Լուսանկարն արվել է Երեւանում
44-օրյա պատերազմում զոհված հերոս Տիգրան Պողոսյանին եւ բոլոր անմահացած հերոսներին նվիրված նոր հուշակոթող է բացվել Աբովյան 22 ա շենքի բակում: Հուշակոթողի հեղինակն է Կամսար Վարդանյանը, ում որդին նույնպես անմահացել է 44-օրյա պատերազմում։
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ԵՏՄ անդամ պետություններից ԵՏՄ արտադրության ավտոմեքենայի ներմուծման դեպքում վճարման ենթակա ավելացված արժեքի հարկն ինչ ժամկետում պետք է վճարել:
Կարեն Իսահակյան (36 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Կ. Իսահակյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջեւ անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` ներմուծվող ապրանքների համար հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչեւ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք փաստացի ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրը ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ներմուծվող ապրանքների համար հաշվարկված ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի գումարները սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված ժամկետներում չվճարելու դեպքում այդ գումարների նկատմամբ հաշվարկվում են տույժեր՝ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
ՎԱՐԿԵՐ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ որքան ժամանակ է պահպանվում անձի վարկային պատմությունը: Եվ հետաքրքիր է իմանալ՝ բացի վարկառուից, ով կարող է տեղեկանալ անձի վարկային պատմության մասին:
Սիրանույշ Պետրոսյան (43 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի դրույթների՝ «վարկային բյուրոյի կողմից տրամադրվող վարկային զեկույցներում չպետք է ներառվի վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն»:
Վարկառուի կողմից տրված գրավոր համաձայնության դեպքում վարկառուի վարկային պատմության մասին կարող են տեղեկանալ վարկառուի մասով դրամական պահանջներ, օրինակ՝ տրամադրված վարկերի մասով դեբիտորական պարտավորություններ ունեցող սուբյեկտները կամ վարկառուի գործատուն աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելիս:
Առանց վարկառուի համաձայնության վարկային բյուրոն կարող է օրենքով նախատեսված դեպքերում տեղեկատվություն տրամադրել Կենտրոնական բանկին, ինչպես նաեւ դատարանին` դատական որոշման հիման վրա:
«ԱՔՌԱ» վարկային բյուրո
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի դրույթների՝ «վարկային բյուրոյի կողմից տրամադրվող վարկային զեկույցներում չպետք է ներառվի վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն»: