Հունիսի 18-ին, ժամը 15։51-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 41-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Մ․, ծնված 2000 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի երկաթե արգելապատնեշին և հայտնվել ձորակում (մոտ 4 մ)՝ կողաշրջված:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Ա․ Ք․-ն (ծնված 2003 թ․) և Ն․ Ռ․-ն (ծնված 1999 թ․) հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: