Անի Վարդանյան




Լրահոս