Եվրամիությունը նախատեսում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթում ներառել շուրջ 1600 ֆիզիկական և իրավաբանական անձի։ Այս մասին, հղում անելով աղբյուրներին, հայտնել է եվրոպական Politico պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ նոր սահմանափակումների փաթեթը կարող է դառնալ Ռուսաստանի դեմ սահմանված ամենախոշորներից մեկը՝ Ուկրաինայի պատերազմի մեկնարկից ի վեր։ Նոր պատժամիջոցների անհրաժեշտությունը, ըստ Politico-ի, ԵՄ-ում կապում են Ռուսաստանի կողմից ենթադրյալ հիբրիդային գործողությունների ակտիվացման հետ։
Սպասվում է, որ պատժամիջոցների նոր փաթեթը կներկայացվի հոկտեմբերին՝ ԵՄ առաջնորդների հանդիպման ընթացքում։
Նշվում է, որ նոր միջոցների շուրջ քննարկումները ակտիվացել են նաև Գերմանիայում Լայպցիգի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպից հետո։ Գերմանական իշխանությունները դեպքը դիտարկում են որպես հնարավոր հիբրիդային հարձակում՝ չբացառելով օտարերկրյա պետությունների ներգրավվածությունը։
Անի Վարդանյան




























