Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ մայիսի 9-ի՝ Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ սոցիալական որոշ խմբերի անձանց հատկացվող միանվագ դրամական օգնության տրամադրումը սկսված է:
Արցախի սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարությունից հայտնում են, որ դրամական օգնության իրավունք ունի Արցախի Հանրապետությունում հաշվառված՝
– Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ Արցախի Հանրապետության պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմիններում (այսուհետ՝ համապատասխան մարմին) զինվորական կամ փրկարարական ծառայության (այսուհետ՝ զինծառայություն) ընթացքում ստացած վնասվածքի կամ խեղման, կամ դրանց հետեւանքով ստացած հիվանդության արդյունքում հաշմանդամ ճանաչված անձը՝ անկախ հաշմանդամության եւ պատճառական կապի սահմանման ժամկետից (այսուհետ՝ հաշմանդամ զինծառայող).
– Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ համապատասխան մարմնում զինծառայության ընթացքում զոհված (մահացած) կամ անհայտ կորած, կամ դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված, կամ զինծառայությունից սահմանված կարգով արձակված եւ, անկախ ժամանակաշրջանից, զինծառայության ընթացքում ստացած վնասվածքի կամ խեղման կամ դրանց հետեւանքով ստացած հիվանդության պատճառով մահացած անձի ընտանիքի անդամը (այսուհետ՝ զոհված զինծառայողի ընտանիքի անդամ).
– Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանին եւ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում գումարված Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի եւ Շահումյանի շրջանային խորհրդի միացյալ նիստին մասնակցած պատգամավորը (այսուհետ՝ պատգամավոր).
– Հայրենական մեծ պատերազմում մարտական գործողություններին մասնակցելու հետեւանքով հաշմանդամ դարձած անձը, ինչպես նաեւ Հայրենական մեծ պատերազմի մարտական գործողությունների այն մասնակիցը, ով հաշմանդամ է դարձել հետագայում (այսուհետ՝ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամ).
– ԽՍՀՄ զինված ուժերի, պետական անվտանգության կոմիտեի եւ ներքին գործերի նախարարության համակարգերի (այսուհետ՝ ԽՍՀՄ զինված ուժեր) կազմում այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետեւանքով հաշմանդամ դարձած անձը, ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձը, ինչպես նաեւ Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետեւանքների վերացման աշխատանքներին մասնակցելու հետեւանքով հաշմանդամ դարձած անձը (այսուհետ՝ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին հավասարեցված անձ).
– Հայրենական մեծ պատերազմի մարտական գործողությունների մասնակիցը (այսուհետ՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակից).
ԽՍՀՄ զինված ուժերի կազմում այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցը (այսուհետ՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին հավասարեցված անձ).
– ԽՍՀՄ զինված ուժերի կազմում այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ կամ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամը (այսուհետ՝ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամ).
– Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում զինծառայություն անցած կամ աշխատած այն անձը, ով պարգեւատրվել է «Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ հաղթանակի համար 1941-1945 թթ.» կամ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի համար» ԽՍՀՄ մեդալով (այսուհետ՝ ԽՍՀՄ մեդալակիր):
Դրամական օգնության վճարումներն իրականացվում են Ստեփանակերտ քաղաքում եւ շրջաններում գործող «Արցախփոստ» ՓԲԸ բաժանմունքների կողմից՝ ըստ քաղաքացիների հաշվառման (բնակության) վայրի:
Սոցիալական խմբերին պատկանող տեղահանված քաղաքացիների վճարումներն իրականացվում են «Արցախբանկ»-ի մասնաճյուղերի միջոցով։
Դրամական օգնությունը ստանալու համար անհրաժեշտ է ներկայանալ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՕՐԵՆՔՈՒՄ
Ի պատասխան www.armlur.am լրատվական կայքում հրապարակված «ՔՊ-ն՝ հերթական սկանդալի մեջ» հոդվածի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտնում է.
2022 թվականին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրականացրել է պարտադիր աուդիտի ենթակա եւ պետական ֆինանսավորում ստացող 5 կուսակցությունների, ինչպես նաեւ պարտադիր աուդիտի ենթակա եւ պետական ֆինանսավորում չստացող 6 կուսակցությունների 2021 թվականի տարեկան հաշվետվությունների ստուգում:
Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտի ընթացքում աուդիտորական կազմակերպությունների, ինչպես նաեւ կուսակցությունների կողմից բարձրացվել են մի շարք օրենսդրական խնդիրներ, որոնք առավել ակներեւ են դարձել կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման փուլում եւ դրանով պայմանավորված՝ Հանձնաժողովը հանդես է եկել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու առաջարկով:
Ներկայացված նախագիծն ընդունվել է ԱԺ-ի կողմից, եւ կուսակցությունների պետական նպատակային ֆինանսավորումը 2022 թվականի համար տրամադրվել է ամբողջությամբ՝ առանց օրենքով սահմանված պահանջների ապահովման:
Կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության գործառույթի ընթացքում Հանձնաժողովը հավաքագրել եւ արդեն 2023 թվականի 1-ին եռամսյակում կազմակերպել է հանրային լայն քննարկումներ՝ ներկայացնելով օրենքի կիրառման արդյունքում վերհանված խնդիրները, ինչպիսի քննարկումներին մասնակցել են շահագրգիռ բոլոր կողմերը:
Արդեն 2023 թվականի փետրվար ամսին Հանձնաժողովը մշակել է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացվել է արդարադատության նախարարություն՝ օրենքով սահմանված կարգով շրջանառելու:
ՋՐԱՌ՝ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ
Կառավարությունն իր մայիսի 11-ի նիստում ոռոգման նպատակով 2023 թվականին Սեւանա լճից ջրառի մասին որոշում կայացրեց:
Որոշման ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրառաջարկի դեֆիցիտը մասնակի մեղմելու անհրաժեշտությամբ:
Ջրօգտագործողների կողմից ներկայացված ջրապահանջի համաձայն՝ պայմանագրային ոռոգվելիք հողատարածությունների մակերեսը կազմել է շուրջ 31.3 հազար հա, իսկ ոռոգման ջրի պահանջարկը համակարգերի գլխամասերում եւ Հրազդան գետի հունի լվացման նպատակով՝ գետի հունով բաց թողնվող ջրի ծավալը կկազմի շուրջ 521 մլն մ3:
Նշված ծավալի ջրի պահանջարկը նախատեսվում է ապահովել Հրազդան գետից շուրջ 172մլն մ3, Ազատի ջրամբարից շուրջ 45 մլն մ3, Ապարանի ջրամբարից շուրջ 5 մլն մ3 ջրաքանակներով:
Միաժամանակ նախատեսվում է Մխչյանի եւ Ռանչպար-Արեւշատ պոմպակայանների առավելագույն հզորությամբ գործարկմամբ ապահովել շուրջ 31 մլն մ3 ջրարտադրություն (ընդամենը՝ 253մլն մ3):
Պահանջարկի եւ վերը նշված ջրային օբյեկտներից հնարավոր ջրառի՝ ջրառաջարկի տարբերությունը կազմում է շուրջ 268 մլն մ3:
Կառավարության սույն որոշման նախագծով նախատեսվել է լճից ոռոգման նպատակով մինչեւ 170 մլն մ3 ծավալով բացթողում:
Այսպիսով՝ ոռոգման հաշվարկված ջրապահանջի (շուրջ 521 մլն մ3) եւ հնարավոր ջրառաջարկի (253+170=423 մլն մ3) տարբերությունը (դեֆիցիտ) կազմում է շուրջ 98 մլն մ3, որտեղ հաշվի չեն առնվել ամառային ամիսների եղանակային պայմանների հնարավոր փոփոխությունները (լիազոր մարմնի կողմից ներկայացվել է ճշգրտված կանխատեսումը):