Ավարտվել է Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի եւ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետի կողմից առերեւույթ չարաշահումներ կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը:
Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարից դատախազությունում ստացված հաղորդման եւ փաստաթղթերի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված մի քանի քրեական վարույթի միացմամբ իրականցված նախաքննությամբ պարզվել է, որ վարչական շրջանի նախկին ղեկավար Ա.Ու.-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, նախնական համաձայնության գալով տարատեսակ միջոցառումներ կազմակերպելու իրավասությամբ օժտված ՍՊ ընկերության տնօրենի եւ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետի հետ, որոշել են 2016թ. ապրիլի 7-ին «Մայրության եւ գեղեցկության» տոնին նվիրված միջոցառում կազմակերպելու պատրվակով յուրացնել այդ միջոցառման կազմակերպման եւ անցկացման համար նախատեսված գումարը:
Այդ նպատակով ՍՊ ընկերության տնօրենի եւ վարչական շրջանի ղեկավար միջեւ կազմվել է հանձնման-ընդունման վերաբերյալ կեղծ արձանագրություն, իսկ ֆինանսական բաժնի պետի հետ՝ կեղծ ակտ, ըստ որի՝ 2016թ. ապրիլի 7-ին Երեւան քաղաքի Թեւոսյան փողոցում գործող ռեստորանում, իբրեւ թե, կազմակերպվել եւ անցկացվել է վերոնշյալ միջոցառումը, ինչն իրականում տեղի չի ունեցել։ Այդ նպատակով ընկերության հաշվեհամարին փոխանցվել է միջոցառման կազմակերպման եւ անցկացման համար նախատեսված 1.500.000 ՀՀ դրամ գումարը, որը կանխիկացվել է ընկերության տնօրենի կողմից:
Այնուհետեւ վերջինս, կատարելով հարկային պարտավորությունները, մնացած 1.250.000 ՀՀ դրամը ֆինանսական բաժնի պետի աշխատասենյակում առձեռն տվել է նրան: Արդյունքում վարչական շրջանի ղեկավարը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, բաժնի պետի հետ նախնական համաձայնությամբ յուրացրել է խոշոր չափի՝ 1.250.000 ՀՀ դրամ գումարը՝ Երեւան համայնքին պատճառելով գույքային վնաս:
Բացի այդ, վարչական շրջանի նախկին ղեկավարը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, Երեւան քաղաքի Գայի պողոտայի 19 հասցեում գտնվող Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի շինության մեջ տեղակայված, արդեն իսկ վարձակալությամբ տրամադրված տարածքներում ծավալած հետագա գործունեությունը շարունակելու նպատակով, վարչական շրջանի ֆինանսական բաժնի պետի հետ նախնական համաձայնությամբ, պայմանագրով նախատեսված՝ տարածքների յուրաքանչյուր ամսվա համար նախատեսված վարձավճարից բացի, այդ տարածքներում գործունեություն ծավալած ՍՊ երկու ընկերություններից ապօրինի պահանջել են «Նոր Նորք» զարգացման հիմնադրամից, 2016թ. սկսած, յուրաքանչյուր ամսվա համար վճարել 20.000 ՀՀ դրամ գումար, իսկ ԱՁ-ից՝ 15.000 ՀՀ դրամ գումար՝ չվճարելու դեպքում սպառնալով դադարեցնել վարձակալության պայմանագրերը:
Քննության տվյալներով՝ 2016թ. մինչ 2018թ. ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում ՍՊ ընկերությունները հիմնադրամին են փոխանցել 530 000-ական դրամ, իսկ ԱՁ-ն՝ 420.000 ՀՀ դրամ, ինչի արդյունքում կազմակերպությունների օրինական շահերին պատճառվել է ընդհանուր 1.480.000 ՀՀ դրամի չափով էական գույքային վնաս:
Քննությամբ պարզվել է նաեւ, որ նշված վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, աշխատակազմի համար ձեռք բերված գրենական պիտույքների բաշխման ցուցակներում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու եղանակով ուռճացրել է աշխատակազմի տարբեր բաժիններին տրամադրված «A4» ձեւաչափի թղթերի քանակը: Մասնավորապես՝ պահանջագրերում ներառված խմբաքանակի փոխարեն տրամադրել է զգալի քիչ քանակությամբ թուղթ, իսկ բաժիններին չտրամադրված ընդհանուր խոշոր չափ կազմող՝ 1.443.250 ՀՀ դրամ արժեքի 1255 տուփ «A4» ձեւաչափի թուղթը յուրացրել է՝ պատճառելով էական գույքային վնաս:
Նախաքննության ընթացքում վերջիններիս մասով վարույթն անջատվել է առանձին վարույթում եւ հայտարարվել նախաքննության ավարտի մասին:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ վարչական շրջանի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով յուրացում կատարելը), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) եւ 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը):
Աշխատակազմի ֆինանսական բաժնի պետին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) եւ 309-րդ հոդվածի 1-ին մասով։
Որպես խափանման միջոց՝ նրանց նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելքը:
Նախաքննության ընթացքում վարչական շրջանի նախկին ղեկավարը, իրեն մեղսագրված վերոնշյալ հանցավոր արարքներով, համայնքին պատճառված վնասը վերականգնել է։
Նշված դրվագներով անջատված մասով քրեական վարույթը՝ մեղարդական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու եւ վարույթը դատարան ուղարկելու միջնորդությամբ։
Վարչական շրջանի նախկին ղեկավարի առերեւույթ մասնակցությամբ հանցավոր այլ դրսեւորումների մասով նախաքննությունը դեռեւս շարունակվում է։
ՆԱԽԱՁԵՌՆՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ
2023 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, իրենց ծառայողական պարտքը կատարող ՀՀ ԶՈՒ զինծառայողներին կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ հրաձգային զենքերից կրակոցներ են արձակել ՀՀ սահմանագծի արեւելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ։ Դրա հետեւանքով վիրավորում է ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայողը, որը ստացված վնասվածքից հետագայում մահացել է:
Ադրբեջանական զինված ուժերը նաեւ թիրախային կրակահերթեր են արձակել վիրավոր զինծառայողին բուժօգնություն ցուցաբերելու նպատակով նույն մարտական դիրք մեկնած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետեւանքով դաստակի շրջանում վնասվածք է ստացել նույն զորամասի բուժակը: Նրա վիճակը գնահատվում է բավարար:
Դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 15-րդ կետերով, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ եւ 15-րդ կետերով եւ 264-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով:
Կատարվում են անհետաձգելի եւ անհրաժեշտ ապացուցողական եւ վարութային գործողություններ կատարվածի հանգամանքները պարզելու, Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների հանցավոր գործողություններին լիարժեք իրավական գնահատականներ տալու նպատակով։
ԱՎԻԱՀԱՐՎԱԾՆԵՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Ռուսական ուժերը գիշերը գնդակոծել են Կիեւը, Օդեսան եւ Ուկրաինայի մի շարք այլ քաղաքներ: Հարվածների հետեւանքով Օդեսայում 1 մարդ է զոհվել, 2-ը՝ վիրավորվել: Նրանք այն արդյունաբերական հաստատության աշխատակիցներն են, որտեղ ընկել է հրթիռը. այս մասին տեղեկանում ենք France 24 պարբերականից:
Հաղորդվում է, որ օդային տագնապի ազդանշաններ են հնչել Ուկրաինայի ամբողջ տարածքում առավոտյան ժամը 4:44-ից:
Կիեւում բեկորների ընկնելու պատճառով հրդեհներ են բռնկվել ոչ բնակելի շենքերում: Տուժածներ չկան: Ըստ քաղաքի վարչակազմի՝ բոլոր հրթիռները խոցվել են ՀՕՊ համակարգերի կողմից:
Իր հերթին BBC-ն հաղորդում է, որ Կիեւն այս ամիս արդեն իններորդ անգամ է ավիահարվածների ենթարկվում:
Ռուսական կողմից էլ հայտնել են, որ Ուկրաինայի զինված ուժերը պայթուցիկ սարք են նետել Կուրսկի մարզի Գլուշկովո բնակավայրում գտնվող առողջարանային համալիրի վրա: Ըստ մարզի ղեկավար Ռոման Ստարովոյտովի՝ 2 մարդ տուժել է: Դոնեցկի գնդակոծության հետեւանքով էլ տուժել է 1 կին:
ՁԸհհ գործակալությունն էլ հաղորդում է, որ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Օկտյաբրսկի Ռուդնիկ բնակավայրի գնդակոծության հետեւանքով վնասվել է հիվանդանոցը եւ մի քանի շենք:
Իսկ մայիսի 17-ին, ըստ Ուկրաինայի իշխանությունների, Խերսոնի մարզի գյուղերից մեկի մոտ տեղի ունեցած գնդակոծության հետեւանքով առնվազն 8 մարդ է զոհվել, այդ թվում՝ 1 երեխա: Եվս 17 մարդ վիրավորվել է: Կողմերը միմյանց մեղադրել են քաղաքացիական հատվածներին հարվածներ հասցնելու համար:
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում, ըստ ԹպրՑՌ պարբերականի, մայիսի 17-ին ուկրաինական կողմի գնդակոծության հետեւանքով 5 մարդ է զոհվել, ավելի քան 20 մարդ՝ վիրավորվել:
ՀՐԴԵՀ՝ «1 ԲԻՍ» ԱՍՏԻՃԱՆԻ
Մայիսի 18-ին՝ ժամը 13:55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Վաղարշյան փողոցի թիվ 24/1 շենքի 14-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան. դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից եւս երկու մարտական հաշվարկ: