ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանում մեկնարկում է «Արմմոնո» 21-րդ հոբելյանական միջազգային թատերական փառատոնը: Այս տարի փառատոնի մասնակից երկրներն են Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Վրաստանը. կցուցադրվի 20 մոնոներկայացում, որից 7-ը՝ միջազգային ծրագրում։ Միջազգային ծրագրում հանդես կգան Անտոն Մոզգալյովը՝ «Դահիճը» (ՌԴ), Յուլիա Կուդրյաշովան՝ «Այն մեկին ո՞վ գիտի» (Ղազախստան), Նազգյուլ Կարաբալինան՝ «Մոնո» (Ղազախստան), Դմիտրի Նիկոլայենկոն՝ «Հեզը» (ՌԴ), Ալեքսեյ Կուլակովը՝ «Լուսնի քաղաքացին» (Բելառուս), Իրինա Մեղվինետուխուցեսին՝ «Ագնեսը. Ուիլլի կինը» (Վրաստան) մոնոներկայացումներով: Տեղական ծրագրում հանդես կգան Վարսենիկ Ավանյանը՝ «Սպասում», Լիլիա Մուկուչյանը՝ «Վարեչկա», Մարիամ Մանոն՝ «ԱպրեԲլ», Արմեն Քուշքյանը՝ «Համլետի երազները» մոնոներկայացումներով:
«Համլետի երազները» մոնոներկայացումը նվիրված է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հիշատակին. այն բեմադրիչի վերջին աշխատանքն է։ Լրագրողների հետ զրույցում «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը նշեց, որ այս տարվա ծրագիրը բավականին հագեցած է: Առանցքում հայ երիտասարդ բեմադրիչներն են, դերասանները, դրամատուրգները:
«Փառատոնի համար դա առանցքային է: Խնդիր է դրված մեր հանդիսատեսի համար ճանաչելի դարձնել մեր դերասաններին, բեմադրիչներին: Մեր երկրի համար դժվար պահերին անհրաժեշտ է, որ հանդիսատեսն ավելի լավ ճանաչի ու գնահատի մեր ստեղծագործողներին»,- ասաց Մարիաննա Մխիթարյանը: Փառատոնի շրջանակներում ներկայացումների ցուցադրությունը չի սահմանափակվելու մայրաքաղաքով: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս Հայաստանի մյուս քաղաքների թատերասերները մասնակցելու հնարավորություն կունենան: Ներկայացումներ ցուցադրվելու են նաեւ Գյումրիում եւ Աբովյանում: Փառատոնի ծրագրում ներառված են բազմատեսակ մոնոներկայացումներ` մոնոօպերա, մոնոդրամա, մոնոդոկ: Մոնոներկայացումները կցուցադրվեն «Արմմոնո-Տրիումֆ», «Արմմոնո-Օպերա», «Արմմոնո-Դեբյուտ» խորագրերի շրջանակում։ «Մենք համագործակցում ենք tatron-drama.am կայքի հետ եւ այդ համագործակցության շրջանակում նախատեսում ենք անցկացնել նաեւ հատուկ նախագիծ՝ թատերական ընթերցումներ՝ «Բաժանություն հայկական ձեւով» խորագրի ներքո, որտեղ կներկայացվեն հայ դրամատուրգների գործեր: Բեմադրիչը Տաթեւ Ղազարյանն է»,- ասաց Մարիաննա Մխիթարյանը:
Համագործակցության նոր հնարավորություն է բացվում Լեհաստանի գործընկերների հետ: Փառատոնի շրջանակում Հայաստանում է «Կեսգիշերային նետը» դեբյուտային մոնոներկայացումների թատերական փառատոնի տնօրեն Մարեկ Կոլովսկին Լեհաստանից:
Նա վարպետության դաս է անցկացնելու տեղի երիտասարդ մասնագետների հետ: «Մեծ ուրախությամբ եմ մասնակցում «Արմմոնո» փառատոնին:
Իմ ցանկությունն է, որ Լեհաստանի դեբյուտային երիտասարդ դերասանները կարողանան իրենց մասնակցությունն ունենալ փառատոնին:
Ամեն ջանք գործադրելու եմ, որ գան այստեղ բեմադրեն լեհական ներկայացումներ: Սա իմ առաջին համագործակցությունն է լինելու «Արմմոնո» փառատոնի հետ»,- ասաց Մարեկ Կոլովսկին:
Փառատոնի օրերին Երեւան կժամանեն միջազգային հեղինակավոր փառատոնների տնօրեններ, փորձագետներ, որոնք կանցկացնեն վարպետության դասեր։ Փառատոնն անցկացվելու է մինչեւ մայիսի 17-ը:
«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»-Ի ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Երեւանի «Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 9-16-ը. այս մասին ArmLur.am-ին հայտնեցին «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի մամուլի գրասենյակից։
Այս տարի եւս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաեւ ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի եւ այլն) կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։ «Ոսկե ծիրան»-ը այս տարի նշում է ստեղծման 20-րդ հոբելյանը։ Բացի այդ, այս տարի նշվում է հայ կինոյի 100-ամյակը, եւ փառատոնն առանձնահատուկ անդրադարձ կունենա այդ երկու հոբելյաններին։ Փառատոնի վերաբերյալ այլ մանրամասներ հանրությանը կներկայացվեն ավելի ուշ։
ՄԵՐԿ ԼՈՒՍԱՆԿԱՐ՝ ԱՄՍԱԳՐԻ ՀԱՄԱՐ
Հայտնի մոդել Վինի Հարլոուն ամբողջովին մերկ լուսանկարվել է Womens’ Health ամսագրի համար՝ լինելով վիտիլիգոյով առաջին աշխարհահռչակ մոդելը: Այն աուտոիմուն հիվանդություն է, որն առաջացնում է պիգմենտացված մաշկի բծեր։ Վիննին ոչ միայն առաջին գծի զինվորն է գեղեցկության համար պայքարում, այլեւ անթիվ կանանց եւ աղջիկների հերոսը, որոնք երբեւէ անհարմար են զգացել իրենց արտաքինից:
Վիննին, ով Instagram-ում ունի ավելի քան 10 միլիոն հետեւորդ, պնդում է, որ ցանկություն չունի լինել օրինակելի (նա նախընտրում է «ներշնչանքը»): Այնուամենայնիվ, նրա իմիջը զարդարող ամսագրի շապիկների եւ գովազդային վահանակների ազդեցությունը, ինչպես նաեւ նրա աշխատանքը անթիվ գովազդային արշավներում, այդ թվում՝ Fendi-ի, Puma-ի եւ M.A.C-ի համար, անհերքելի է:
Մի անգամ մի երկրպագու Վինիի հետ կիսվել է իր մոր մասին պատմությամբ, որն իր ամբողջ կյանքն անցկացրել է վիտիլիգոյի պատճառով ձեռքերը ծածկելով. «Իմ ամբողջ կյանքում մայրս երբեք իրեն գեղեցիկ չի զգացել, հետո ես ցույց տվեցի նրան քո նկարը, իսկ հիմա նա կարճ թեւ է հագնում»: «Հիանալի է, որ ես կարող եմ օգնել մարդկանց վստահություն սերմանել՝ անկախ նրանից, թե որ ոլորտում են նրանք»,- ասել է մոդելը:
«ԴԵՎԻԴ ԲՈՈՒԻԻ ԿԻՆ»
67-ամյա սուպերմոդել Իմանը շարունակում է ապացուցել, որ ժամանակն ու բնությունը իշխանություն չունեն իր վրա։ Նա հայտնվել է Նյու Յորքում The Prince’s Trust Global Gala-ին եւ պուտավոր զգեստով հիանալի տեսք է ունեցել։
Իմանը որոշել է նվազագույնի հասցնել իր դիմահարդարումը։
Անցյալ տարի Իմանը պատմել է իր վշտի՝ ամուսնու՝ Դեւիդ Բոուիի մահվան մասին։
Նա ասել է, որ հրաժարվել է նրան «մահացած» անվանել։ «Նա իմ հանգուցյալ ամուսինը չէ։ Նա իմ ամուսինն է։ Ես ընդհանրապես դեմ չեմ, որ ինձ անվանեն «Դեւիդ Բոուիի կին»։ Բայց ես միշտ հիշեցնում եմ մարդկանց, որ ես եղել եմ նախքան նրան հանդիպելը։ Եվ նա նույնպես շատ յուրահատուկ էր: Նա ինձ երբեք չի ներկայացրել՝ ասելով՝ ծանոթացե՛ք կնոջս հետ։ Նա միշտ ասում էր. «Ծանոթացե՛ք, Իմանն է՝ կինս»։ Մենք միասին էինք, բայց անհատներ էինք», – ավելացրել է նա: