ՎԱՐՉԱՊԵՏԻ ՍԱՆԻԿԸ «ՏԺԺՈՒՄ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տիգրան Սարգսյանն այն եզակի վարչապետներից է, ով կառավարություն գալով` միանգամից պաշտոններ տվեց իր յուրայիններին, բարեկամներին, սանիկներին, Կենտրոնական բանկի իր նախկին ենթականերին: Եւ, ինչպես տեղի ունեցավ Վազգեն Մանուկյանի վարչապետության շրջանում, հենց յուրայինները դարձան բոլոր ձախողումների հեղինակը: Տիգրան Սարգսյանի «կադրային նվաճումներից» մեկն էլ Դավիթ Սարգսյանն է` իր սանիկը, ում վարչապետը նշանակեց կառավարության աշխատակազմի ղեկավար ու հնարավորություն տվեց օր առ օր բարգավաճելու:
Այս երիտասարդն էլ այն երջանիկներից է, ով առանց դժվարությունների միանգամից տեղ է գրավել իշխանական բուրգում եւ սկսել իր ազատ ու երջանիկ կյանքը` ամեն մի օրը դարձնելով իր համար նորանոր  ձեռքբերումների միջոց: 1977-ին Երեւանում ծնված Դավիթ Սարգսյանն 1999-ին ավարտել է Երեւանի տնտեսագիտական ինստիտուտն ու անմիջապես դիմել ասպիրանտուրա` հավանաբար բանակ չգնալու համար: Տակավին ուսանող` 1997-1998 թվականներին աշխատել է որպես ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության պետական պարտքի կառավարման վարչության առաջատար մասնագետ: Դարձյալ ուսանողի կարգավիճակով 1998-1999 թվականներին էլ աշխատել է որպես ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության արտաքին պետական պարտքի վարչության գլխավոր մասնագետ: Դեռ ասպիրանտուրան չավարտած` 24 տարեկան հասակում, նշանակվել է Սեւծովյան առեւտրի ու զարգացման բանկի տնօրենների խորհրդի տնօրենի տեղակալ: Այսպես, իհարկե, միայն հեքիաթներում է լինում, սակայն այս երիտասարդի համար հեքիաթն արդեն իրականություն էր, որովհետեւ ամենուրեք նրա թիկունքին կանգնած էր Տիգրան Սարգսյանը: Երկու տարի այս պաշտոնում աշխատելուց հետո Դավիթ Սարգսյանը հայտնվեց հարազատ տնտեսագիտական ինստիտուտում շարքային դասախոսի պարտականություններով: Արդեն բարձր պաշտոններ տեսած երիտասարդը թե ինչպես էր համաձայնել գնալ ինստիտուտ ու զբաղվել դասախոսական չարքաշ աշխատանքով, չգիտենք, սակայն նրա կենսագրությունից տեղեկանում ենք, որ դասախոսի աշխատանքը պարզապես պարապ «վախտի» զբաղմունք էր, քանի որ շատ շուտով համատեղելով մանկավարժական գործունեությունը` Դավիթ Սարգսյանը նշանակվում է Անդրկովկասի, Կենտրոնական Ասիայի ու Ռուսաստանի Դաշնության բանկային վերահսկողների տարածաշրջանային խմբի քարտուղար: Ուշագրավն այն է, որ այս երիտասարդն արդեն հիշատակված պաշտոնն էլ համատեղում էր ՀՀ Կենտրոնական բանկի բանկային մեթոդաբանության ու վերլուծությունների վարչության բանկային մեթոդաբանության ու կարգավորման բաժնի պետի, հետո արդեն ՀՀ Կենտրոնական բանկի բանկային մեթոդաբանության ու վերլուծությունների վարչության պետի պաշտոնների հետ: Իսկ դրանից հետո էլ նշանակվում է ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչության պետ:
Ինչպե՞ս կարող էր ընդամենը 25 տարեկան երիտասարդը, առանց աշխատանքային փորձի, նշանակվել բաժնի պետ, հետո դառնալ վարչության պետ… Միայն Կենտրոնական բանկի այն ժամանակվա նախագահը կարող է պատասխանել, թե ինչպես էր նման նշանակումներ անում` իր գլխավորած կառույցում զարկ տալով հովանավորչությանն ու դիլետանտիզմին: Երկրի իշխանություններն էլ անտարբեր էին այն ամենին, ինչ կատարվում էր Կենտրոնական բանկում:
Եւ այսպես, գալով կառավարություն` Տիգրան Սարգսյանն իր հետ բերեց սանիկին ու նշանակեց աշխատակազմի ղեկավար: Ուշագրավն այն է, որ այս պաշտոնի համար մրցույթ չհայտարարվեց, հնարավորություն չտրվեց քաղաքացիական ծառայողի դասային աստիճան ստացածներին մասնակցելու մրցույթի: Այստեղ էլ խախտելով գործող օրենքները` վարչապետն արեց իր սրտի ուզածը: Դավիթ Սարգսյանը կառավարությունում ոչ թե զբաղվում է իր անմիջական պարտականությունների կատարմամբ, այլ մտահոգված է սեփական տների ու բնակարանների կառուցմամբ եւ ձեռքբերմամբ: Եւ այսօր նա արդեն Երեւանում ու մարզերում մի քանի տուն ունի: Այդ ամենին զուգահեռ` աշխատում է ի վնաս Հայաստանի` աջակցելով տարբեր բիզնեսմենների:
Որպես ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար` իր գործունեության տարիների ընթացքում Սարգսյանը «Հրազդան» մարզադաշտի էլիտար շենքում բավականին մեծ քառակուսի մետրով բնակարան է ձեռք բերել: Երեւանի «սեփական տների թաղամասում» եւս Դավիթ Սարգսյանն առանձնատուն է կառուցել: Իսկ հիմա էլ Դիլիջանում է ամառանոց կառուցում:
Պետք է նկատել, որ վարչապետն ուր գնում է` իր աշխատակազմի ղեկավարին տանում է իր հետ: Այսպես. որոշ ժամանակ առաջ նրան իր հետ Չինաստան տարավ` հայ մշակույթի օրերին մասնակցելու: «Պարզվում է` հաճելին հաճելիի հետ համակցելու խնդիր է ընդամենը լուծել, որ կարողանա ղրդաբով աշխատանքային այցեր իրականացնի` «երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր» լուծելու գերագույն նպատակով: Շաբաթ օրն արդեն լուր տարածեցին, որ Տիգրան Սարգսյանի «գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են իր աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը, կառավարության եւ նախարարությունների աշխատակազմերի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք», որոնց ցուցակը, բնականաբար, չէին հրապարակի, քանի որ կարող էր հարց առաջանալ, թե ում հաշվին են քոչը չորս օրով տանում Չինաստան, ու իրենք էլ ստիպված պիտի լինեն պատասխանել, որ բյուջեի, իմա` հարկատուի հաշվին»-գրել է մամուլը:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս