«Կրակոցները գյուղում պարզ լսելի են, բնակիչներն ահաբեկված են, անորոշության մեջ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է ահազանգեր ստանալ այն մասին, որ Սոթքի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից կրակոցները գյուղում պարզ լսելի են, ինչի հետևանքով բնակիչներն ահաբեկված են, հայտնվել են անորոշության մեջ և սթրեսային վիճակում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ը։ Նշվում է, որ առավոտից ամբողջությամբ դադարեցվել է նաև Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը՝ աշխատողների անվտանգության նկատառումներից ելնելով։ «Ադրբեջանական զինված ուժերի կողմից Սոթքի հարևանությամբ ականանետերի, հրետանային միջոցների կիրառումը խաթարում է խաղաղ բնակչության կյանքի, առողջության ապահովման և այլ հիմնարար իրավունքները։ Խիստ մտահոգիչ է Ադրբեջանի կողմից վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի թիրախավորման առնչությամբ տարածված տեղեկատվությունը այն պայմաններում, երբ մեքենան եղել է համապատասխան տարբերանշանով և կահավորմամբ։ Հարկ է նկատի ունենալ, որ շտապօգնության մեքենան թիրախավորելն արգելված է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով»,- ասված է հայտարարությունում։

Նշվում է, որ Պաշտպանի աշխատակազմը վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի հետ կապված հարցերով անընդհատ կապի մեջ է հոսպիտալների ղեկավար կազմի և բուժաշխատողների հետ։ Զինծառայողների առողջական վիճակի հետ կապված հարցերը շարունակելու են գտնվել Պաշտպանի հատուկ ուշադրության ներքո։

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցները, այդ թվում՝ խոշոր տրամաչափի զենքեր կիրառելը, կրում են նաև խաղաղ բնակչությանն ահաբեկելու, մշտապես սթրեսային և տագնապային վիճակում պահելու նպատակ։ «Այդ գործողությունները կոպտորեն ոտնահարում են միջազգային իրավունքի սկզբունքները, իրական վտանգ են ներկայացնում քաղաքացիական բնաչության կյանքի իրավունքի և անվտանգության, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից»,- նշված է հայտարարությունում։




Լրահոս